Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Քիշնև
Տարածքը՝ 
33,7 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
4,4 մլն
Պետական լեզուն՝  
մոլդավերեն
Դրամական միավորը՝ 
լեյ
Քիշնևի 
քաղաքապետարանը
Մոլդովական բնապատկեր
Քիշնևի Սուրբ Աստվածածին  հայկական եկեղեցին
Մոլդովայի Հանրապետություն
Մոլդովան պետություն է Արևելաեվրոպական հարթավայրի հարավ-արևմուտքում, որտեղ հարթավայրն ընդհուպ մոտենում է Սև ծովին: Երկրի տարածքը հիմնականում դաշտավայրային է, սակայն զառիթափ բլուրները, հեղեղատներն ու գետերի խորը հովիտներն այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես գտնվում ես լեռնոտ տարածքում: Դա հատկապես բնորոշ է Կենտրոնամոլդովական բարձրավանդակին կամ Կոդրերին (թարգմանաբար՝ հին խիտ անտառ): Եվ իրոք, ժամանակին այդ բարձրավանդակը գրեթե ամբողջությամբ անտառածածկ էր:
Երկրի ընդերքը հարուստ է կրաքարի (տեղական հիմնական շինանյութն է), ցեմենտի հումքի, քվարցային ու շինարարական ավազի, գիպսի ու կավի պաշարներով:
Բայց այդ երկրամասի գլխավոր հարստությունը բարեբեր մեղմ կլիման ու արգավանդ սևահողերն են (կազմում են տարածքի 80 %-ը): Այստեղ շատ են արևոտ օրերը: Ձմեռն ուշ է սկսվում, իսկ սառնամանիքները հազվադեպ են:
Երկրի խոշոր գետը Կարպատներից սկիզբ առնող Դնեստրն է, որին բնորոշ են գարնանային, հաճախ՝ նաև ամառային հորդացումները: Մոլդովայի տարածքում այն ավելի քան 600 կմ նավարկելի է: Դնեստրի վրա, Դուբոսարի քաղաքի մոտ, կառուցվել են ջրէկ և երկրի ամենամեծ ջրամբարը: Գետի ափերը գեղատեսիլ են ու խիտ բնակեցված, նրա երկայնքով միմյանց հաջորդում են պտղատու և խաղողի այգիների մեջ թաղված մեծ ու փոքր քաղաքներն ու գյուղերը:
Մեծությամբ երկրորդ գետը Պրուտն է՝ Դանուբի վտակը, որի ջրերը հիմնականում օգտագործվում են ոռոգման համար:
Մոլդովան բնակեցված է հնուց ի վեր: Այդ են վկայում քարանձավային կացարաններն ու մ.թ.ա. III–II հազարամյակներին վերաբերող տիրասպոլյան մշակույթի հուշարձանները: I դարի կեսերին այս հողերը նվաճել են հռոմեացիները, իսկ Հռոմեական կայսրության անկումից հետո` V–VI դարերում, այստեղ հայտնվել են սլավոնական ցեղեր: Սլավոնների և ռոմանացած տեղաբնիկների ձուլումից   են առաջացել մոլդովացիների նախնիներ վոլոխների ցեղերը:
XIV դարում ստեղծված Մոլդովական իշխանապետությունը XVI դարում ընկավ Օսմանյան կայսրության տիրապետության տակ: XVIII դարից սկսած` մոլդովական հողերն աստիճանաբար անցան դեպի Բալկանյան թերակղզի առաջացող Ռուսական կայսրությանը, և XIX դարի սկզբին կազմավորվեց Բեսարաբիա ծայրագավառը: Այստեղ բնակչության թիվն սկսեց աճել, կառուցվեցին քաղաքներ, զարգացան արհեստներն ու առևտուրը:
1918 թ-ին Մոլդովայում հաստատվեց խորհրդային իշխանություն: Սակայն Ռումինիան գրավեց Բեսարաբիան, իսկ 1940 թ-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում, այդ տարածքը գրավեցին խորհրդային զորքերը, և այնտեղ ստեղծվեց նախ՝ ինքնավար, ապա՝ միութենական հանրապետություն: 1991 թ-ից, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Մոլդովան անկախ պետություն է: 
Մոլդովան բազմազգ երկիր է. բնակվում են մոլդովացիներ (65 %), ուկրաինացիներ (15 %), ռուսներ (10 %), գագաուզներ, բուլղարներ, հայեր և այլք:
Խոշոր քաղաքներն են Քիշնևը, Բելցին, Տիրասպոլը, Բենդերին:
Մոլդովայի տարածքում պահպանվել են միջնադարյան ամրոցներ, վանքային համալիրներ, եկեղեցիներ: Հատկապես առանձնանում է Տրիպոլյան մշակույթի (մ.թ.ա. IV-III հազարամյակներ) խեցեգործությունը: Մ.թ. VI դարից հայտնի են սլավոնական ցեղերի մշակույթի հուշարձաններ, XIII-XIV դարերում դեկորատիվ-կիրառական արվեստում նկատելի է Բյուզանդիայի  և մահմեդական Արևելքի արվեստների ազդեցությունը: 
