Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արագածի ընդհանուր տեսքը հարավ-արևելքից
ՙԱրագած՚ անվանումը, ըստ ավանդության, ծագել է ՙԱրա՚ անունից և ՙգահ՚ բառից: Ասել է թե՝ Արայի գահ (խոսքը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի մասին է):
Արագածն իր բարձրությամբ Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սիփանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր՝ քառագագաթ լեռն է: Արագածի հյուսիսային գագաթն ունի 4090 մ բարձրություն, արևմտյանը՝ 3989 մ, արևելյանը՝ 3901 մ, հարավայինը՝ 3879 մ: Հիմքի շրջագիծը մոտ 200 կմ է, տարածքը՝ 6 հզ. կմ2:
Արագածի լանջերին պահպանվել են հին մշակույթի, ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ակունքներին կանգնեցված և ջրի պաշտամունքը խորհըրդանշող «վիշապ» կոչվող ձկնակերպ կոթողներ, միջնադարյան ճարտարապետության ուշագրավ կառույցներ (Ամբերդ, Բյուրական և այլն):
Արագածի կլիման փոխվում է ըստ բարձրության. լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ, գագաթնային գոտում ցրտեր են լինում նաև ամռանը, իսկ ձմեռը երկարատև է, խստաշունչ ու ձնառատ՝ տարեկան 250 օր կայուն ձնածածկույթով: Ըստ բարձրության` հերթափոխվում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, լեռնամարգագետնային և ձնամերձ գոտու լանդշաֆտները:
Լեռան լանջերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ, որոնցից գոյանում են Քասաղ, Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլ գետակներ: Սառցադաշտային կրկեսներում մեղմ ծփում են լեռնային գեղատեսիլ լճակները՝ Քարի, Ամբերդ, Լեսինգ և այլն: Արագածի աղբյուրների ջրով է սնվում նաև Արարատյան դաշտում գտնվող Մեծամոր լիճը: Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ մարգագետիններով, որտեղ տարածված են անուշահոտ ծաղիկներ (մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն): Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Լեռան հարավային լանջին՝ 1800– 2300 մ բարձրության վրա, պահպանվել է մի անտառակ, որտեղ աճող հիմնական ծառն արևելյան կաղնին է: Կենդանիներից Արագածի փեշերին կան ճագարամուկ, նապաստակ, աղվես, գայլ, կրիա, օձ, մողես:
Կան տուֆի, պեմզայի, պեռլիտի պաշարներ:
Արագածի հարավարևելյան լանջին է գտնվում Բյուրականի աստղադիտարանը, հյուսիսային լանջին՝ Մանթաշի ջրամբարը, մերձգագաթնային սարավանդի վրա 1943 թ-ից գործում են Տիեզերական ճառագայթների հետազոտման և «Արագած» բարձրլեռնային (3229 մ) օդերևութաբանական կայանները:
Մաքուր ու զովաշունչ օդը, առվակները, մարգագետիններն ու բազմերանգ ծաղիկներն ամռան ամիսներին իրենց գիրկն են կանչում զբոսաշրջիկներին ու հովեկներին, ալպինիզմի սիրահարներին:
Ժողովուրդը մի հիասքանչ ավանդազրույց ունի Արագածի մասին. մթնշաղին, երբ վերջալույսի ցոլքերն սկսում են մարել, լեռան վրա, նրա չորս գագաթների միջև, կանթեղանման մի երկար ցոլք է կախվում՝ հայոց հույսի, հայ մարդու երազանքների խորհրդանիշը, ինչի մասին շատ պատկերավոր գրել է Հովհաննես Թումանյանն իր «Լուսավորչի կանթեղը» բանաստեղծության մեջ: Իսկ Ավետիք Իսահակյանը իր «Արագածին» բանաստեղծությամբ ահա այսպես է ներկայացնում լեռը.
Դու, Արագա՜ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան՝ 
Թափառական ամպերի,
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն, 
Լճակներդ՝ լույս փերուզ,
Առուներդ՝ մեջքիդ փայլուն՝ 
Պերճ գոտիներ ոսկեհյուս: