 | Գեղանկարչական նշանավոր գործերի մեծ մասն աշխարհում ստեղծվել է յուղաներկով: Յուղանկարներ են նաև Մ. Սարյանի «Դեղձի բերքահավաք կոլտնտեսությունում» (վերևում) և Հ. Այվազովսկու «Համաշխարհային ջրհեղեղ» (ներքևում) գործերը: |
Յուղաներկերն անօրգանական գունանյութերի (պիգմենտներ) և որոշ լցանյութերի կախույթներ են օլիֆներում: Հաճախ որպես գունանյութեր օգտագործվում են տիտանի օքսիդը, օքրան, երկաթի սուսրը, քրոմի օքսիդը և այլն, իսկ որպես լցանյութեր՝ տալկը, կաոլինը, փայլարը և այլն, որոնք ավելացվում են յուղաներկերին՝ որոշակի մածուցիկություն հաղորդելու և գունանյութերի ծախսը նվազեցնելու նպատակով: Յուղաներկի չորանալու արագությունը կախված է նրա տեսակից և չորացման պայմաններից: Սենյակային պայմաններում չորացնելիս յուղաներկի շերտի ջրակայունությունը ցածր է, 250–300օC-ում չորացնելիս` կայուն է նույնիսկ ալկալիների նոսր լուծույթների նկատմամբ: Արտադրվում են հեղուկ և մածուկային յուղաներկեր: Կիրառվում են պատեր, տանիքներ, փայտ և այլ իրեր ներկելու համար: Գեղարվեստական յուղաներկերը պատրաստում են` գունանյութերը կտավատի ձեթի հետ տրորելով: Երբեմն ավելացնում են նաև ընկույզի և արևածաղկի ձեթեր: Այսպիսի յուղաներկերով նկարում են հիմնաներկով պատած կտավի, փայտի, մետաղի, ծեփած պատի վրա: Յուղաներկով նկարելիս հնարավոր է հարթ մակերեսի վրա ստանալ ծավալի և տարածության տեսողական պատրանք, գունային հարուստ էֆեկտներ, նկարին հաղորդել խոր արտահայտչականություն: Յուղաներկերի կիրառման մասին գրավոր տեղեկություններ պահպանվել են դեռևս անտիկ և միջնադարյան ձեռագրերում: Յուղաներկերով գեղանկարչությունը տարածվել է XV դարի 2-րդ կեսից, XVI դարից դարձել է առաջատարը գեղանկարչության մեջ:
|