Մոլդովայում հայտնի են մշակույթի գործիչ Դմիտրի Կանտեմիրը, գրողներ Միխայ Էմինեսկուն, Իոն Դրուցեն, երգչուհի Մարիա Բիեշուն, կինոռեժիսոր Էմիլ Լոտյանուն, կոմպոզիտոր Եվգենի Դոգան և ուրիշներ:
Երկրի զարգացած գյուղատնտեսությունը կանխորոշել է նրա արդյունաբերության հիմնական ուղղվածությունը. առաջատար է սննդարդյունաբերությունը, որն ընդգրկում է գինեգործական, շաքարի, ծխախոտի, պահածոների, ալրաղաց, մսի ու կաթնեղենի արտադրության և այլ ճյուղեր: Դրանց շարքում ամենահինը, իհարկե, գինեգործությունն է, որի արտադրանքը հայտնի է շատ երկրներում: Զարգացած են նաև մեքենաշինությունն ու էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը:
Մոլդովան կոչում են «այգի հանրապետություն»: Այգեգործությունը և խաղողագործությունը երկրագործության մյուս ճյուղերի հետ միասին տալիս են Մոլդովայի գյուղատնտեսության համախառն արտադրանքի 70 %-ը:
Մոլդովայի ընդարձակ հարթավայրերում ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի, շաքարի ճակնդեղի դաշտերին հաջորդում են բանջարանոցները. մշակում են լոլիկ, ձմերուկ, սեխ, սմբուկ, վարունգ և այլն:
Կոդրերի լանջին՝ Դնեստրի վտակ Բիկի հովտում է գտնվում մայրաքաղաք Քիշնևը, որը կանաչապատ, ուղիղ փողոցներով ու սպիտակ բազմահարկ շենքերով գեղեցիկ քաղաք է: Այստեղ են գտնվում Մոլդովայի բուհերի մեծ մասը, գիտությունների ակադեմիան, թատրոններ ու թանգարաններ:
Մոլդովայի տարածքում է Գագաուզիայի ինքնավար տարածքային կազմավորումը: 2005թ-ին Մոլդովայի խորհրդարանն ընդունեց օրենք Մերձդնեստրովիեի իրավական կարգավիճակի վերաբերյալ, ըստ որի՝ Մերձդնեստրովիեն ինքնավար տարածաշրջան է Մոլդովայի կազմում: Սակայն Մերձդնեստրովիեի ժողովուրդն ու իշխանությունները հրաժարվեցին ինքնակառավարումից՝ հօգուտ անկախության, և ցայսօր այդ խնդիրը մնում է չլուծված:
Մի ժամանակ Մոլդովան անվանում էին «բոլոր դժբախտությունների ճանապարհին ընկած երկիր», և տխուր էին հնչում մոլդովական ժողովրդի երգերը՝ դոյնաները, բայց ներկայումս պատկերը բոլորովին այլ է: 

Հայերը Մոլդովայում
Մոլդովայի տարածքում հայերը հաստատվել են դեռևս միջնադարում: Նրանք այստեղ են գաղթել Ղրիմից: 1401թ-ին Սուչավայում հիմնվել է հայկական եպիսկոպոսություն: Հայերը բնակվել են Սորոկի, Բենդերի, Քիշնև, Կաուշանի քաղաքներում, ավելի ուշ՝ 1792 թ-ին, նրանք հիմնել են Գրիգորիուպոլիսը: Մոլդովայի հայ գաղութն օգտվել է արտոնություններից. ունևոր դասին իրավունք է տրվել զբաղեցնելու պետական պաշտոններ, կրելու ազնվականական տիտղոսներ: Մոլդովայում հայտնի հայ գործիչներ են եղել Մանուկ բեյ Միրզայանը. նա է հիմնել Հնչեշտ (հետագայում՝ Կոտովսկ) քաղաքը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ապա՝ Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ, հետագայում` Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին, մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայր, հայտնի հոգևորական Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյանը,  բանաստեղծ, մանկավարժ Հարություն Ալամդարյանը և շատ ուրիշներ: 
Հայ համայնքը վերածնունդ է ապրում 1990-ական թվականների սկզբից: Ներկայումս Մոլդովայում բնակվում է մոտ 8 հզ. հայ, ովքեր ակտիվ մասնակցություն ունեն հանրապետության տնտեսական ու մշակութային կյանքին: Քիշնևում գործում են հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին, կիրակնօրյա դպրոց, հայ մշակույթի «Անի» կենտրոնը, որի նպատակը հայկական ավանդույթների և տարածքի հայկական ճարտարապետական հուշարձանների պահպանությունն է: