Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տրիլոբիտները թշնամիներից լավ պաշտպանված օրգանիզմներ են, որոնք ժամանակակից ծովախեցգետնի և միջատների ազգակիցներն են:
Կուքսոնիան առաջին ցամաքային բույսերից է: Նկարում ցույց է տրված նրա բրածո նմուշը, վերևում՝  այնպես, ինչպես այն պատկերացրել են գիտնականները: Բույսի մակերևույթը ծածկված է եղել մոմաշերտով (կուտիկուլա), որը բույսը պաշտպանել է չորացումից, իսկ ցողունի ներսում եղել են անոթներ, որոնցով շարժվել են ջուրն ու սննդանյութերը:
Ամենահին բրածո մնացուկները ստրոմատոլիտներն են, որոնք 3,5 մլրդ տարեկան են:
Նախնադարյան մարդիկ ապրել են  քարայրերում, որոնց պատերին նրանց թողած որմնանկարներն արժեքավոր վկայագրեր են այն ժամանակների կյանքի և կենցաղի մասին:
«Նախապատմական կյանք» հասկացությունը ներառում է բոլոր կենդանի էակների գոյության պատմությունը, էակներ, որոնք Երկրի վրա ապրել են ավելի վաղ, քան մարդիկ կարողացել են նկարագրել նրանց: Որոշ կենդանիների և բույսերի մասին մենք տեղեկանում ենք ըստ բրածո մնացուկների, քանի որ դրանք անհետացել են Երկրի վրա մարդու ի հայտ գալուց շատ առաջ: Ժայռապատկերները նույնպես մեզ պատմում են որոշ կենդանիների մասին, որոնցից շատերը դարձյալ վաղուց վերացել են: Նրանք ավելի շատ նման են եղել ժամանակակից բակտերիաներին:

Կյանքը ծովում
Հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում որոշ նախասկզբնական կենդանի օրգանիզմներ ձեռք են բերել սննդանյութեր արտադրելու համար արեգակնային էներգիան օգտագործելու հատկություն: Այդ շարժընթացում, որը կոչվում է լուսասինթեզ, նրանք օգտագործել են մթնոլորտի ածխաթթվական գազը, իսկ որպես երկրորդային նյութ՝ արտազատել են թթվածին: Բույսերը մինչև օրս օգտագործում են սննդառության նույն եղանակը: Հաստատված է, որ ցածրակարգ բույսերը Երկրի վրա եղել են դեռևս 3,7 մլրդ տարի առաջ: Դրանց կենսագործունեության շնորհիվ մեր մոլորակի մթնոլորտում ի հայտ է եկել թթվածինը, որի պարունակությունն աստիճանաբար աճել և ի վերջո հասել է ներկայիս մակարդակին:
Առաջին կենդանիները հավանաբար եղել են միաբջիջ (օրինակ՝ կանգնած ջրամբարներում այժմ աճող էվգլենան): Ժամանակի ընթացքում նրանցից առաջացել են բազմաբջիջները, որոնցից սկիզբ են առել կյանքի ավելի բարդ ձևերը: Մոտ 1 մլրդ տարի առաջ ի հայտ են եկել բուսական բջիջների շղթաների ձև ունեցող առաջին օրգանիզմները, իսկ առաջին բազմաբջիջ կենդանի օրգանիզմների մնացուկներ երկրաբանները հայտնաբերել են մոտ 600մլն տարեկան ապարներում: Դրանք սպունգներն են, մեդուզաները և որդեր հիշեցնող օրգանիզմները: Մոտ 570 մլն տարի առաջ ի հայտ են եկել կենդանիների խեցիները, որոնք ավելի լավ են պահպանվել, քան մինչ այդ գոյություն ունեցած օրգանիզմների փափուկ մարմինների մնացուկները: Այդ ժամանակաշրջանի նստվածքային ապարներում հայտնաբերվել են բուստեր, խռիկավոր խեցգետնակերպներ, ծովաստղեր, օձանման կենդանիներ և գիտական տեսակետից ամենահետաքրքիր կենդանիները՝ տրիլոբիտները: 
Առաջին ձկները, որոնց բրածո մնացուկները գտնվել են ավելի երիտասարդ ապարներում, ունեցել են գիշատիչ անողնաշարավորներից պաշտպանող հզոր ոսկրային զրահ:

Կյանքը ցամաքի վրա
Քաղցրահամ ջրերի բույսերն ու կենդանիներն աստիճանաբար սկսել են յուրացնել ցամաքը: Այդ շարժընթացն սկսվել է մոտ 400 մլն տարի առաջ. փոքրաթիվ մանր բույսերը, սնկերը, տզերը և միջատների նմանվող էակները հայտնվել են լճերի ու գետաբերանի ճահճոտ ափերին, որոշ կենդանիներ անցել են բուսական սննդի: Ժամանակի ընթացքում բույսերը տարածվել են ցամաքի վրա և ծածկել նրա մեծ մասը՝ ստեղծելով կենդանիների շատ տեսակների կյանքի համար պիտանի միջավայր:
Ի տարբերություն ժամանակակից շատ ձկների՝ այդ ժամանակաշրջանում ապրող ձկների դասի ներկայացուցիչները կարող էին շնչել չոր մթնոլորտային օդ: Խռիկների հետ միասին նրանք ունեցել են նաև թոքեր: Որոշ տեսակներ ունեցել են մեծ լողաթևեր. որոնց կմախքը կազմված է եղել խոշոր ոսկրերից: Ենթադրվում է, որ այդպիսի ձկները, ապրելով անհոս ջրամբարների, նաև գետերի հատակին, կարող էին շարժվել տղմային մակերևույթով՝ որպես վերջույթներ օգտագործելով լողաթևերը:
Դրանք բոլորը եղել են գիշակերներ, և հնարավոր է՝ որսի ժամանակ կարող էին ջրից ափ դուրս գալ՝ միջատներ և առափնյա խխունջներ որսալու: Ժամանակի ընթացքում այդպիսի քայլող ձկներից առաջացել են երկկենցաղները: Այդ խմբի ներկայացուցիչները (այժմ դրանց շարքին են դասվում գորտերն ու սալամանդրները) ձեռք են բերել իրենց կյանքի մի մասը ցամաքում անցկացնելու հատկություն՝ չնայած բազմացման շրջանում նրանք հարկադրված են եղել վերադառնալ ջրամբարներ:

Առաջին սողունները
Առաջին սողուններն ապրել են մոտ 280 մլն տարի առաջ: Հնարավոր է, որ նրանց մաշկային ծածկույթը եղել է կոշտ, չոր և անջրաթափանց, իսկ ձվերի կճեպը եղել է այնպիսին, ինչպիսին ժամանակակից սողուններինը: Սողուններն աստիճանաբար յուրացրել են ցամաքային տարածքները, հարմարվել կյանքի պայմաններին: Որոշ տեսակներ նորից վերադարձել են ջրային միջավայր: Պլեզիոզավրերը և պլիոզավրերը լող են տվել այնպես, ինչպես ժամանակակից փոկերը, իսկ իխթիոզավրերն իրենց լողալու եղանակով հիշեցնում են դելֆիններին:
Ծովերում ապրել են նաև վիթխարի մողեսներ՝ մոզազավրեր: Օդում սավառնել են նաև թռչող սողուններ: Երկրի վրա սողունների ամենաբազմաքանակ խումբը  կազմել են դինոզավրերը:

Առաջին կաթնասունները
Սողունների մեծամասնությունն ունեցել է զանգվածեղ մարմին, և այդ պատճառով նրանք տեղաշարժվել են դանդաղ: Սակայն որոշ տեսակներ ձեռք են բերել արագ շարժվելու ունակություն և հեշտությամբ պաշտպանվել են թշնամիներից (գիշատիչ կենդանիներից): Նրանց գանգի և կողոսկրերի կառուցվածքի փոփոխությունները վկայում են, որ շնչառության եղանակը եղել է նույնը, ինչ ժամանակակից կաթնասուններինը: Երկրի վրա  դինոզավրերի ծագման դարաշրջանում այդ գազանակերպ սողուններից առաջացել են կաթնասունների առաջին ներկայացուցիչները:
Թռչուններն առաջացել են ավելի ուշ: Այդ դասի ամենավաղ ու հայտնի ներկայացուցիչն ապրել է մոտ 147 մլն տարի առաջ և հավանաբար եղել է ոչ մեծ գիշակեր դինոզավրերի ազգակիցը: Երբ մոտ 165 մլն տարի առաջ դինոզավրերը վերջնականապես անհետացան, Երկրի վրա սկսեցին իշխել կաթնասունները, թռչունները, ձկների ժամանակակից խմբերը և ծաղկավոր բույսերը:
Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մեծաթիվ կաթնասուններ ու թռչուններ տարածվեցին ցամաքի և ծովի վրա: Ժամանակի ընթացքում կաթնասունների որոշ ներկայացուցիչներ դարձան մոլորակի ամենախոշոր կենդանիները:

