Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սուեզի ջրանցքը
Պանամայի ջրանցքը
Ոռոգման ջրանցք
Ջրանցքները ջրի անճնշում հոսքով արհեստական ջրատարներ են: Ջրանցքները լինում են նավարկելի (արհեստական ջրային ուղիներ), էներգետիկական, ոռոգման, չորացման և այլ տեսակների: Վերջին 100 տարում աշխարհում բազմաթիվ խոշոր նավարկելի ջրանցքներ են կառուցվել, որոնք իրար են կապում ծովերն ու օվկիանոսները, և որոնցով տեղափոխում են զանազան բեռներ: Ավելի լայն ջրուղիներով երթևեկում են խոշոր բեռնանավեր, որոնց մի մասին քաշում են հատուկ քարշականավերը: Հզոր քարշականավերը կարող են քարշ տալ մինչև 50  բեռնավորված նավեր: 

Ջրանցքների տեսակները
Ծովերն ու օվկիանոսներն իրար կապող հսկա նավարկելի ջրանցքները բազմաթիվ անգամ կրճատում են հեռավոր նավարկությունների տևողությունը: Օրինակ՝ Միջերկրական ծովը Կարմիր ծովին միացնող Սուեզի ջրանցքը (կառուցվել է 1869 թ-ին), որի երկարությունը 161 կմ է, նավերին հնարավորություն է տալիս, առանց Աֆրիկայի շուրջը շատ երկար ճանապարհորդելու, Եվրոպայից արագորեն հասնել Հնդկաստան և Հեռավոր Արևելքի երկրներ:
Այլ ջրանցքներ իրար են միացնում գետերն ու լճերը: Օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայում գտնվող Սուրբ Լավրենտիոսի նավարկելի ջրանցքը  խոշոր նավերին հնարավորություն է տալիս Էրի լճից հասնել մինչև Օնտարիո լիճը, ինչի շնորհիվ արևմուտքում գտնվող Վերին լճից կարելի է հասնել Ատլանտյան օվկիանոս՝ կրճատելով այդ ճանապարհն ավելի քան 3830 կմ-ով: Եվրոպայի ջրանցքների ճյուղավորված ցանցը Հռենոս և Ռոն գետերը կապում է մյուս խոշոր գետերի հետ: 
Երբեմն ջրանցքների տարբեր մասերում ջուրը տարբեր մակարդակներ է ունենում: Այդ պատճառով բլրաշատ վայրերում ջրանցքներ անցկացնելու նպատակով կառուցում են ջրարգելակների մի ողջ համակարգ: Ջրարգելակը հատուկ դարպասներով (փեղկերով) կառույց է, որի 2 կողմերում ջրի մակարդակները տարբեր են: Ջրարգելակում ջրի մակարդակի փոփոխությունների շնորհիվ նավերն ու բեռնանավերը կարող են բարձրանալ կամ իջնել ջրի մի մակարդակից մյուսը. այս շարժընթացն անվանում են նավանցում: Այդպիսի աստիճանավոր ջրարգելակում նավը կարող է բարձրացվել մինչև 9 մ: Ջրարգելակներով ջրանցքներից է 1914 թ-ին կառուցված 81,6 կմ երկարությամբ Պանամայի ջրանցքը: Այն   նավերին հնարավորություն է տալիս, առանց Հարավային Ամերիկայի ափերը շրջանցելու, Ատլանտյան օվկիանոսից և Կարիբյան ծովից միանգամից մտնել Խաղաղ օվկիանոս: Այդպիսի ջրանցքներից է նաև 1952 թ-ին կառուցված 101 կմ երկարությամբ Վոլգա-Դոն ջրանցքը, որն իրար է կապում Ռուսաստանի եվրոպական մասի ծովերը:
Էներգետիկական (դերիվացիոն) ջրանցքները գետից, ջրամբարից, լճից ջուրը մատուցում են ջրաէլեկտրակայան կամ դրանից հեռացնում են տուրբինով անցած ջուրը: Սովորաբար այդ ջրանցքների երկարությունը մեծ չէ: Այդպիսի ջրանցք կա Սևան-  Հրազդան կասկադում:
Ոռոգման ջրանցքները նախատեսված են ոռոգման ջուր հասցնելու համար: Դրանց երկարությունը հասնում է մի քանի հարյուր կիլոմետրի. օրինակ՝ Կարակումի ջրանցքի երկարությունն ավելի քան 800 կմ է, Հյուսիս-Ղրիմյան ջրանցքինը՝ 400 կմ, Ֆերգանայի մեծ ջրանցքինը՝ մոտ 300 կմ: Հայաստանի Հանրապետությունում կան մեծ թվով ոռոգման ջրանցքներ՝ Շիրակի (21,3 կմ, կառուցվել է 1925 թ-ին), Արտաշատի (61 կմ, 1940 թ-ին), Ստորին Հրազդանի (50 կմ, 1952 թ-ին), Կոտայքի (43 կմ, 1963 թ-ին), Արզնի-Շամիրամի (92 կմ, 1974 թ-ին), Գառնիի (21,4 կմ, 1974 թ-ին), Թալինի (91 կմ, 1986 թ-ին) և այլն:
Չորացման ջրանցքներն ինքնահոսով կամ պոմպակայանների միջոցով հավաքում են ցամաքուրդային ցանցի ջրերը: Օրինակ՝ չորացման ջրանցքներ կան Արարատյան դաշտի աղակալած հողերի մշակման համալիրում:
Կառուցում են նաև այլ տիպերի ջրանցքներ, օրինակ՝ ջրմուղի՝ ջրամատակարարման աղբյուրից ջուրը սպառողին հասցնելու համար, լաստառաքման՝ փայտանյութը ցրիվ կամ լաստերով մինչև փայտամշակման գործարան հասցնելու համար, ձկնաբուծական և այլն:
Ջրանցքների կառուցման պատմությունից
   Ոռոգման ջրանցքների կառուցումն սկսվել է դեռևս վաղ անցյալում՝ մ.թ.ա. V–III հազարամյակներում՝ Հին Արևելքում, մ.թ.ա. V հազարամյակում՝ Հին Եգիպտոսում, մ.թ.ա. III հազարամյակում՝ Չինաստանում: Նավարկելի ջրանցքների կառուցումը նույնպես սկսվել է հնում, օրինակ՝ մ.թ.ա. VI դարում կառուցվել է Նեղոսը Կարմիր ծովին միացնող ջրանցքը:
   Հայաստանի տարածքում ջրանցքներ սկսել են կառուցել մ.թ.ա. IX դարում: Դրանցից խոշորագույնը մ.թ.ա. IX–VIII դարերում կառուցված Մենուայի ջրանցքն է, որը վերակառուցումներից հետո գործում է առ այսօր: Այդպիսին է նաև Դալմայի ջրանցքը: VII–X դարերում ջրանցքներ են կառուցվել Զվարթնոցում, Գավառում, Տաթևում, Անիում: XVIII դարին են վերաբերում Էջմիածնի և Խաթունարխի ջրանցքները:
   Եվրոպայում ջրանցքների կառուցումը կապված է Հռոմեական կայսրության ծավալման հետ: Հռոմեացիները ռազմափոխադրական նպատակներին ծառայող ջրանցքների համակարգ են ստեղծել ողջ Եվրոպայով: XIII–XIV դարերում Նիդեռլանդներում գործող չորացման ջրանցքները վերակառուցվեցին բեռնատար նավեր ընդունելու նպատակով: XVII դարում խոշոր ջրանցքներ կառուցվեցին Ֆրանսիայում, իսկ Մեծ Բրիտանիայում ջրանցքների շինարարության սկիզբը համարվում է XVIII դարի կեսերը: