Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հասուն մարդու ատամնաշարերը. 1. կտրիչներ, 2. ժանիքներ, 3. փոքր աղորիքներ, 4. մեծ աղորիքներ
Մեծ աղորիքի կտրվածքը. 1. արծն, 2. դենտին, 3.կակղենի, 4. ցեմենտ, 5. ատամի խոռոչ, 6. լնդի լորձաթաղանթ, 7. շրջոսկր, 8. արմատային խողովակ, 9. ատամի արմատ, 10. ատամի պսակ
Ատամները մարդու օրգանիզմի ամենակարծր մասերից են: Նրանց օգնությամբ մարդը ծամում, մանրացնում է սնունդը, ուստի ատամները պետք է շատ ամուր լինեն: Մարդկանց ատամները կարևոր դեր ունեն նաև խոսքում՝ որոշ հնչյունների արտաբերման համար: Կենդանիների ատամները պաշտպանության, հարձակման և որսը բռնելու միջոց են:Տարբեր կենդանիների ատամների ձևերը տարբեր են. ձկների ատամներն ավելի հասարակ են, կոնաձև, կաթնասուններինը բարդ են՝ առանձին խմբերի (կտրիչներ, ժանիքներ, աղորիքներ) բաժանված: Առավել զարգացած են կրծողների կտրիչները, գիշատիչների` ժանիքները: Հաճախ ժանիքները որոշ կենդանիների (վարազ, ծովափիղ, փիղ) արական սեռի հատկանիշ են: Լավ զարգացած են խոտակեր կենդանիների աղորիքները:
Հասուն մարդու յուրաքանչյուր ատամնաշար պարունակում է 16 ատամ՝ 4 կտրիչ, 2 ժանիք, 4 փոքր և 6 մեծ աղորիքներ, որոնք տարբերվում են իրենց ձևերով:
Ատամների զարգացումն սկսվում է սաղմի զարգացման վաղ փուլում և շարունակվում է մինչև 18–20 տարեկանը:
Յուրաքանչյուր ատամնաշարում կաթնատամները 10-ն են՝ 4 կտրիչ, 2 ժանիք, 4 աղորիք:
Ատամների բնականոն ձևավորման համար կարևոր նշանակություն ունի մոր և երեխայի լիարժեք (հատկապես վիտամինների, կալցիումի և ֆոսֆորի աղերով հարուստ) սնունդը:

Ատամների կազմությունը
Ատամը բաղկացած է պսակից, որը լնդի մակերևույթից բարձր մասն է, և արմատից, որը տեղակայված է ծնոտոսկրի ատամնաբնային փոսում: Պսակը և արմատն իրարից բաժանված են վզիկով, որը կիպ գրկված է դրան հարող լնդի լորձաթաղանթով: Ատամը հիմնականում կազմված է դենտինից, որը պսակի շրջանում ծածկված է արծնով (էմալ), արմատի շրջանում՝ ոսկրանման ցեմենտով: Ատամի խոռոչը և արմատային խողովակները լցված են փափուկ հյուսվածքով՝ կակղենիով (պուլպա): Այն բաղկացած է փուխր շարակցական հյուսվածքից, անոթներից, նյարդերից և տարբեր բջիջներից:
Մնայուն ատամներն առավել հանքայնացված են, քան կաթնատամները: Աճող ատամների արմատները ձևավորվում են բավականին ուշ:

Ատամների ծկթումը
Նախ ծկթում են ներքևի, ապա՝ վերևի ատամնաշարերի կենտրոնական կտրիչները (կյանքի 6–8-րդ ամիսներին), կողմնային ստորին, ապա վերին կտրիչները ծկթում են 8–12-րդ ամիսներին: Հաջորդաբար ծկթում են 1-ին աղորիքները՝ 12–16-րդ ամիսներին, ժանիքները՝ 16–20-րդ ամիսներին, ապա` 2-րդ աղորիքները՝ 20–30-րդ ամիսներին: Մնայուն ատամները ծկթում են 5 և 6 տարեկանից սկսած. սկզբում՝ 1-ին մնայուն մեծ աղորիքը, 6 տարեկանում՝ կենտրոնական մնայուն կտրիչները, 9-10 տարեկանում՝ կողմնային կտրիչները, 10-14 տարեկանում՝ ժանիքները և փոքր աղորիքները, 14-16 տարեկանում՝ 2-րդ մեծ աղորիքները, իսկ 15-16 տարեկանում՝ իմաստության ատամները: Ատամների ծկթումը բնականոն ֆիզիոլոգիական երևույթ է և սովորաբար չի առաջացնում հիվանդագին վիճակ, սակայն երբեմն այդ շրջանում երեխայի մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ, այդ դեպքում հարկավոր է դիմել բժշկի:

Ատամների խնամքը
Ատամները կանոնավոր չմաքրելու և քաղցրեղեն շատ ուտելու դեպքում փչանում են, որովհետև սննդի մնացորդները, ատամների արանքում մնալով, բակտերիաների ազդեցությամբ քայքայվում են և արտադրում թթուներ, որոնք դանդաղ քայքայում են կարծր արծնը. առաջանում է ոսկրափուտ՝ կարիես կոչվող հիվանդությունը: Այնուհետև ոսկրափուտը, աստիճանաբար խորանալով, ախտահարում է դենտինը, ատամի մեջ առաջանում է խոռոչ, և ատամը ցավում է դրա մեջ սնունդ ընկնելիս, սառը, տաք ջրից և այլն: Որպեսզի ատամները չփչանան, պետք է կրճատել քաղցրեղենի օգտագործումը, օրաբաժնում ներառել ավելի շատ թարմ մրգեր (օրինակ՝ խնձոր) և բանջարեղեն (օրինակ՝ գազար):  
Հարկավոր է նաև կանոնավոր հաճախել ատամնաբուժարան` ժամանակին բուժել ատամները, հեռացնել նրանց վնասված մասերը և փոխարինել ատամնալիցքով (պլոմբ):
    
  Ատամնաբույժների հովանավորը համարվում է Սուրբ Ապոլոնիան, ով, ըստ քրիստոնեական ավանդության, 294 թ-ին  Ալեքսանդրիայում ենթարկվել է տանջալից փորձության` նրա բոլոր ատամները միանգամից հեռացրել են: