 | Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Դամասկոս Տարածքը՝ 185,2 հզ. կմ2 Բնակչությունը՝ 19,5 մլն Պետական լեզուն՝ արաբերեն Դրամական միավորը՝ սիրիական ֆունտ |
 | Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսն աշխարհի հնագույն քաղաքներից է: |
 | Սիրիայի Բուրսա քաղաքը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: |
 | Դամասկոսի թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին |
 | Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը Հալեպի Զվարթնոց եկեղեցու բակում |
Սիրիայի Արաբական Հանրապետություն Սիրիան պետություն է Արևմտյան Ասիայում՝ Միջերկրական ծովի ափին: Երկրի տարածքի մեծ մասը սարավանդային է: Արևմուտքում՝ հյուսիսից հարավ, ձգվում են Անսարիա, Էզ Զավիա, Անտիլիբանանյան և Էշ Շեյխ լեռնաշղթաները (մինչև 2814 մ բարձրությամբ): Հարավ–արևելքում է աշխարհի ամենաընդարձակ անապատներից մեկի՝ Սիրիական անապատի մի մասը: Միջերկրական ծովի երկայնքով ձգվում է 20–30 կմ լայնությամբ դաշտավայր: Ընդերքում կան նավթի, երկաթի, մանգանի, պղնձի, քրոմի, ծծմբի, ֆոսֆորիտների, կերակրի աղի, գորշ ածխի պաշարներ: Կլիման մերձարևադարձային միջերկրածովային է, արևելքում՝ չոր ցամաքային: Ամռանն Արաբական և Սիրիական անապատներից հաճախ փչում է խամսին կոչվող տոթակեզ քամին: Տարածքի մեծ մասը չունի մակերևութային հոսք, հարթավայրերում կան ուեդներ (չորացող գետահուներ): Մեծ գետը Եփրատն է: Հյուսիսարևելյան սահմանի երկայնքով հոսում է Տիգրիսը, հյուսիս–արևմուտքում՝ Որոնտեսը (Էլ Ասի): Սիրիայի տարածքի մեծ մասում բուսականությունն անապատային և կիսաանապատային է (հացազգիներ, փշոտ խոտեր, թփեր, օշինդր): Ծովամերձ գոտում գերակշռում են մշտադալար կաղնին, դափնին, մրտենին, դափնեվարդը, մայրին, կան ձիթենու, թթենու, թզենու, խաղողի այգիներ: Լեռներում աճում են մշտադալար կաղնիներ, նոճիներ, օազիսներում` փյունիկյան արմավենի և ցիտրուսներ: Բազմազան է նաև կենդանական աշխարհը. տարածված են շերտավոր բորենին, գայլը, շնագայլը, կարակալը, ֆենեկ աղվեսը, այծքաղը: Լեռներում հանդիպում են սիրիական արջ, գետակինճ, անտառային կատու, բեզոարյան այծ: Շատ են կրծողներն ու սողունները: Վաղ անցյալում Սիրիայի տարածքը կազմել է հնագույն Խեթական, Միտանի, Ասորիք պետության, Նորբաբելոնական թագավորության, Աքեմենյան թագավորության մաս, այնուհետև եղել է Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության, ապա` Սելևկյան, Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների կազմում: VII դարում Արաբական թերակղզուց այստեղ են ներխուժել մահմեդական արաբները: Հենց այդ ժամանակից էլ սկսվել է երկրամասի արաբականացումն ու մահմեդականացումը: XI դարում Սիրիայի տարածքի մեծ մասը գրավել են սելջուկյան թուրքերը, որոշ շրջաններ՝ խաչակիրները: XIII դարում Սիրիայի զգալի մասին հաջորդաբար տիրել են եգիպտական մամլուքները և մոնղոլները: 1516–1918 թթ-ին երկիրը եղել է օսմանյան տիրապետության տակ: 1918 թ-ին արաբական զորքերը մտան Դամասկոս և Խան Թումանի ճակատամարտում հաղթելով թուրքերին` ազատագրեցին Հալեպը: Դրանով վերջ դրվեց թուրքական չորսդարյա տիրապետությանը Սիրիայում: 1920 թ-ին Սիրիան հռչակվեց անկախ թագավորություն: Սակայն Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան չճանաչեցին երկրի անկախությունը: Ֆրանսիան ստացավ Սիրիայի և Լիբանանի կառավարման մանդատը: Համառ պայքարի շնորհիվ 1946 թ-ի ապրիլի 17-ին սիրիացիներին հաջողվեց երկրից դուրս մղել օտարերկրյա զորքերը: 1956-61 թթ-ին Սիրիան մտել է Միացյալ Արաբական Հանրապետության կազմի մեջ, որից դուրս է եկել 1961 թ-ին և հռչակել իր անկախությունը: 1967 թ-ին Իսրայելը գրավել է Սիրիայի տարածքների մի մասը, այդ թվում՝ Գոլանի բարձունքները: 1970-ական թվականներից Սիրիան որոշակի ռազմական ներկայություն է պահպանում Լիբանանում և ակտիվ մասնակցություն ունենում մերձավորարևելյան հակամարտության կարգավորման խնդրում: Սիրիան առավելապես գյուղատնտեսական երկիր է, սակայն հողերի մեծ մասն անջրդի է: Պարենային գլխավոր մշակաբույսը ցորենն է, մշակում են նաև գարի, ոսպ, բամբակենի, շաքարի ճակնդեղ, ծխախոտ: Զարգացած է պտղաբուծությունը (մշակվում են ծիրանենի, խնձորենի, ցիտրուսներ), ինչպես նաև խաղողագործությունը, բանջարաբուծությունը: Կան ձիթենու պուրակներ: Բազմացնում են գլխավորապես ոչխար, խոշոր եղջերավոր կենդանիներ, նաև ձի, ջորի, ուղտ: Առավել զարգացած են մանածագործական, սննդի և շինանյութերի արդյունաբերության ճյուղերը: Աստիճանաբար զարգանում է նաև ծանր արդյունաբերությունը՝ պողպատի գլանվածք, նավթավերամշակում, էլեկտրաշարժիչներ, տրակտորների հավաքում: Երկրի բնակչության շուրջ 90%-ը արաբներ են, որոնք խոսում են արաբերենի սիրիական բարբառով: Բնակվում են նաև քրդեր, հայեր, թուրքեր, չերքեզներ և այլք: Խոշոր քաղաքներն են Դամասկոսը, Հալեպը, Հոմսը, Լաթաքիան: Սիրիայում են սկիզբ առել ուգարիթյան սեպագիրը և փյունիկյան դպրությունը (մ. թ. ա. XIV դար): Մինչև VII դարը սիրիական գրականությունը գրվել է սիրիերեն (արամեերենի ճյուղ է), որի ոսկեդարը համարվում է IV-V դարերը, իսկ կենտրոնական դեմքը՝ քարոզիչ և փիլիսոփա Եփրեմ Սիրինը: Նրա ստեղծագործությունը էական ազդեցություն է թողել արևելաքրիստոնեական գրականության զարգացման վրա: VII դարից սիրիերենն աստիճանաբար դուրս է մղվել գործածությունից, իսկ սիրիական քրիստոնեությունը՝ մահմեդականության կողմից: Միջին դարերում Սիրիայի տարածքում ապրել են արաբ դասական գրականության ականավոր գործիչներ Աբու-Թամամը, Ալ Բուհթուրին, Ալ Մութանաբին, Աբու Ֆիրաս ալ Խամդանին, փիլիսոփա Աբու-լ-Ալա ալ Մահարին: Ժամանակակից սիրիական մշակույթում մեծ տեղ է հատկացվում կրոնին, ընտանիքին և կրթությանը:
Հայերը Սիրիայում IV–V դարերում շատ հայ երիտասարդներ, այդ թվում նաև Մեսրոպ Մաշտոցը, ուսանել են Ասորիքի քաղաքներում: Հայերի թիվը Սիրիայում մեծացել է հատկապես IX–XI դարերում՝ բյուզանդական կայսրերի կողմից Հյուսիսային Սիրիա զգալի թվով հայեր գաղթեցնելու, Բագրատունիների թագավորության անկման, սելջուկյան թուրքերի ասպատակությունների, իսկ հետագայում նաև Կիլիկյան Հայաստանի անկման հետևանքով: Հայերը բնակություն են հաստատել Դամասկոսում, Փայասում, Ալեքսանդրետում, Հալեպում: Անտիոքի կուսակալների մեծ մասը հայեր էին: Սիրիայի հայ առևտրականները լայն կապեր ունեին Եվրոպայի առևտրական կենտրոնների հետ: Հայ ոսկերիչների, ներկարարների, սադափագործների, մետաքսագործների և այլ արհեստավորների արտադրանքը մեծ պահանջարկ ուներ: Միջնադարում Սիրիայի հայ համայնքներում ծաղկում էր նաև մշակույթը: Կազմվել, ընդօրինակվել և նկարազարդվել են բազմաթիվ ավետարաններ, տաղարաններ և բժշկարաններ: XVI դարում Սիրիայում թուրքական տիրապետության հաստատման հետևանքով հայ համայնքների համար ստեղծվեցին անբարենպաստ պայմաններ: XIX դարի 2-րդ կեսից թուրքական լծի դեմ սկսված պայքարին ակտիվորեն մասնակցել են նաև սիրիահայերը՝ 1916 թ-ին կազմավորված Արևելյան լեգեոնի շարքերում: Հայերի զանգվածային գաղթ դեպի Սիրիա վերստին եղավ Մեծ եղեռնից հետո: Ժամանակակից սիրիահայ համայնքը ձևավորվել է 1920-ական թվականների սկզբին՝ Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից գաղթած հայերով: Հայկական համայնքի ազգային, հոգևոր-մշակութային և հասարակական կյանքի կազմակերպմանն ու զարգացմանը նպաստել է արաբական բնակչության բարյացակամ վերաբերմունքը: Չնայած XX դարի կեսերից Մերձավոր Արևելքում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով նկատվում է հայերի որոշակի արտահոսք դեպի եվրոպական երկրներ, այնուամենայնիվ, Սիրայում դեռ բնակվում է մոտ 65–70 հզ. հայ՝ հիմնականում Հալեպում, նաև Դամասկոսում, Հոմսում, Լաթաքիայում, Քեսաբում, Կամիշլիում, Թարթուսում, Դեյր էզ Զորում, Ռաս ուլ Այնում և այլուր: Նրանց մեծ մասն զբաղված է արդյունաբերության ոլորտում, մեծ թիվ են կազմում արհեստավորները, առևտրականները, կան գործարանատերեր, պետական պաշտոնյաներ, ռազմական գործիչներ: Զգալի է մտավորականության՝ ուսուցիչների, գրողների, բժիշկների, երաժիշտների, ճարտարապետների, ճարտարագետների դերը: Հայերն ունեն իրենց եկեղեցիները, ազգային վարժարանները, թերթերն ու ամսագրերը, տպարանները, երիտասարդական, մշակութային, բարեգործական, մարզական ընկերությունները, հայրենակցական միությունները, մշակութային օջախները: Սիրիահայ մշակույթի կարևոր օջախներ են Սարյան ակադեմիան, «Պետրոս Ադամյան» թատերախումբը, «Հայ քնար», «Զվարթնոց» երգչախմբային ընկերությունները: Սիրիայում Հայ առաքելական եկեղեցին ունի 2 թեմ՝ Բերիայի (Հալեպ) և Դամասկոսի: Գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Վարդան, Սուրբ Գևորգ, Սուրբ Հակոբ, Սուրբ Աստվածածին (Հալեպ), Սուրբ Սարգիս (Դամասկոս) եկեղեցիները: Կան նաև կաթողիկե (հայ կաթոլիկ պատրիարքական աթոռը գտնվում է Բեյրութում) և ավետարանական եկեղեցիներ: 1943-ից Ջեզիրեում գործում է հայոց առաջնորդական փոխանորդությունը:
|