Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պայթյուն անապատում
Հրավառություն
Պայթուցիկ նյութերն այրվում են ակնթարթորեն, վայրկյանի չնչին մասում վերածվում մինչև հազար աստիճան ջերմաստիճան ունեցող շիկացած գազի և, վայրկենաբար ընդարձակվելով բոլոր ուղղություններով, ահռելի ուժով կործանում են ճանապարհին հանդիպող ամեն ինչ: Այդ շարժընթացը կոչվում է պայթյուն: 
Պայթուցիկ նյութերն օգտագործվում են ռումբերում, արկերում, հրթիռներում և զենքի բազմաթիվ այլ տեսակներում: Բայց հաճախ պայթուցիկ նյութերն օգտագործվում են նաև խաղաղ նպատակներով, օրինակ՝ հրավառություններ կազմակերպելու, բազմահարկ շենքը քանդելու, ժայռը պայթեցնելու, հանքահոր կառուցելու համար: 
Բոլոր պայթուցիկ նյութերում կան այրվող բաղադրամաս և այրման համար թթվածին առաջացնող միացություն:
Պայթուցիկ նյութեր են վառոդը, դինամիտը, տոլը, ամոնալը և այլն: Հրապարկուճներում, արկերում և որոշ հրթիռներում օգտագործվող վառոդն ու այլ պայթուցիկ նյութեր ցածրակտիվ պայթուցիկներ են, որոնք բռնկում են կրակից կամ էլեկտրական կայծից: Հրավառության համար օգտագործվող պայթուցիկ նյութերը սովորաբար պատրաստում են վառոդի հիմքով խառնուրդներից, այդ իսկ պատճառով այրվող հրատեխնիկական պատրաստվածքներից սփռվում են կրակներ կամ վեր են սլանում հրթիռներ:
Ուժեղ պայթուցիկները, օրինակ՝ դինամիտը, հելիգնիտը, շատ արագ են պայթում և օգտագործվում են ռումբերում ու ժայռեր փշրող պայթյունածրարներում, որոնք գործում են ճայթիչի (դետոնատոր) առաջացրած փոքրիկ պայթյունից:
Երբեմն դինամիտի պես պայթում է նաև օդում ցրված շաքարի կամ ալյուրի փոշին. մի կայծն իսկ բավական է, որպեսզի շաքարի կամ ալյուրի պահեստը հօդս ցնդի: Հանքահորերում վտանգավոր են և կարող են պայթյուն առաջացնել ածխափոշին ու հանքագազը՝ մեթանը:
Սակայն մարդը սովորել է պայթյունը ծառայեցնել իրեն: Անցյալում մարդիկ, ամոնալ և դինամիտ պայթեցնելով, միայն փխրեցնում էին հողը՝ այն հեշտությամբ տեղափոխելու համար: Իսկ այժմ ճարտարագետները կարողանում են պայթյունով նաև հողը տեղափոխել այնպես, ինչպես հզոր բահով:
Պայթյունը հարկադրված է «աշխատել» նաև գործարանում. հատուկ կառուցված ջրավազանում թնդացող պայթյունը ճնշում է գործադրում ջրի մեջ ընկղմված մետաղաթերթի վրա, և այն ընդունում է անհրաժեշտ ձևը (օրինակ՝ ինքնաթիռի երեսպատվածքի որևէ կտորի կամ ավտոմեքենայի անվածածկոցի տեսք): Պայթյունը արտադրությունում կարող է նաև մետաղ եռակցել: Սակայն պայթյունը կարող է նաև չարագործության զենք դառնալ. ահաբեկիչները կաղապարվող պայթուցիկ պլաստիկ նյութերն օգտագործում են ահաբեկման նպատակներով: Այդ տեսակի պայթուցիկները հեշտ է թաքցնելը և դժվար` հայտնաբերելը:
   Վառոդն առաջինը ստացել են չինացիները դեռևս IX դարում և օգտագործել հրավառությունների համար: Թնդանոթով կրակելու համար Եվրոպայում վառոդ սկսեցին գործածել XIV դարից: Դինամիտը 1866 թ-ին հայտնաբերել է շվեդ քիմիկոս Ալֆրեդ Նոբելը, որով հետագայում ստեղծեց նաև այլ տեսակի պայթուցիկ նյութեր (այդ թվում՝ հելիգնիտն ու բալիստիտը) և Արևմտյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում կազմակերպեց վառոդի արտադրության ձեռնարկություններ: 1896 թ-ին Ալֆրեդ Նոբելի մահից հետո, նրա կտակի համաձայն, պայթուցիկ նյութերի արտադրությունից ստացված ողջ հասույթը հատկացվեց նրա պատվին սահմանված ամենամյա միջազգային Նոբելյան մրցանակի հիմնադրամին: