Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Պրահա
Տարածքը՝ 
78,9 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
10,3 մլն
Պետական լեզուն՝ 
չեխերեն
Դրամական միավորը` 
չեխական կրոն
Չեխիայի մայրաքաղաք Պրահան
Տեսարան Օստրավա քաղաքից
Սուրբ Վիտի եկեղեցին Պրահայում
Չեխիայի Հանրապետություն
Չեխիան պետություն է Եվրոպայի կենտրոնում: Տարածքի մեծ մասն զբաղեցնում է Չեխական զանգվածը, որը եզրավորված է Շումավա, Չեխական Անտառ, Հանքային Լեռներ, Սուդետներ միջին բարձրության լեռներով (բարձրագույն կետը` Սնեժկա լեռ, 1602մ): Հարավում և կենտրոնում Չեխ-Մորավական բարձրավանդակն է: Օգտակար հանածոներից կան քարածուխ, երկաթ, գունավոր մետաղներ, շինանյութեր և այլն: Չեխիայով է հոսում Էլբա գետը (վերին հոսանքները)` իր մի շարք վտակներով (Վլտավա, Օտավա): 
Կլիման բարեխառն է` տաք ամառներով և ցուրտ ձմեռներով: Օդի միջին ջերմաստիճանն ամռանը +200C է, ձմռանը` -50C: Լեռնալանջերը ծածկված են խառը և ասեղնատերև անտառներով: Կան շատ կենդանիներ` գորշ արջ, գայլ, լուսան, կինճ, այծյամ և այլն, թռչյուններ` խլահավ, կաքավ, արագիլ, արծիվ և այլն:
Չեխիայի տարածքը բնակեցվել է դեռևս հին քարի դարում: Չեխիան Եվրոպա աշխարհամասի հնագույն պետություններից է: X դարում կազմավորվել է Պրահայի իշխանությունը, որը դարձել է Չեխիայի ֆեոդալական պետության կորիզը: Շուտով Չեխիայի իշխանության կազմի մեջ է մտել Մորավիան: 1198 թ-ից Չեխիան դարձել է թագավորություն: XVI դարի սկզբին երկիրը հայտնվել է Հաբսբուրգների՝ գերմանա-ավստրիական արքայատոհմի տիրապետության ներքո: Ավստրիայի տիրապետությունը շարունակվել է մինչև 1918 թ.: Առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո-Հունգարիայի պարտությունից հետո Չեխիան, Սլովակիան և Մորավիան, դուրս գալով Ավստրո-Հունգարական կայսրության կազմից, միավորվեցին անկախ պետության՝ Չեխոսլովակիայի մեջ: Սակայն Չեխոսլովակիայի անկախությունը պահպանվեց մինչև 1939 թ., երբ երկիրն ընկավ ֆաշիստական Գերմանիայի տիրապետության տակ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին չեխերը մասնակցեցին Դիմադրության շարժմանը, իսկ Խորհրդային Միության զինված ուժերի կազմում ստեղծվեց ֆաշիստական զորքերի դեմ մարտնչող Չեխոսլովակյան կորպուսը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1945 թ-ին, խորհրդային զորքերը մտան Չեխոսլովակիա և երկրում հաստատեցին սոցիալիստական կարգեր: 1968 թ-ին Չեխոսլովակիայի բնակչությունն ըմբոստացավ և փորձեց թոթափել սոցիալիստական կարգերը, սակայն ժողովրդի ելույթը ճնշվեց Խորհրդային Միության զինված ուժերի կողմից: 1990-ական թվականների սկզբին, երբ սոցիալիստական հասարակարգն Արևելյան Եվրոպայի երկրներում (Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն) փլուզվեց, Չեխոսլովակիայում հաստատվեցին ժողովըրդավարական կարգեր, իսկ 1991 թ-ին երկիրը խաղաղ ճանապարհով բաժանվեց 2 ինքնուրույն պետությունների՝ Չեխիայի և Սլովակիայի:
Չեխիան խիտ բնակեցված է, հիմնական բնակիչները չեխերն են:
Խոշոր քաղաքներն են Պրահան, Բռնոն, Օստրավան, Պլզենը:
Չեխիան Եվրոպայի զարգացած երկրներից է, 2004 թ-ից՝ Եվրամիության անդամ: Երկրի հզոր արդյունաբերությունն արտադրում է մետաղ, տարբեր տեսակի հաստոցներ, ավտոմեքենաներ, քիմիական նյութեր, որոնց զգալի մասն արտահանվում է: Մեծ համբավ են վայելում չեխական ապակին և հախճապակին, կահույքը: Ապակե և հախճապակե իրեր, արդուզարդ, երաժշտական գործիքներ պատրաստող չեխ վարպետները մեծ նվաճումներ ու հարուստ ավանդույթներ ունեն: Հանրահայտ է «Սվիտ» կոշիկի գործարանը, որը տարեկան թողարկում է 60 մլն զույգ կոշիկ (մեծ մասն արտահանվում է): Գործարանին կից գործում է կոշիկի՝ աշխարհում ամենամեծ թանգարանը (ունի շուրջ 3 հզ. նմուշ): Պլզենում է լայն տեսականի ունեցող «Շկոդա» մեքենաշինական գործարանը, որն արտադրում է սարքավորումներ (ներառյալ ԱԷԿ-ների համար ռեակտորներ), հաստոցներ, էլեկտրաքարշեր, տրոլեյբուսներ: 
Չեխիայի գյուղատնտեսությունն աչքի է ընկնում բարձր արտադրողականությամբ: Մշակում են հացահատիկային բույսեր, կարտոֆիլ, ճակնդեղ: Զարգացած է նաև անասնապահությունը: Երկրի սննդարդյունաբերության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում արդեն 650 տարի գոյություն ունեցող գարեջրի արտադրությունը: Գարեջուրն այս երկրում դարձել է ազգային խմիչք՝ շնորհիվ երկրի արևմուտքում աճեցվող բարձրորակ գայլուկի և գարու հատուկ տեսակներից ստացվող ածիկի: Համաշխարհային համբավ է վայելում Պլզենի գարեջուրը:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում է գտնվում Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը՝ Կարլի համալսարանը, որը հիմնադրվել է 1348 թ-ին: Երկրում կան ևս շուրջ 25 բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտությունների, երաժշտական արվեստի, կերպարվեստի ակադեմիաներ և այլ ուսումնագիտական հաստատություններ:
Չեխիայի գեղեցիկ բնությունը, հանքային ջրերի բազմաթիվ աղբյուրները նպաստավոր պայմաններ են ստեղծել առողջարանների գործունեության համար (հայտնի է, օրինակ, Կարլովի Վարին): 
Հանրահայտ են չեխ փիլիսոփա Յան Հուսը, գրողներ Յուլիուս Ֆուչիկը, Կարել Չապեկը, Յարոսլավ Հաշեկը, Վացլավ Հավելը, կոմպոզիտորներ Բեդերժիխ Սմետանան, Անտոնին Դվորժակը և ուրիշներ:

Հայերը Չեխիայում
Չեխիայի հայ համայնքը ձևավորվել է վերջերս: Հիմնականում երիտասարդ մասնագետներ են՝ ճարտարագետներ, երաժիշտներ, շինարարներ, բանվորներ, փոքր թիվ են կազմում գործարարները: Ներկայումս Չեխիայում (հիմնականում` Պրահայում) բնակվում է շուրջ 8–10 հզ. հայ (ոչ պաշտոնական տվյալներով): Հիմնվել է հայկական առաջին շաբաթօրյա դպրոցը, իսկ 1999 թ-ից Պրահայում հրատարակվում է «Օրեր» համաեվրոպական ամսագիրը: