Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում



Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Վիեննա
Տարածքը՝
 83,854 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
8,1 մլն
Պետական լեզուն՝ 
գերմաներեն
Դրամական միավորը՝ 
եվրո (մինչև 2002թ.` 
շիլինգ)
Զալցբուրգը Մwցարտի ծննդավայրն է:
Վիեննայի քաղաքապետարանի շենքը
Վիեննայի Մխիթարյան միաբանության մայրավանքի գրադարանը
Ավստրիական Հանրապետություն
Այս ոչ մեծ պետությունը գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Արևելքից արևմուտք նրա տարածքի 3/4-ը զբաղեցնում են Ալպերի լեռնաշղթաները, որոնց բարձր, ձյունապատ գագաթները հասնում են մինչև 3500 մ բարձրության (առավելագույնը՝ 3797 մ, Գրոսգլոքներ լեռ): 
Կլիման բարեխառն ցամաքային է, գետահովիտներում՝ չափավոր տաք ու մեղմ: Գետերն արագահոս են: Գլխավոր գետը Դանուբն է՝ Ինն, Էնա, Դրավա,
Մուրավա վտակներով: Կան մոտ 580 լճեր ու լճակներ: Առավել նշանավոր է Բոդենի Մեծ լիճը:
Լեռնալանջերը ծածկված են անտառներով, ավելի բարձր՝ հյութալի խոտով լեռնային մարգագետիններով: Անտառային գոտում, գլխավորապես Բարձր Տաուեռն և Գրոսգլոքներ արգելոցներում, պահպանվել են Եվրոպայի համար հազվադեպ ազնիվ եղջերուն, այծյամը, գորշ արջը, լեռնային արծիվը:
Ավստրիան անցյալում եղել է հզոր ու մեծ տերություն. շուրջ 700 տարի` 1278–1912 թթ., երկիրը կառավարել է Հաբսբուրգների արքայատոհմը: 
Ավստրիական Հանրապետությունը կազմավորվել է 1918 թ-ի նոյեմբերին` Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից հետո:
Ավստրիան եվրոպական այն երկրներից էր, որն առաջիններից մեկը դարձավ գերմանական ագրեսիայի զոհը տակավին Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին: 1945 թ-ի ապրիլին խորհրդային բանակը գերմանացիներին դուրս մղեց Վիեննայից և երկրի զգալի մասից, իսկ արևմուտքից հարձակվող անգլո-ամերիկյան դաշնակից զորքերը՝ մնացած մասից, և մինչև 1955 թ. Ավստրիայի տարածքը գտնվում էր հաղթանակած չորս տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ԽՍՀՄ և Ֆրանսիա) վերահսկողության տակ: 1955 թ-ի մայիսին Ավստրիան այդ երկրների հետ կնքեց պայմանագիր, որով նա հռչակում էր իր մշտնջենական չեզոքությունը:
Ավստրիայի բնակչության մեծամասնությունը (97%) ավստրիացիներ են, բնակվում են նաև սլովեններ, հունգարացիներ, չեխեր, հրեաներ, հայեր և այլք:
Ավստրիացիներն առօրյայում խոսում են գերմանական բարբառներով, իսկ գրական գերմաներենը գրավոր կամ պաշտոնական լեզուն է:
Ավստրիայում լեռնահանքային արդյունաբերությունը հիմնված է բազմազան օգտակար հանածոների ոչ մեծ պաշարների վրա: Արդյունահանում են նավթ, գազ, երկաթ, ցինկ, կապար, պղինձ, մագնեզիտ, գրաֆիտ, կերակրի աղ, գորշ ածուխ և այլն: Գործարաններն ու ֆաբրիկաները թողարկում են բարձրորակ տարբեր սարքեր ու մեքենաներ, գործվածքներ ու տպագրական թուղթ:
Երկիրն ունի բազմաճյուղ գյուղատընտեսություն: Մշակում են ցորեն, աշորա, եգիպտացորեն, կարտոֆիլ, խաղող, մրգեղեն, սակայն սեփական հացահատիկն իրենց չի բավարարում, ուստի այն ներկրում են այլ երկրներից: Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնաբուծությունն է: Ավստրիան հռչակված է ցեղական խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ:
Ավստրիայում են ապրել ու ստեղծագործել աշխարհահռչակ կոմպոզիտորներ Մոցարտը, Բեթհովենը, Շուբերտը, Շտրաուսը, Հայդնը, Բրամսը: Ավստրիացիների սիրելի ազգային մեղեդիներն են վիեննական վալսերը, իոդլները (երգեր, որ կատարվում են բարձր տոնով ու ձայնի գեղգեղանքով): Տոնախմբությունների ժամանակ կազմակերպում են նվագախմբերի մրցույթներ, հրապարակներում ժողովուրդը մինչև ուշ գիշեր երգում ու պարում է:
Ամեն տարի միլիոնավոր օտարերկրյա զբոսաշրջիկներ են այցելում Ավստրիա, ծանոթանում նրա տեսարժան վայրերին, որոնցով հարուստ է այդ երկիրը: Նրանք դահուկասահքի են ելնում Ալպերում, բուժվում առողջարանների բուժիչ ջրերով, այցելում հին դղյակներն ու թանգարանները: Շատ թանգարաններ, հինավուրց պալատներ ու զբոսայգիներ կան հատկապես երկրի մայրաքաղաքում՝ գեղատեսիլ Վիեննայում:

Հայերն Ավստրիայում
Դեռևս XVII դարում հայ վաճառականները Պարսկաստանից և Հնդկաստանից Ավստրիա էին բերում մետաքս ու թանկարժեք քարեր, համեմունք ու պերճանքի առարկաներ: 1771 թ-ին ավստրիական արքունիքը հատուկ հրովարտակով տեղի հայերին արտոնել է զբաղվել ոսկերչությամբ ու ակնավաճառությամբ: Այդ տարիներին Վիեննայի արքունի պաշտոնյաների մեջ հիշատակվում է հայ Օգոստինոս Աղամալյանը, որն արքունի թարգմանիչ էր: Ավելի ուշ հարևան Իտալիայից (Տրիեստ քաղաքից) Վիեննա եկան Մխիթարյան միաբանության անդամներ, որոնք ձեռնամուխ եղան գիտաքարոզչական աշխատանքի՝ հավաքելով, ուսումնասիրելով և հրատարակելով հին հայկական ձեռագրեր, եվրոպական ժողովուրդներին ծանոթացրել են այդ գանձերին: Ի դեպ՝ այժմ էլ Վիեննայի Մխիթարյան հայրերը շարունակում են իրենց հայանպաստ բեղմնավոր գործունեությունը, իսկ նրանց մատենադարանում պահպանվում են մոտ 3000 հնագույն հայկական ձեռագրեր, որոնց թվում՝ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և միջնադարյան այլ մանրանկարիչների նկարազարդած մեծարժեք մատյաններ: XIX դարի սկզբներին Վիեննայի հայ գաղութն այնքան մարդաշատ է եղել, որ Մխիթարյան աբբահայրերը հայ երեխաների համար բացել են գիշերօթիկ դպրոց, հիմնել տպարան, լույս ընծայել դասագրքեր: Վիեննահայերն ունեցել են իրենց ամսագրերը, որոնցից «Հանդես ամսօրյան» (հիմնադրվել է 1887 թ-ին) լույս է տեսնում ցայսօր:
Ներկայումս Ավստրիայում բնակվում է շուրջ 4 հզ. հայ (ճնշող մեծամասնությունը՝ Վիեննայում): Ավստրիահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպում են մի շարք բարեգործական և մշակութային կազմակերպություններ: Գործում են Սուրբ Փրկիչ և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, Մխիթարյան միաբանության Աստվածաբանության ուսումնարանը, «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դասընթացները: 1984 թ-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, իսկ 2001 թ-ից եկեղեցու մերձակա հրապարակը կոչվել է Հայկական հրապարակ: 1979 թ-ից Ավստրիայի Ֆորառլբերգ նահանգը եղբայրացել է Հայաստանի հետ:
Ավստրիացիներն ու վիեննահայ գաղութը զգալի մարդասիրական օգնություն են ցուցաբերել 1988 թ-ի դեկտեմբերյան երկրաշարժից տուժած Սպիտակին ու Գյումրիին:
Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հայտնի վեպը նվիրված է Մեծ եղեռնի ժամանակ մուսալեռցի հայերի ինքնապաշտպանության հերոսական պայքարին: Համայնքի ջանքերով Վիեննայի կենտրոնում կանգնեցվել է Ֆ. Վերֆելի հուշարձանը: