Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սավառնակ
Սավառնակները (ճախրաթիռներ) և օդապարուկները թռչող սարքեր են, որոնք շարժիչ չունեն և օդում սավառնում են քամու ուժի շնորհիվ: Սավառնակներն օգտագործվում են զվարճանքի և մարզական նպատակներով. մրցումներ են անցկացվում թռիչքի հեռավորության և օդային ակրոբատիկայի մարզաձևերում: Սավառնակների դասին են պատկանում նաև ծալվող թևերով դելտապլանները:
Օդի դիմադրությունը փոքրացնելու նպատակով սավառնակի իրանին տալիս են շրջահոսելի ձև, իսկ կշիռը նվազեցնելու համար այն պատրաստում են թեթև նյութերից: Սավառնակի երկար թևերի շնորհիվ նույնիսկ թռիչքի փոքր արագությունների դեպքում ստեղծվում է մեծ վերամբարձ ուժ, որն այդ թռչող սարքը պահում է օդում: Քանի որ այս թռչող սարքերը շարժիչ չունեն, ուստի օդ են բարձրացվում ինքնաթիռին կամ հզոր ավտոմեքենային ճոպանով կապված կամ գործարկման հատուկ հենահարթակից: Օդում սավառնորդն արձակում է ճոպանը, և սավառնակն  սկսում է թռչունի նման ազատ ճախրել: 
Եթե սավառնորդին հաջողվում է գտնել օդի վերընթաց հոսք (արևոտ օրերին սովորաբար բլուրներից վեր առաջանում է բարձրացող տաք օդի հոսանք), ապա այդ հոսքի մեջ մտնելով՝ սավառնակը կարող է հասնել մեծ բարձրությունների: 
Սավառնակների մեծ մասը մեկտեղանոց է, կան նաև մարզումների համար նախատեսված երկտեղանոց սավառնակներ:

Դելտապլան
Դելտապլանները եռանկյան (հունարեն դելտա՝ D տառի) տեսքով կառուցված, առանց շարժիչի թռչող սարքեր են: Դրանք նույնպես թռչում են քամու և գետնից բարձրացող տաք օդի հոսանքի շնորհիվ:
Դելտապլանների մեծ մասը նախատեսված է մեկ մարզիկի համար, որը փոկերով կապվում է այդ թռչող սարքի թևերի տակ գտնվող հատուկ շրջանակից: Որոշ մեծ դելտապլաններում նախատեսված է ևս մեկ տեղ՝ ուղևորի համար: Որպես կանոն` դելտապլանագնացն օդ է բարձրանում բավականաչափ թեք բլրալանջից՝ վազելով քամու հակառակ ուղղությամբ: Մարզիկը դելտապլանն օդում ղեկավարում է` մարմնի դիրքը փոխելով: Անվտանգության նկատառումով նա կրում է սաղավարտ և հագնում պարաշյուտ (անկարգել): Դելտապլաներիզմը ոչ միայն ակտիվ հանգստի տեսակ է, այլև հրապուրիչ մարզաձև, որի մրցումներում մարզիկներն աշխատում են ավելի հեռու թռչել կամ օդում ավելի երկար ճախրել: 

Օդապարուկներ
Օդապարուկները տեղակապվող, թռչող սարքեր են, որոնք օդում մնում են իրենց ստորին մակերևույթին ազդող քամու ճնշման շնորհիվ, իսկ գետնին ամրացվում են կարապիկի վրա փաթաթված ճոպանով:
Օդապարուկներ սովորաբար արձակում են տոներին, մարզական մրցումների ժամանակ, զվարճանքի համար, երբեմն՝ գործնական նպատակներով: Դրանք գետնից օդ են բարձրացվում ուժեղ քամու ժամանակ: Ասիայի որոշ շրջաններում ձկնորսները ձուկ են որսում` օդապարուկներին կարթաթելով կարթ ամրացնելով: Սամոայի բնիկներն օդապարուկները «լծում են» իրենց կանոեներին (նավակներին), իսկ բրիտանական բանակում օդապարուկները 1906 թ-ին օգտագործվել են զինվոր-հետախույզներին օդ բարձրացնելու համար:
Օդապարուկները հայտնագործվել են ավելի քան 3000 տարի առաջ Չինաստանում: Առաջին օդապարուկները պատրաստել են մետաքսից ու հնդկեղեգի ձողերից և թռցրել քուղից կապված: Ժամանակակից օդապարուկներն իրենցից ներկայացնում են պլաստիկապատ ալյումինե շրջանակ, որի ծայրերին ամրացված են 2 լարեր: Մերթ մեկ, մերթ մյուս լարը ձգելով՝ գետնին կանգնած մարդը կառավարում է օդապարուկը՝ ստիպելով նրան բարձրանալ կամ փոխել ուղղությունը: 
XIX դարի վերջին – XX դարի սկզբին օդապարուկներն օգտագործվել են մթնոլորտի վերին շերտերի օդերևութաբանական հետազոտությունների, տեղանքի նկարահանման և այլ նպատակներով: Առաջին մալուխները ջրվեժների վրայով նույնպես անցկացվել են օդապարուկների օգնությամբ: Օդագնացության և ավիացիայի թռչող սարքերի զարգացմանը զուգընթաց՝ օդապարուկներն սկսեցին կիրառվել միայն մարզական նպատակներով:

    Ժամանակին օդապարուկներն օգտագործվել են շինարարության մեջ. 1847 թ-ին 11-ամյա ամերիկացի մի տղա կարողացել է ճոպանի մի ծայրն ամրացնել օդապարուկին և այն անցկացնելով Նիագարա ջըրվեժի վրայով` իջեցնել մյուս ափը, ինչի շնորհիվ ջրվեժի վրայով ճոպան է ձգվել, և հնարավոր է դարձել սկսել կախովի կամրջի շինարարությունը:
Սավառնակների պատմությունից
    Ողջ կյանքը սավառնակների մոդելների փորձարկմանը նվիրած Ջորջ Կեյլին մարդուն օդ բարձրացնել կարողացող առաջին սավառնակը կառուցել է 1853 թ-ին: Ավելի ուշ Գերմանիայում Օտտո Լիլենթալը կառուցել և փորձարկել է մարմնի շարժումներով կառավարվող ավելի քան 15 սավառնակ: Առաջին մարզական սավառնակները կառուցվել են 1920-ական թվականներին՝ նույնպես Գերմանիայում: 1940-ական թվականների վերջերին ամերիկացի Ֆրենսիս Ռոգալլոն կառուցել է եռանկյունաձև օդապարուկ, որը և սկիզբ է դրել դելտապլաներիզմին: 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին մեծ սավառնակներով բազմիցս դեսանտ է իջեցվել: Այնուհետև սավառնակները երկար ժամանակ մոռացության են մատնվել, մինչև 1950-ական թվականներին ի հայտ եկան դելտապլանները:
    Վերջին տարիներին գործածության մեջ են մտել մոտոդելտապլանները, որոնք հանդերձված են դելտապլանի թևերի տակ ամրացված բենզինի շարժիչով և ունեն 1–2 ուղևորի համար նախատեսված պլաստիկե զամբյուղ: