Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մոմանյութերը կամ մոմերը բնական և սինթետիկ ճարպանման նյութեր են: Բնական մոմանյութերն ամորֆ են, դյուրաբեկ, տաքացնելիս հեշտությամբ փափկում են, հալվում են 40–100օC ջերմաստիճաններում: Չեն լուծվում ջրում, լուծվում են բենզինում և այլ օրգանական լուծիչներում: Քիմիական և ֆիզիկական հատկություններով նման են ճարպերին: Բնական մոմանյութերի հիմնական բաղադրամասերը բարձրագույն ճարպաթթուների և բարձրագույն սպիրտների միացություններ են՝ էսթերներ: Բնական մոմանյութերն ունեն կենդանական, բուսական և հանքային ծագում:
Կենդանական մոմանյութեր են մեղրամոմը, լանոլինը, սպերմացետը:
Մեղրամոմն ստացվում է մեղուների (հիմնականում` 12–18 օրական) և որոշ միջատների մոմագեղձերից: Պարունակում է մեծ քանակությամբ A վիտամին: Մեղուները մեղրամոմից պատրաստում են մեղրահաց: Մաքուր մեղրամոմից ստանում են արհեստական մոմաթերթ, իսկ համեմատաբար ոչ մաքուրն օգտագործում են տեխնիկայում: Մեղրամոմը բժշկական և կոսմետիկական շատ քսուքների բաղադրամաս է:
Լանոլինն ստանում են ոչխարի բրդից: Գորշ դեղնավուն մածուցիկ յուղ է: Պարունակում է մեծ քանակությամբ խոլեստերին: Լավ ներծծվում է մաշկի մեջ և ունի փափկացնող հատկություն: Կիրառվում է կոսմետիկայում և բժշկության մեջ:
Սպերմացետը ստացվում է կաշալոտի գլխի մեծ շարակցական պարկի հեղուկից: Սպիտակ բյուրեղական նյութ է: Անցյալում սպերմացետ է համարվել կաշալոտի սերմը (ինչից էլ ծագել է անվանումը): Նախկինում սպերմացետից պատրաստում էին մոմեր, իսկ ներկայումս օգտագործվում է որպես քսանյութ և քսուքների հիմք: 
Բուսական մոմանյութերը նուրբ շերտով պատում են բույսի ցողունը, տերևները և պտուղները, բույսերը պաշտպանում են վնասատուներից ու հիվանդություններից, կարգավորում բույսի ջրային ռեժիմը: Բուսական մոմանյութերից է բրազիլական արմավենու տերևներից ստացվող կարնաուբյան մոմանյութը, շաքարեղեգի ցողունի մոմանյութը:
Հանքային մոմանյութերից է օզոկերիտը (բառն առաջացել է հունարեն «օզո»՝ բուրել, և «կերոս»՝  մոմ, բառերից): Օզոկերիտն անվանում են նաև լեռնային մոմ: Այն ստացվում է գորշ ածխից ու տորֆից, պարունակում է բարձրամոլեկուլային ածխաջրածիններ: Օզոկերիտը նման է մեղրամոմի, սակայն ունի կերոսինի հոտ: Օգտագործվում է քսուքների, ներկերի, լաքերի արտադրության, ինչպես նաև բժշկության մեջ՝ ջերմաբուժության (ջերմային թրջոցների ձևով) նպատակով, որը հայտնի է օզոկերիտաբուժություն անունով:
1930-ական թվականներից սկսել է զարգանալ սինթետիկ մոմանյութերի արտադրությունը: Դրանք օգտագործում են լաքերի և ներկերի արտադրության մեջ, փայլեցնող, գործվածքն անջրանցիկ դարձնող խառնուրդներ պատրաստելու, կաշի, ռետին, թուղթ մշակելու համար: Սինթետիկ մոմանյութերի նրբաշերտով մարմարե արձանները պահպանում են ջրի ներգործությունից:
  • Մի շարք բնական ու սինթետիկ մոմանյութեր, որպես պաշտպանիչ թաղանթներ, օգտագործում են մրգերը, բանջարեղենը, պանրի առանձին տեսակներ թարմ պահելու՝ ջրազրկումը կանխելու նպատակով: