Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Մարդու վերին 
շնչուղիների սխեմայական պատկերը
 1. կարծր քիմք 
 2. փափուկ քիմք 
3. կերակրափողի բերանային հատված
 4. ձայնալարեր
 5. օդի մուտքը դեպի թոքեր
 6. շնչափող
 7. վահանաձև աճառ
 8. ստորին ծնոտ
 9. լեզու
10. բերանի խոռոչ
11. վերին ծնոտ
12. քթի անցուղիներ
13. ճակատային ծոց
Շնչառությունը գործընթաց է, որն ապահովում է թթվածնի ներթափանցումն օրգանիզմ, նրա մասնակցությունն օքսիդացման գործողություններին և այնտեղից ածխաթթվական գազի հեռացումը:
Եթե մարդը փորձի փակել բերանը, սեղմել քիթն ու շունչը պահել, ապա մի քանի վայրկյան անց անպայման կզգա շնչառության անհրաժեշտություն: Առանց թարմ օդի շնչահեղձ են լինում մարդու օրգանիզմի բոլոր բջիջները: Ամեն վայրկյան նրանց անհրաժեշտ է օդի թթվածինը, որն ապահովում է մարդու օրգանների աշխատանքը և օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության բոլոր գործողությունները:
Առանց թթվածնի օրգանիզմը չի կարող սննդից ստանալ իր կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: Որքան շատ էներգիա է ծախսում մարդը որևէ աշխատանք կատարելիս, այնքան շատ թթվածին է պահանջվում: Ահա թե ինչու վազելիս, ցատկելիս կամ մարմնամարզական վարժություններ կատարելիս մարդն ավելի խորն ու հաճախակի է շնչում:
Շնչառման ժամանակ օդը նախ անցնում է կոկորդ, ապա՝ շնչափող: Վերջինս յուրահատուկ կառուցվածք ունի. երբ մարդը որևէ բան է կուլ տալիս, ապա շնչափողը փակվում է փոքրիկ «կափարիչով», որպեսզի ուտելիքի փշրանքները հանկարծ չընկնեն թոքեր, իսկ շնչառման ժամանակ շնչափողը բացվում է, և օդն ուղղվում է դեպի թոքերը:
Շնչափողը ճյուղավորվում է դեպի աջ և ձախ թոքերը տանող 2 լայն խողովակների՝ բրոնխների, որոնք, թոքերի բլթերի մեջ շարունակելով բաժանվել, փոխարինվում են ծայրային, ապա` շնչառական բրոնխիոլներով: Վերջիններս գոյացնում են թոքաբշտիկային ուղիներ, որոնց պատերին տեղադրված են բազմաթիվ մանր բշտիկներ՝ թոքաբշտիկներ: Դրանց պատերը հյուսապատված են հազիվ նկատելի արյունատար անոթների խիտ ցանցով: Յուրաքանչյուր անոթ մարդու մազից 50 անգամ ավելի բարակ է: Չափահաս մարդու թոքերում կա ավելի քան 700 մլն թոքաբշտիկ: Եթե նրանց թաղանթները միացնենք իրար և փռենք-տարածենք, կստանանք 100 մ2 մակերեսով մի թաղանթ:
Շնչառման ժամանակ թոքերն ընդարձակվում են, և թոքաբշտիկները լցվում են թարմ օդով: Նրանց անոթներով հոսող արյունը կլանում է թթվածինը և հասցնում օրգանիզմի բոլոր բջիջներին: Դրա փոխարեն արյունը թոքաբշտիկներին է տալիս իր մեջ կուտակված ածխաթթվական գազը, որն էլ մենք արտաշնչում ենք: Թոքերի օդափոխությունը, այսինքն՝ շնչառման ժամանակ օդով լցվելը, իսկ արտաշնչման ժամանակ ածխաթթվով հարուստ և թթվածնով աղքատ ալվեոլային օդի արտամղումն ապահովվում են կրծքավանդակի ռիթմիկ կծկումներով: Օդափոխության մեծ մասն ապահովում է շնչառական գլխավոր մկանը՝ ստոծանին: Շնչառման ժամանակ այն կծկվում-պնդանում է, կրծքի խոռոչը` մեծանում, արտաշնչման ժամանակ՝ հակառակը: Շնչառության փուլը հասուն մարդկանց հանգստի ժամանակ 1 րոպեում կրկնվում է 14–18 անգամ: 1 օրվա ընթացքում մարդը շնչում է գրեթե 500 լիտր օդ: Դրա համար նա այնքան էներգիա է ծախսում, որը կբավականացներ 1 տ ջուրը պոմպով տան 2-րդ հարկը բարձրացնելուն: Ահա թե որքան հզոր է մարդու շնչառական ապարատը:
Միայն մարդիկ չէ, որ շնչում են: Շնչում են բոլոր գազաններն ու թռչունները, միջատներն ու ձկները, բուսականությունը, բայց` յուրովի: Օրինակ՝ ծառերը, ծաղիկները շնչում են իրենց տերևներով, ձկները` խռիկներով՝ ջրից վերցնելով նրա մեջ լուծված թթվածինը: Կենդանի ողջ բնությունը պետք է շնչի, որ ապրի:
Տես նաև Թոքեր, Մարդ, Սիրտ: