Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շեկ անտառային մրջյուն.
1. թևավոր էգը, 2. աշխատավորը, 3. թրթուրը, 4. հարսնյակը՝ բոժոժում
Շեկ անտառային մրջյունի բնի (մրջնանոց) կտրվածքը
Զինվոր և աշխատավոր տերմիտներ
Տերմիտանոցի սխեմա. տերմիտների էգը և արուն՝ շրջապատված աշխատավորներով և զինվորներով:
Մրջյունները թաղանթաթևավորների կարգի միջատների ընտանիքի միջատներ են: Հայտնի է մոտ 14 հզ., ՀՀ-ում՝ 116 տեսակ: Առավել տարածված են թափառող, ճահճային, խցանագլուխ մրջյունները, դեղին լագիուսը և այլ տեսակներ:
Մրջյունի մարմինը կազմված է գլխից, կրծքից, ցողունիկից և փորիկից: Աշխատավոր մրջյունների մարմնի երկարությունը 0,8–30 մմ է (էգերն ավելի խոշոր են), աչքերը պարզ են, բարդ (զբաղեցնում են գլխի զգալի մասը) կամ բացակայում են: Ծնոտները զինված են մի քանի ատամիկներով կամ ունեն ատամնավոր ծամող եզրեր: Կան թևավոր և անթև տեսակներ: Ջերմասեր են: Տեսակների թիվն արևադարձային երկրներում ավելի շատ է, քան բարեխառն գոտում: 
Մրջյունները զարգացած բնազդներով «հասարակական» միջատներ են: Մրջնաընտանիքում անհատների թիվը 1 տասնյակից մի քանի միլիոն է՝ կազմված հետևյալ կաստաներից՝ ձվադրող մեկ կամ մի քանի անթև էգերից՝ թագուհիներից, աշխատավոր թերզարգացած բազմաթիվ էգերից և թևավոր արուներից ու էգերից: Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին և փոքր մրջյունների միջև (ամենամեծերը կոչվում են զինվորներ): Մրջնաընտանիքի ամենաբազմանդամ խմբի՝ աշխատավորների վրա են դրված բույն կառուցելու, սնունդ հայթայթելու, էգին և սերնդին խնամելու, թշնամիներից պաշտպանելու պարտականությունները: Բնում զարգանալուց հետո թևավոր էգերն ու արուները լքում են այն և հարսանեկան թռիչքի ժամանակ զուգավորվում: Արուները կարճ ժամանակ անց սատկում են, իսկ բեղմնավորված էգերը (հիմնադիր էգեր), ազատվելով թևերից, պատրաստում են ապագա բնի առաջին խցիկը, որտեղ և ձվադրում են: Թևավոր էգի կամ թագուհու ձվերից դուրս են գալիս կոր ու սպիտակ, որդանման թրթուրներ: Աշխատավոր մրջյունները նրանց կերակրում են սննդարար խյուսով, իսկ հետո թրթուրները կերպափոխվում են հարսնյակների: Հարսնյակը, որ գտնվում է բոժոժի մեջ, շատ նման է հասուն մրջյունի, միայն թե սպիտակ է ու անշարժ: Թրթուրի ստացած սննդից կախված՝ հարսնյակից դուրս են գալիս կա՜մ աշխատավոր մրջյուն՝ թերզարգացած էգ, կա՜մ թևավոր արուներ ու էգեր: Աշխատավոր մրջյունները կարող են ապրել մինչև 3–4 տարի, իսկ հիմնադիր էգերի կյանքի տևողությունն ամենաերկարն է միջատների աշխարհում (մինչև 20 տարի):
Մրջնանոցները բարդ կառուցվածք ունեն: Մրջյունների կուտակը, որը մարդիկ տեսնում են գետնի վրա, մրջնանոցի վերնահարկն է միայն, իսկ գլխավոր մասը (ստորգետնյա «սրահները») գետնի խորքում է: Կան և մշտական բույն չունեցող, թափառող տեսակներ. օրինակ՝ արևադարձային երթային մրջյունները շարասյուներով շարժվում են անտառներով, անցնում առվակների վրայով և իրենց ճանապարհին ուտում, փչացնում են բազմաթիվ բույսեր: Ընդհանրապես, մրջյունները սնվում են բուսական և կենդանական կերով, իսկ որոշ տեսակներ՝ առավելապես լվիճների քաղցր արտաթորանքով: Աշխատավոր մրջյունները թագուհուն և թրթուրներին սնում են իրենց թքագեղձերի արտադրած խյուսով:
Ամերիկյան հովանոցավոր մրջյունները մի քանի րոպեում կարող են տերևազրկել մեծ ծառը. նրանք կլոր-կլոր կտրատում են տերևներն ու շալակած տանում մրջնանոց, ապա ստորգետնյա «սրահների» խորքում այդ տերևների վրա աճեցնում են հատուկ սնկեր, ավելի ճիշտ՝ սնկամարմին: Սնկամարմնի վրա աճում են մականանման ցուպիկներ, որոնք հովանոցավոր մրջյունների համար հաճելի կեր են: Այդ քմահաճ բույսի աճման համար մրջյուններն ստեղծում են անհրաժեշտ պայմաններ (ջերմություն ու խոնավություն): Մարդկանց դեռևս չի հաջողվել լաբորատորիայում նման սնկամարմին աճեցնել:
Իսկ մեղրամրջյուններն ունեն կենդանի «տակառիկներ»: Մեղրամրջյունը կախվում է ստորգետնյա «մառանի» առաստաղից, իսկ մյուս մրջյունները քաղցր նեկտար են մատակարարում նրան, ասես լցնում են տակառի մեջ: Կախված մրջյունի փորիկը փուչիկի պես ուռչում է, դառնում թափանցիկ: Երբ աշխատավոր մրջյունը սննդի կարիք է զգում, վազում է «մառան» և բեղիկները հպում «տակառիկին»: 
Անձրևից առաջ մրջյունները փակում են մրջնանոցի բոլոր մուտքերն ու ելքերը, իսկ լավ եղանակին երբեմն տաքանալու են դուրս բերում իրենց սպիտակ հարսնյակները:
Մրջյուններն օգտակար միջատներ են. մասնակցում են սերմերի տարածմանը, բույսերի փոշոտմանը, հողառաջացմանը, ոչնչացնում են վնասատուների թրթուրները: Այն անտառը, որտեղ կան մրջնանոցներ, առողջ է ու մաքուր: Դրա համար մարդիկ սկսել են մրջնանոցների առանձին մասեր վերաբնակեցնել հիվանդ անտառներում: Կան նաև մրջյունների վնասակար տեսակներ. տեխնիկական մշակաբույսերի վնասատուներ, կաթնասունների և թռչունների վտանգավոր հիվանդություններ (տրեմատոդոզներ, ցեստոդոզներ) տարածողներ, օգտակար միջատներ (որդան կարմիր, մեղու, շերամ) ոչնչացնողներ և այլն: 
Տերմիտները (նույնաթևներ) կազմում են միջատների առանձին կարգ: Սրանք «հասարակական» միջատների ամենապարզունակ խումբն են: Հայտնի է մոտ 2600, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ ռետիկուլոտերմես լուցիֆուգուսը, որը տարածված է Սյունիքի մարզում (Մեղրիի տարածաշրջան): Արևադարձային երկրներում (որտեղ բնակվում է տերմիտների տեսակների մեծ մասը) նրանց անվանում են սպիտակ մրջյուններ՝ գույնի և մրջյունների պես մեծ ընտանիքներով ու համատեղ սարքած բներում ապրելու համար: Սակայն տերմիտներն ավելի մոտ են խավարասերներին, իսկ կենսակերպով նման չեն ոչ մեկի:
Տերմիտների ընտանիքը բաղկացած է մի քանի հարյուրից մինչև մի քանի միլիոն անհատներից և կազմված է հետևյալ կաստաներից. բազմացմանը ընդունակ էգ (թագուհի, երկարությունը՝ մինչև 140 մմ), արու (թագավոր, մարմնի չափերը համեմատաբար փոքր են), անթև, թրթուրանման աշխատավորներ (թերզարգացած սեռական օրգաններով էգեր ու արուներ, երկարությունը՝ 2–15 մմ) և զինվորներ (մասնագիտացած աշխատավորներ, երկարությունը՝ մինչև 20 մմ): Աշխատավոր անհատները կազմում են ընտանիքի ամենամեծ կաստան և ունեն բազմազան պարտականություններ՝ ձվերի և թրթուրների խնամք, բնի կառուցում (փտած կոճղերում, չորացող ծառերի ու թփուտների հիմքերում, սակայն գերադասում են մշակված փայտանյութը), կերի հայթայթում, էգի կերակրում և այլն: Զինվորները պաշտպանում են բույնը արտաքին թշնամիներից (մրջյուններ, տերմիտների այլ տեսակներ): Ամենափոքր իսկ վտանգի դեպքում նրանք ձայնային ազդանշան են հաղորդում, որին ի պատասխան տերմիտանոցի ներսից լսվում է տերմիտների դժժոցը. եթե դա թշնամուն չի վախեցնում, զինվորներն անցնում են հարձակման:
Հասուն և աշխատավոր տերմիտների գլուխները կլորավուն են կամ ձվաձև, զինվորներինը մեծացած է ծնոտային մկանների գերաճման շնորհիվ: Զարգացմանը զուգընթաց՝ բեղիկների հատվածների թիվն ավելանում է: Հասունի և աշխատավորի ծնոտները խոշոր են, կրծող տիպի: 
Սեռական անհատները սովորաբար ունեն ֆասետային աչքեր, իսկ աշխատավորների և զինվորների  աչքերը թերզարգացած են կամ լրիվ բացակայում են: Տերմիտների առջևի և հետին թևերը գրեթե միանման կառուցվածք ունեն (այստեղից՝ նույնաթևներ անվանումը):
Հարսանեկան թռիչքի ժամանակ (ապրիլ-մայիսին) բնից դուրս թռած էգերն ու արուները զուգավորվում են, որից հետո կորցնում են թևերը և հողի մեջ փորում են մինչև 2 մ խորության առանձին խցիկ, որտեղ և էգը ձվադրում է (տարեկան մինչև 10 մլն ձու): Ձվերից սկզբում դուրս են գալիս միայն աշխատավորներ, այնուհետև՝ աշխատավորներ ու զինվորներ, իսկ մեծ տերմիտանոցներում հայտնվում են նաև թևավոր անհատներ: 
Տերմիտները սնվում են բնափայտով, բուսական ու կենդանական մնացորդներով, հումուսով: Մի շարք տեսակներ վնասում են ծառերը, խաղողի վազերը, փայտե կառույցները, գրքերը, գործվածքները:
Արևադարձային երկրներում տերմիտների «արշավանքը» իսկական տարերային աղետ է. նրանք ամայացնում են գյուղեր, այգիներ, տնկարկներ: