Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Մոսկվա
Տարածքը՝ 
17.075,4 հզ. կմ2
Բնակչությունը՝
146,5 մլն
Պետական լեզուն՝ 
ռուսերեն
Դրամական միավորը՝ 
ռուբլի
Ռուսաստանի դաշնության մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնի համայնապատկերը
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը
Եկատերինայի պալատը Սանկտ Պետերբուրգում 
Տայգա Արևմտյան Սիբիրում
Վոլգա գետը
Ռուսական հանրահայտ մոտրյոշկան
Մոսկվայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին
Կիսլովոդսկի Սուրբ Վարդան հայկական եկեղեցին
Նոր Նախիջևանի (այժմ` Դոնի Ռոստովի շրջագծում) Սուրբ Խաչ հայկական վանքը
Ռուսաստանի Դաշնություն 
Ռուսաստանը տարածքով աշխարհի ամենամեծ պետությունն է. գտնվում է Եվրոպայի արևելյան և Ասիայի հյուսիսային մասերում: Երկրի ձգվածությունն արևելքից արևմուտք  ընդգրկում է 11 ժամային գոտիներ: 
Ռուսաստանը մեծ դեր ունի նաև քաղաքական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում, իսկ ռազմական հզորությամբ աշխարհի գերտերություններից է:
Ռուսաստանն աշխարհի ամենաերկար սահմանագիծ ունեցող երկիրն է: Սահմանի երկարությունը մոտ 60 հզ. կմ է, որի 2/3-ը ծովային է: Երկրի ափերը ողողում են Սև, Ազովի, Կասպից, Բալթիկ, Բարենցի, Սպիտակ, Կարայի, Լապտևների, Արևելասիբիրական, Չուկոտյան, Օխոտի, Ճապոնական ծովերը:
Երկրի մակերևույթը խիստ բազմազան է: Այստեղ կան բարձր լեռներ ու ընդարձակ հարթավայրեր: Արևելքում Արևելաեվրոպական կամ Ռուսական հարթավայրն է: Հարթավայրի արևելյան սահմանը Ուրալյան լեռնաշղթան է, որով Ռուսաստանը բաժանվում է եվրոպական և ասիական մասերի: Ուրալից արևելք Արևմտասիբիրական հարթավայրն է: Հարավում և արևելքում գերակշռում են լեռնային մարզերը (Մեծ Կովկաս, Ալթայ, Սայաններ, Մերձբայկալյան, Անդրբայկալյան): Ամենաբարձր (5642մ) կետը Էլբրուսն է, ամենացածրը (-28մ)՝ Մերձկասպյան դաշտավայրը: 
Ենիսեյի և Լենայի միջև Միջինսիբիրական բարձրավանդակն է, Լենայի և Խաղաղ օվկիանոսի միջև՝ Հյուսիսարևելյան Ասիայի լեռնաշղթան և բարձրավանդակը:
Երկրի ընդերքը շատ հարուստ է օգտակար հանածոներով` երկաթ, գունավոր, հազվագյուտ ու թանկարժեք մետաղներ, ալմաստ, քարածուխ, նավթ, բնական գազ, կալիումական աղեր, ֆոսֆորիտներ և այլն: 
Բուսական աշխարհը բնորոշվում է հյուսիս-հարավ գոտիականությամբ: Արկտիկական անապատային բուսականությունը փոխվում է մամռաքարաքոսային և թփուտային տունդրայի: Անտառատունդրային գոտում տարածված են կեչու, եղևնու և խեժափիճու նոսր անտառները: Անտառային գոտին ստորաբաժանվում է հյուսիսային տայգայի և հարավային խառնանտառների ենթագոտիների:
Պոդզոլային հողերի վրա գերիշխում են  մուգ ասեղնատերև տայգան (եղևնի, եղևին, մայրի) և սոճու անտառները: Ենիսեյից արևելք սառած հողերի վրա տարածված է խեժափիճու բաց գույնի ասեղնատերև, Հեռավոր Արևելքում՝ եղևնու և եղևինի տայգան: 
Հեռավոր Արևելքի հարավի անտառներում հանդիպում են մանջուրական բուսատեսակներ: Անտառատափաստանային գոտուն բնորոշ են կաղնու կամ կեչու-կաղամախու պուրակները և տարախոտային մարգագետնային տափաստանները, տափաստանային գոտում  գերիշխում են տարախոտահացաբուսային տափաստանները: Կիսաանապատային գոտում տարածված են  օշինդրի աղուտաբույսերի և հացաբույսերի նոսր բուսածածկերը: Լեռնային մարզերում նախալեռների տարախոտային տափաստանները 600-800մ բարձրությունից հերթագայվում են անտառներով, 2000 մ-ից բարձր՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններով:
Կենդանական աշխարհը նույնպես բաշխված է աշխարհագրական գոտիներով. Արկտիկական անապատային գոտուն և տունդրային բնորոշ են բևեռաղվեսը, լեմինգը, հյուսիսային եղջերուն, բևեռային բուն, տունդրային կաքավը: Անտառային գոտու, հատկապես տայգայի ներքին մասերը արդյունագործական որսորդության և մորթեղենի մթերման հիմնական շրջաններ են: Կան որմզդեղն, գորշ արջ, լուսան, սամույր, աղվես, սկյուռ, նապաստակ, Արևելյան Սիբիրում՝ նաև մարալ, մշկայծյամ, սիբիրյան կզաքիս, Հեռավոր Արևելքի հարավում՝ ուսուրական վագր, սև արջ, ենոտաշուն, գետակինճ, թռչուններից՝ խլահավ, ցախաքլոր, աքար, փայտփոր: Անտառատափաստանային և տափաստանային գոտիներում գերակշռում են մանր կրծողները (դաշտամուկ, գետնասկյուռ, ճագարամուկ, համստեր, արջամուկ), թռչուններից՝ մեծ արոսը, արծիվը և այլն:
Ծովերը հարուստ են ձկներով և կաթնասուններով, ներքին ջրային ավազաններում կան սաղմոն, թառափ, ծովատառեխ և այլն: 
Առանձնացված են 100 արգելոց և 33 բնական ազգային պարկեր:
 Հյուսիսից հարավ մեծ ձգվածության հետևանքով Ռուսաստանը գտնվում է 3 կլիմայական գոտիների սահմաններում՝ արկտիկական, մերձարկտիկական, բարեխառն: Ուրալյան լեռներից արևելք տիրապետում է խիստ ցամաքային, իսկ Հեռավոր Արևելքի ծովափնյա գոտում՝ բարեխառն մուսսոնային կլիման: Հունվարի միջին ջերմաստիճանը 0-ից -50օC է, հուլիսինը՝ 1–25օC: Միջին տարեկան տեղումները` 150–2000 մմ, Սիբիրի և Հեռավոր Արևելքի շատ հարթավայրերում բազմամյա սառածություն է: Ռուսաստանում է գտնվում բնակելի ցամաքի ամենացուրտ (-78օC) կետը՝ Օյմյակոնը:
Ռուսաստանի գետային ցանցը շատ խիտ է: Գետերն ունեն էներգետիկ և տրանսպորտային մեծ նշանակություն, չնայած տարվա մի մասը սառցակալվում են: Խոշոր գետերն են Վոլգան, Ենիսեյը, Օբը՝ Իրտիշ վտակով, Անգարան, Լենան, Ամուրը, Կուբանը, Թերեքը և այլն: Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոր, քաղցրահամ լիճը՝ Բայկալը, ինչպես նաև ամենամեծ լճի՝ Կասպից ծովի մի մասը: Խոշոր են նաև Բալխաշ, Լադոգա, Օնեգա լճերը: 
Ռուսաստանի տարածքում քաղաքներ և հնագույն պետություններ եղել են դեռևս մ.թ.ա. 1-ին հազարամյակում: Իսկ Հին Ռուսական պետությունը կազմավորվել է IX դարում: Ռուսաստանում 988 թ-ին քրիստոնեությունն ընդունվել է որպես պետական կրոն: XIII դարում ռուսական Կամա-Վոլգյան Բուլղարիան ենթարկվել է թաթար-մոնղոլական արշավանքներին, իսկ Նովգորոդի և Պսկովի երկրամասերը՝ շվեդական և գերմանական հարձակումներին: Շուրջ 250 տարի տևած մոնղոլ-թաթարական լուծը հնարավոր եղավ թոթափել ռուսական իշխանությունների համատեղ ուժերով՝ Կուլիկովյան ճակատամարտում (1380 թ-ին) տարած հաղթանակի շնորհիվ: XIV–XVI դարերում Մոսկվայի շուրջը ստեղծվել է ռուսական կենտրոնացված պետություն՝ Մոսկվայի մեծ իշխանությունը, որը ներառում էր Հյուսիսարևելյան և Հյուսիսարևմտյան Ռուսիայի տարածքները: XVI դարի վերջին – XVII դարի կեսերին երկրում ձևավորվել են ճորտատիրական հարաբերությունները: XVII  դարի սկզբին ռուսները հետ են մղել երկիր ներխուժած Ռեչ Պոսպոլիտայի և Շվեդիայի զորքերը, իսկ նույն դարի կեսերին Ռուսաստանի կազմի մեջ է մտել Ուկրաինան: XVII–XVIII դարերը հայտնի են կազակա-գյուղացիական զանգվածային ապստամբություններով, որոնցից ամենամեծը Ե. Պուգաչովի գլխավորած ապստամբությունն էր (1773–75 թթ.):
XVII դարի վերջը և XVIII դարի առաջին քառորդը նշանավորվել են Պետրոս Առաջին (1682–1725 թթ.) կայսեր բարեփոխություններով, որոնք էապես նպաստել են երկրի հասարակական-տնտեսական և մշակութային զարգացմանը:
Հյուսիսային պատերազմում (1700–21 թթ-ին) հաղթելով շվեդական զորքերին` Ռուսաստանն ապահովել է ելք դեպի Բալթիկ ծով: XVI–XIX դարերում Հյուսիսի, Պովոլժիեի, Ուրալի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի տարածքների միացման և մի շարք ոչ ռուս ժողովուրդների միավորման միջոցով կազմավորվել է բազմազգ Ռուսական կայսրությունը:
1812 թ-ի Հայրենական պատերազմում Ռուսաստանը ջախջախեց Նապոլեոնի բանակին: 1861 թ-ին կառավարության անցկացրած գյուղացիական բարեփոխման արդյունքում հիմնականում վերացվեց ճորտատիրական իրավունքը:
XIX դարի վերջին – XX դարի սկզբին երկրում կազմավորվեցին քաղաքական կուսակցություններ: 1904–05 թթ-ի ռուս-ճապոնական պատերազմում կրած պարտությունը սրեց իրավիճակը երկրում և հանգեցրեց 1905-07 թթ-ի հեղափոխությանը, որի հետևանքով Ռուսաստանը դարձավ սահմանադրական հանրապետություն, հիմնադրվեց խորհրդարանը՝ Պետական դուման:
Ռուսաստանն Առաջին համաշխարհային պատերազմին (1914–18 թթ.) մասնակցել է Անտանտի կազմում: 1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությամբ երկրում տապալվեց ինքնակալությունը և 1917 թ-ի սեպտեմբերի 1-ին հռչակվեց հանրապետություն: 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, և Ռուսաստանում հռչակվեց Բանվորների, զինվորների ու գյուղացիների պատգամավորների խորհուրդների իշխանություն: 1918 թ-ին կազմավորվեց Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը (ՌԽՖՍՀ):
1922 թ-ի դեկտեմբերի 30-ին ՌԽՖՍՀ, ՈւԽՍՀ, ԲԽՍՀ և Անդրֆեդերացիայի միավորմամբ կազմավորվել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ):
ԽՍՀՄ հայրենական պատերազմի (1941–45 թթ.) տարիներին երկրի տարածքի զգալի մասը գրավվեց Գերմանիայի և նրա դաշնակիցների զորքերի կողմից: Գերմանական զորքերը երկրից դուրս մղվեցին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների միասնական ուժերով:
1980-ական թվականների կեսերին ԽՍՀՄ-ում հռչակված Վերակառուցման քաղաքականության տարիներին երկրում զգալիորեն թուլացան կոմունիստական կուսակցության դիրքերը և խորացավ տնտեսական լճացումը: Հետևանքը եղավ այն, որ  ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների համագումարը 1990 թ-ի հունիսի 12-ին հռչակեց Ռուսաստանի Դաշնության անկախությունը: 1991 թ-ի մարտին հիմնվեց ՌԴ նախագահի պաշտոնը, առաջին նախագահ ընտրվեց Բորիս Ելցինը, իսկ դեկտեմբերին Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ղեկավարները ստորագրեցին Բելովեժյան համաձայնագիրը, որով դադարեցվեց ԽՍՀՄ գոյությունը և հայտարարվեց նոր միջպետական միավորման` ԱՊՀ կազմավորման մասին:
1993 թ-ին վերացվեց կառավարման Խորհուրդների համակարգը, ընդունվեց նոր սահմանադրություն և անցկացվեցին Դաշնային ժողովի առաջին ընտրությունները: 
Ռուսաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը Դաշնության ժողովն է, որը բաղկացած է Պետական դումայից և Դաշնության խորհրդից. վերջինում ներկայացված են դաշնության բոլոր անդամները՝ հանրապետությունները, երկրամասերը, մարզերը:
Ռուսաստանը բազմազգ երկիր է: Մեծամասնությունը ռուսներ են (81,5 %), ապրում են նաև ավելի քան հարյուր ազգություններ՝ թաթարներ, բաշկիրներ, չուվաշներ, մորդվիններ, մարիներ, յակուտներ, բուրյաթներ, կալմիկներ, կոմիներ, ուդմուրտներ, կաբարդիններ, ինգուշներ, չեչեններ, բալկարներ և այլք, որոնք Ռուսաստանի կազմում ունեն իրենց ազգային հանրապետութունները, այդ պատճառով էլ ընդհանուր երկիրը կոչվում է նաև Ռուսաստանի Դաշնություն: Դաշնության կազմում կան 21 հանրապետություն, 6 երկրամաս, 49 մարզ և դաշնային նշանակության 2 քաղաք՝ Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը:
Ռուսաստանում կա շուրջ 1100 քաղաք, որոնցից 13-ն ունեն ավելի քան 1 մլն բնակչություն` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Սամարա, Չելյաբինսկ, Օմսկ և այլն: 
Աշխարհի խոշորագույն քաղաքներից է մայրաքաղաք Մոսկվան, որն արդյունաբերական, մշակութային, կրթական և գիտական խոշոր կենտրոն է: Գործում են շուրջ 800 արդյունաբերական ձեռնարկություններ, մի քանի տասնյակ բուհեր, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ձեռք բերած Լոմոնոսովի անվան պետական համալսարանը: Աշխարհահռչակ են օպերայի և բալետի ակադեմիական Մեծ թատրոնը, Կոնսերվատորիան, Փոքր թատրոնը, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը, Վախթանգովի թատրոնը և այլն:
Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքն է (պաշտոնական մայրաքաղաքն էր մինչև 1918 թ.): Այն հայտնի է իր գեղեցկությամբ, պատմաճարտարապետական հուշարձանների և թանգարանների առատությամբ: Սանկտ Պետերբուրգում են Մարիինյան թատրոնը, Տովստոնոգովի անվան թատրոնը, Սմոլնին և բազմաթիվ այլ կառույցներ: Տեղաբաշխվելով բազմաթիվ կղզիների վրա, որոնք միմյանց են միանում բացվող կամուրջներով, այն վեհաշուք տեսք ունի, որի շնորհիվ ստացել է «Հյուսիսային Վենետիկ» անվանումը:
Երկրի բնական հարստությունները, դրանց խելացի շահագործումն ի վիճակի են ապահովել արդյունաբերության և գյուղատնտեսության կայուն զարգացումը: 
Ռուսաստանը ինդուստրիալ-ագրարային երկիր է, որի տարածքը բաժանված է 12 խոշոր մարզային-տնտեսական շրջանների՝ Հյուսիսային, Հյուսիսարևմտյան, Կենտրոնական, Վոլգա-Վյատսկյան, Կենտրոնասևահողային, Պովոլժյան, Հյուսիսկովկասյան, Ուրալյան, Արևմտասիբիրական, Արևելասիբիրական, Հեռավորարևելյան, Կալինինգրադյան: Ազգային եկամտի կառուցվածքում արդյունաբերության բաժինը կազմում է 44,5 %, գյուղատնտեսությանը՝ 10, շինարարությանը՝ 11,5, տրանսպորտինն ու կապինը, նյութատեխնիկական սպասարկմանը, մթերումների և այլ ոլորտներինը՝ 34:
Նավթի արտահանությամբ աչքի են ընկնում Արևմտյան Սիբիրն ու Վոլգա-Ուրալյան նավթագազաբեր շրջանները, գազի՝ Կուզնեցկյան, Պեչորյան, Հարավ-յակուտական և այլ ավազանները:
Սև մետալուրգիայի խոշոր ձեռնարկություններ կան Մագնիտոգորսկում, Չելյաբինսկում, Նիժնի Տագիլում, Նովոկուզնեցկում, Չերեպովեցում, Լիպեցկում, գունավոր մետալուրգիայի՝ Նորիլսկում, Կրասնոյարսկում, Իրկուտսկում և այլուր: 
Մեքենաշինության խոշոր կենտրոններ են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Ուրալը, Պովոլժիեն, Արևմտյան Սիբիրը, քիմիական արդյունաբերության՝ Կենտրոնական, Հյուսիսարևմտյան Պովոլժիեի և Ուրալի շրջանները:
Երկրի հյուսիսային և արևելյան շրջաններում զարգացած է անտառարդյունաբերությունը:
Զարգացած է շինանյութերի և սննդի արդյունաբերությունը: Ռուսաստանի տարածքում գործում է միավորված էներգետիկ համակարգի՝ Կենտրոնի, Հյուսիս-Արևմուտքի, Պովոլժիեի, Հյուսիսային Կովկասի, Ուրալի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի: Գործում են բազմաթիվ ջեկեր, հզոր Վոլգա-Կամսկյան և Անգարա-Ենիսեյան ջրաէներգիական կասկադներն ու մի շարք ԱԷԿ-ներ:
Գյուղատնտեսության զարգացման հիմքը հողային հսկայական պաշարներն են (206,2 մլն հա), որոնցով Ռուսաստանն աշխարհում առաջինն է: Բուսաբուծության առաջատար ճյուղը հացահատիկային բույսերի և կարտոֆիլի, որին անվանում են երկրորդ հաց, մշակությունն է: Զարգացած են նաև պտղաբուծությունն ու բանջարաբուծությունը:
Կաթնամսատու և մսաբրդատու անասնապահությունը, որի համար կան նպաստավոր պայմաններ, նույնպես բազմաճյուղ է: Ձկնորսությամբ և ծովային կենդանիների որսով աշխարհի առաջատար երկրներից է: 
Խիստ զարգացած է կապի և տրանսպորտի՝ երկաթուղային, ավտոճանապարհային, ջրային ցանցը: Կարևոր ծովային նավահանգիստներն են Սանկտ Պետերբուրգը, Վանինոն, Նովոռոսիյսկը, Մուրմանսկը, Կալինինգրադը, ավտոճանապարհային խոշորագույն հանգույցներ՝ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Խաբարովսկը, Ադլերը, Միներալնիե Վոդին:
Ռուսաստանում կան 100-ից ավելի առողջարաններ, որոնցից առավել խոշորներն են Կովկասի սևծովյան ափը, Միներալնիե Վոդի առողջավայրերի համախմբերը և այլն:
Ռուսաստանը մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է: Ռուսներն իրենց պատմության ընթացքում ստեղծել են անանց արժեքներ գրականության, արվեստի, ճարտարապետության, գիտության բնագավառներում՝ նպաստելով համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը: Աշխարհին հայտնի են ռուս գիտնականներ Միխայիլ Լոմոնոսովի, Դմիտրի Մենդելեևի, Իվան Պավլովի, Նիկոլայ Վավիլովի, Սերգեյ Կորոլյովի, Անդրեյ Սախարովի, Մստիսլավ Կելդիշի, Լև Լանդաուի, գրողներ Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Լև Տոլստոյի, Ֆեոդոր Դոստոևսկու, Անտոն Չեխովի, Աննա Ախմատովայի, Ալեքսանդր Սոլժենիցինի, կերպարվեստի վարպետներ Անդրեյ Ռուբլյովի, Իլյա Ռեպինի, Իսահակ Լևիտանի, Վալենտին Սերովի, Միխայիլ Վռուբելի, կոմպոզիտորներ Միխայիլ Գլինկայի, Պյոտր Չայկովսկու, Մոդեստ Մուսորգսկու, Սերգեյ Ռախմանինովի, Դմիտրի Շոստակովիչի, Սերգեյ Պրոկոֆևի և շատ այլոց անունները:

Հայերը Ռուսաստանում
Հայ-ռուսական պատմական առնչություններն սկզբնավորվել են X–XI դարերում, երբ հայկական առաջին համայնքներն են ստեղծվել վոլգյան բուլղարների տարածքում և ապա՝ Հին Ռուսիայի մայրաքաղաք Կիևում: Հետագա դարերի ընթացքում հայերի հոսքը Ռուսաստան ուժեղացել է. հայկական գաղութներ են հիմնվել Մոսկվայում (XV դար), Աստրախանում, Հյուսիսային Կովկասում, Սանկտ Պետերբուրգում (XVIII դար): 1778 թ-ին Ղրիմի հայերը ռուսական կառավարության որոշմամբ վերաբնակեցվել են Դոնի գետաբերանի տարածքում, որտեղ նրանք հիմնել են Նոր Նախիջևան քաղաքը (այժմ՝ Դոնի Ռոստովի շրջագծում): Հայերն աստիճանաբար սկսել են նկատելի դեր խաղալ Ռուսաստանի տնտեսական կյանքում՝ հիմնելով արտադրական ձեռնարկություններ և առևտրական տներ: Ռուսաստանի իշխանությունները, ելնելով պետության տնտեսական շահերից, հովանավորում էին հայ բնակչությանը` նրան դիտելով որպես օգտակար տարր: Ռուսաստանի հայկական գաղութների մի մասն ստացավ էական արտոնություններ, նույնիսկ` ինքնավարություն: 
XIX դարի առաջին կեսին հայկական խոշոր գաղութներ կազմավորվեցին Հյուսիսային Կովկասում՝ Ստավրոպոլում, Եկատերինոդարում (Կրասնոդար), Վլադիկավկազում, Սև ծովի կովկասյան ափի քաղաքներում և գյուղերում: Հայերը հիմնեցին Արմավիր քաղաքը: Հայերի թիվը Հյուսիսային Կովկասում զգալիորեն ավելացավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ այստեղ ապաստան գտավ արևմտահայ գաղթականների մի մասը: 
Ռուսաստանում բնակվող հայերն աչքի են ընկել ոչ միայն երկրի տնտեսական, այլև քաղաքականության ու մշակույթի բնագավառներում: Տարբեր ժամանակաշրջաններում, հատկապես XIX դարում, Ռուսաստանի պետական կառույցներում, ռուսական զինված ուժերում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել մեծ թվով հայեր: Նրանց թվում են խոշոր պետական և ռազմական գործիչ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար Մ. Լոռիս-Մելիքովը, լուսավորության նախարար Ի. Դելյանովը, զորավարներ Դ. Ախշարումովը, Ի. Լազարևը, Ա. Տեր-Ղուկասովը, ծովակալ Լ.Սերեբրյակովը (Արծաթագործյան) և ուրիշներ: Արդյունաբերող Լազարյանների տոհմն իր միջոցներով 1815 թ-ին Մոսկվայում հիմնադրեց ճեմարան, որը շուտով դարձավ Ռուսաստանի ուսումնագիտական կենտրոններից մեկը: 
Ռուսաստանում ապրել և գործել են հայ մտավորականության երևելի դեմքեր՝ բանաստեղծ Վահան Տերյանը, գրող Մարիետա Շահինյանը, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, թատերական գործիչներ Եվգենի Վախթանգովը և Ռուբեն Սիմոնովը, դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, երգիչներ Զարա Դոլուխանովան, Պավել Լիսիցյանը, պետական գործիչներ Անաստաս Միկոյանը, Հովհաննես Թևոսյանը, մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Սերգեյ Ագանովը, ծովակալ Հովհաննես Իսակովը, ֆիզիոլոգ Լևոն Օրբելին, քիմիկոսներ Իվան Կնունյանցը, Նիկողոս Ենիկոլոփյանը, բուսաբան Արմեն Թախտաջյանը, ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը, տնտեսագետ Աբել Աղանբեգյանը, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը և ուրիշներ: 
1980-ական թվականների վերջից սկսվեց Ռուսաստանի հայ համայնքների հասարակական և մշակութային կյանքի վերելքը: Այն պայմանավորված էր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական վերափոխումներով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումով (1991 թ.), ինչպես նաև դեպի Ռուսաստան հայ գաղթականների (Ադրբեջանից, Հայաստանից) ուժեղ հոսքով: Ռուսաստանի հայկական համայնքներում սկսվեց շարժում՝ հանուն ազգային ավանդույթների վերականգնման, հայկական դպրոցների վերաբացման (Ռուսաստանում գործող բազմաթիվ հայկական դպրոցների մեծ մասը փակվել էր խորհրդային իշխանության տարիներին), ազգային մշակույթի զարգացման: 
1988 թ-ի մարտի 13-ին Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու բակում տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված բազմամարդ հանրահավաքներ, որոնց արդյունքում ծնվել է նոր ժամանակաշրջանի առաջին կազմակերպությունը՝ Ղարաբաղ կոմիտեն: Հետագա ամիսներին ստեղծվեցին հայ մշակութային և երիտասարդական ընկերություններ («Բարև Ձեզ», «Հյուսիսափայլ», «Մաշտոց», «Վասպուրական»), կենտրոններ ոչ միայն հին հայկական (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Ստավրոպոլ և այլն), այլև նոր համայնքներում (Կրասնոյարսկ, Իրկուտսկ, Չիտա, Վլադիվոստոկ և այլն): Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հայ համայնքներին վերադարձվել են հայկական եկեղեցիները, մի շարք տեղերում կառուցվել են նոր եկեղեցիներ: Ռուսաստանի տարածքում գործում են Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի (կենտրոնը՝ Մոսկվա) և Հարավային Ռուսաստանի (կենտրոնը՝ Կրասնոդար) թեմերը: 
Հայկական կառույցների ձևավորման նոր փուլն սկիզբ է առել 1996 թ-ի հունիսին, երբ ընդունվել է ՌԴ օրենքը ազգային-մշակութային ինքնավարությունների մասին: 1997 թ-ի փետրվարին գումարվել է Մոսկվայի հայերի ազգային-մշակութային ինքնավարության հիմնադիր կոնֆերանսը: 2000 թ-ի մայիսի 25-ին հայկական մի շարք կազմակերպությունների միավորիչ համագումարում ձևավորվել է «Մոսկվայի հայ համայնք» կազմակերպությունը, իսկ նույն թվականի հունիսի 16-ին հրավիրված հայկական համառուսաստանյան համագումարում՝ Ռուսաստանի հայերի միություն կազմակերպությունը (նախագահ՝ Արա Աբրահամյան):
Ավելի ուշ՝ 2001 թ-ին Մոսկվայում՝ Ա. Աբրահամյանի գլխավորությամբ, կազմակերպվել է նաև Հայերի համաշխարհային կոնգրես կազմակերպությունը:
Ռուսաստանի հայ համայնքն արտերկրում ամենախոշորն է. այն ընդգրկում է շուրջ 2,2 մլն մարդ: Ստեղծվել և երկրի ամբողջ տարածքում գործում է հայ կրթամշակութային խնդիրներով զբաղվող ծավալուն ցանց, որն ակտիվ կապերի մեջ է Հայաստանի հետ: Գործարար աշխարհում հաջողություններ ունեցող բազմաթիվ հայեր ներդրումներ են կատարում նաև Հայաստանում և իրենց նպաստը բերում հայրենիքի տնտեսության զարգացմանը:
Ռուսաստանի Դաշնության Պետական դուման 1995 թ-ի ապրիլին ընդունել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձև: