Շնկոտեմը կաղամբազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 70, ՀՀ-ում՝ 9 (11) տեսակ՝ դաշտային, հարթապտղանի, հովանոցավոր, Շովիցի, Զանգեզուրի և այլն՝ տարածված Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի՝ ստորինից մինչև վերին լեռնային գոտիների խոնավ բացատներում, գետափերին և այլուր: Ցողունը կանգուն է (բարձրությունը՝ 5–60 սմ), երբեմն՝ թույլ ճյուղավորվող: Տերևները սրտաձև են, ամբողջաեզր կամ ատամնաեզր: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, վարդագույն: Ծաղկում է ապրիլ-հուլիսին: Պտուղը պատիճակ է, սերմերը հարթ կամ կետիկավոր են: Որոշ տեսակներ պարունակում են ֆլավոնիդներ, ալկալոիդներ, C վիտամին, կարոտին (A - նախավիտամին), սապոնիններ, սերմերը՝ ճարպայուղեր: Վերջիններս օգտագործվում են սննդի մեջ և տեխնիկական նպատակներով, պատրաստուկները՝ որպես հակաբորբոքային միջոց: Զանգեզուրի շնկոտեմը հազվագյուտ բնաշխարհիկ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
|