Նախնադարյան մարդը
Մարդու զարգացման ընդհանուր պատկերը բավականին բարդ է և դեռևս լրիվ պարզաբանված չէ: Առավել տիրապետող՝ էվոլյուցիոն տեսության համաձայն՝ մարդը կաթնասունների ամենաուշ առաջացած ներկայացուցիչներից է, որ ապրել է հարյուր հազարավոր տարիներ առաջ: Գիտնականները մարդկանց մասին պատկերացում են կազմել՝ ուսումնասիրելով նրանց քարե գործիքներն ու զարդերը, աճյունների մնացորդները, որսացած կենդանիների ոսկրերը, նրանց թողած քարանձավային նկարներն ու ժայռապատկերները: Այդ ամենի հիման վրա գիտնականները ենթադրել են, որ նախնադարյան մարդիկ նման են եղել կապիկներին, և նրանց անվանել են կապկամարդ: Նրանց մարմինը լրիվ մազածածկ էր, ծնոտները՝ առաջ ցցված, իսկ կզակը՝ հետ թեքված, բայց նրանք արդեն քայլում էին 2 ոտքով: Կապկամարդիկ ապրում էին քարանձավներում ու ժայռերի ծերպերում, իրենց կացարանները տաքացնում էին խարույկներով, դրանց վրա էլ խորովում միսը: Նրանք մահակներով ու քարերով որսում էին մանր կենդանիներ, ավելի հաճախ սնվում էին պտուղներով ու արմտիքով, կարողանում էին պատրաստել միայն քարե պարզունակ գործիքներ: Այդ պատճառով էլ տվյալ ժամանակաշրջանը կոչվել է քարի դար:
Կապկամարդկանց սերունդները՝ նեանդերթալյան (ծագել է Գերմանիայի համանուն հովտի անունից) մարդիկ, թեև արտաքինով դեռևս նման էին նախնիներին (նրանց ճակատը թեք էր՝ հովարի նման կախված աչքերին, իսկ կզակը թեքված էր հետ), բայց զարգացման շնորհիվ արդեն հիշեցնում էին ժամանակակից մարդուն: Նրանք ապրում էին  հոտերով՝ ամենափորձված ու քաջ որսորդի գլխավորությամբ: Բնակվում էին քարանձավներում, կենդանիների մորթուց հագուստներ պատրաստում: Նրանց գլխուղեղն արդեն մեծ էր, գրեթե ինչպես ժամանակակից մարդունը: Գլխուղեղի զարգացմանը նպաստում էր կարևոր սննդանյութերով հարուստ մսեղենի օգտագործումը:
Մսի օգտագործման շնորհիվ որսորդական հոտը դարձավ ավելի կազմակերպված, երևան եկան ավելի բազմազան աշխատանքային գործիքներ՝ քերիչներ, հատիչներ, դանակներ, որոնք նույնպես պատրաստում էին քարից: Նեանդերթալյան մարդիկ արդեն որսում էին խոշոր կենդանիներ, ինչպես, օրինակ, քարանձավային արջ, բրդոտ ռնգեղջյուր և այլն:
Աշխատանքի ընթացքում ի հայտ եկավ նաև մարդկանց հոդաբաշխ ու հասկանալի խոսքը: Աշխատանքի ու խոսքի շնորհիվ մարդու գլխուղեղը զարգացավ և իր կառուցվածքով ու ծավալով զգալիորեն գերազանցեց կապկի գլխուղեղը:
Նախնադարյան մարդն աստիճանաբար ստացավ նաև ժամանակակից մարդու կերպարանք: Գիտնականները նրանց անվանեցին կրոմանյոնյան մարդիկ (Ֆրանսիայի Կրոմանյոն քարայրի անունից, որտեղ 1868 թ-ին հայտնաբերվել են ժամանակակից մարդու ոսկրեր): Կրոմանյոնյան մարդկանց սերունդներն իրենց զարգացմամբ շատ առաջ անցան: Նրանք սկսեցին ապրել ընտանիքներով, զբաղվել անասնապահությամբ ու երկրագործությամբ:
Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու ծագման և մշակույթի ձևավորման բնօրրաններից, որտեղ, սկսած վաղնջական ժամանակներից, մարդու բնակության և մշակութային ընդհատություն չի եղել:
 
  • ԼՂՀ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի քարայրից 1968 թ-ին հայտնաբերվել են նեանդերթալյան մարդու ծնոտի հատված, ձեռքի բազմաթիվ հատիչներ, քերիչներ, նախնադարյան ցլի, ձիու ոսկրեր, որոնք 300 հզ. տարվա հնություն ունեն և պատկանում են աշելյան ժամանակաշրջանին (հին քարի դար):