Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է:
Թթվային անձրևները հսկայական վնաս են հասցնում բուսականությանը:
Մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները քիմիական գործարաններն են:
Աղտոտված ջրերը մաքրում են օդավորման (աերացիա) եղանակով
Ծովափերի նավթով աղտոտումը մեծ վնաս է պատճառում ջրլող թռչուններին:
Շրջակա միջավայրի խոշոր աղտոտիչներ են նաև կենցաղային թափոնները:
Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ: 
Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով:
Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ: 
Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:
Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով: 
Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է: 
Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:
Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:
Բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալ բնակտարածքի հողում կամ ջրում մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի պակասը դառնում է մի շարք հիվանդությունների պատճառ: Սնկիկներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ, աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի, ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը պատճառ է դառնում սպիտակարյունության և քաղցկեղի առաջացման: Մթնոլորտում որոշ քիմիական նյութերի առկայությունն առաջ է բերում բրոնխային հեղձուկ և ալերգիական հիվանդություններ:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը:

Մթնոլորտ
Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է: CO և CO2 գազերի արտանետումների ամենամեծ բաժինն ընկնում է հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին: 
Ծծմբային գազի՝ ծծմբի երկօքսիդի (SO2) առաջացման աղբյուրը մինչև 5–7% ծծումբ պարունակող ածխի և մազութի այրումն է: Մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (SO3), որը օդում  վերածվում է ծծմբական թթվի և թթվային անձրևների ձևով թափվում է գետին: 
Ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման հիմնական աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն են, ազոտական թթվի արտադրությունը: NO2-ը դեղին գույնի կայուն գազ է և մթնոլորտում պահպանվում է երկար ժամանակ: Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է շագանակագույն երանգ: 
Ավտոտրանսպորտի արտանետած ածխաջրածինները, հատկապես` քաղցկեղածին, շատ են նավթամթերքների թերայրումից առաջացող մրի ու գուդրոնի մեջ:
Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:
Գազից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում պինդ ածխածինը (մուր) և ծանր մետաղները:
Որոշակի կլիմայական պայմաններում անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում՝ լուսաքիմիական սմոգ, երբ առաջնային աղտոտող նյութերը քայքայվում են՝ գոյացնելով աղտոտող նոր նյութեր:  Ջէկերը, արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ ջերմություն, ինչի հետևանքով մթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ու շարժունությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման: 
Բույսերի և կենդանիների նեխման հետևանքով օդ են թափանցում նաև բազմաթիվ ախտածին մանրէներ:

Ջրոլորտ
Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսային և գազային ձևերով: Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ գյուղատնտեսական դաշտերից տեղափոխվող պարարտանյութերը, պեստիցիդները,  անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող զանազան նյութեր: Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով և սինթետիկ լվացամիջոցներով, ներկերով, ճարպերով, որոնք վատացնում են ջրի որակը, այն դարձնում խմելու և սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի. խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, փոխվում է ջրային կենսաբազմազանությունը, նվազում են արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր: Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը. վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ, զարգանում են մակաբույծներ:
Ներկայումս ջրային միջավայրի լրջագույն աղտոտիչ են նաև նավթն ու նավթամթերքները: Հատկապես մեծ վտանգ են ներկայացնում նավթատար խոշոր նավերի վթարները, երբ նավթն արտահոսում և աղտոտում է հսկայական ջրատարածքներ: Արտահոսած նավթը խախտում է ծովի կենսաբանական ռեժիմը, մեծ վնաս է հասցնում ձկնորսությանը, զբոսաշրջությանը:  Ջրի մակերևույթից նավթը հավաքում են հատուկ նավթահավաք նավերով, հողի և ջրամբարների մաքրման համար օգտագործում են նավթով սնվող միկրոօրգանիզմներ, ինչպես նաև կիրառում ակտիվ կլանիչներ (ադսորբենտներ):
Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ:
Ջրավազանների աղտոտման առավել արտահայտված դրսևորումներից է ջրի «ծաղկումը» (էվտրոֆացում)` քաղցրահամ ջրավազանների վերին կենսահորիզոնում կանաչ և կապտականաչ ջրիմուռների զանգվածային բազմացումը: Ջրի «ծաղկման» յուրահատուկ օրինակ է Սևանա լճի «ծաղկումը»` ջրի մակարդակի իջնելուց հետո:
Բնական ջրերի կարևոր առանձնահատկությունն ինքնամաքրման կարողությունն է՝ գոլորշիանալու, հողի մեջ ներծծվելու և մանրէների գործունեության միջոցով: Մշակվել են բնական ջրերի արհեստական մաքրման բազմաթիվ եղանակներ. մեխանիկական եղանակով, օրինակ, մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը:
Ջրերի մաքրման քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը, երբ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, կլանումը` քիմիական որոշակի կլանիչներով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը, քլորացումն ու օզոնացումը՝ քլորի և օզոնի միջոցով ախտահանվում է խմելու ջուրը:
Կենսաբանական մաքրման դեպքում հոսող ջրերն անցկացնում են խիտ բուսածածկի կամ փայտի թեփի միջով: Մեծ կիրառություն ունի ջրերի մաքրումն արհեստական ակտիվ տիղմով. տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին:
Ջուրը տհաճ հոտով գազերից ու նյութերից մաքրելու նպատակով կիրառվում է օդավորման (աերացիա) եղանակը՝ հատուկ հարմարանքներով ջուրը հարստացվում է օդի թթվածնով: 

Հող
Հողի աղտոտման հիմնական աղբյուր են արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային և ճառագայթաակտիվ թափոնները: Որոշ թափոններ նեխման հետևանքով արագ քայքայվում են, սակայն շատերը պահպանվում են երկար, մասնավորապես` պլաստմասսայե տարաները: Այդ առումով որոշակի վտանգ են ներկայացնում նաև հանքային պարարտանյութերն ու պեստիցիդները, որոնք հակում ունեն կուտակվելու սննդային շղթայի որևէ օղակի օրգանիզմներում`  հանգեցնելով գենետիկական փոփոխությունների և ուռուցքների առաջացման:
Հողի աղտոտվածության հիմնական արտահայտությունը նրա վնասակար ազդեցությունն է բուսական կամ կենդական այս կամ այն օրգանիզմի վրա: 
Հողը կենսոլորտի ամենակարևոր տարրերից է, կենսաբանական բազմաթիվ շարժընթացներ պայմանավորված են հատկապես հողի շերտով, այնտեղ են կուտակվում օրգանական նյութերը, զանազան քիմիական տարրեր և արևի էներգիան: Հողը կատարում է աղտոտիչների կենսաբանական կլանիչի, քայքայողի և չեզոքարարի դեր: Ուստի, հողի պաշտպանությունն առաջնակարգ դեր ունի շրջակա միջավայրի պահպանության համալիրում:
Աղտոտման դեմ պայքարն աղտոտիչների բացասական ազդեցությունից բույսերի, կենդանիների, մարդկանց և նյութական արժեքների պահպանության միջոցառումների համակարգն է: Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է  նախ` առավելագույնս զտել արտանետվող գազերն ու հոսքաջրերը, իրականացնել շրջակա միջավայրի էկոլոգիական փորձաքննություն և աղտոտման վիճակի գնահատում, խստորեն հետևել բոլոր աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանմանը, ապա` ստեղծել անթափոն արտադրություններ:
Բնության պահպանության, շրջակա միջավայրի վիճակի վերահսկման, որակի գնահատման, ինչպես նաև կենսամիջավայրի, էկոհամակարգերի և մարդու առողջության վրա բացասական ազդեցությունների կանխարգելման, ժամանակին հայտնաբերման ու վերացման համար ստեղծվել են բնապահպանական 1000-ից ավելի կազմակերպություններ (Բնության պահպանության միջազգային միություն, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ և այլն), ընդունվել օրենքներ ու համաձայնագրեր, որոնց միացել է նաև Հայաստանը: