 | Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Բրատիսլավա Տարածքը՝ 49 հզ. կմ2 Բնակչությունը՝ 5,4 մլն Պետական լեզուն՝ սլովակերեն Դրամական միավորը՝ սլովակյան կրոն |
 | Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի համայնապատկերը |
Սլովակիայի Հանրապետություն Սլովակիան պետություն է Կենտրոնական Եվրոպայում: Առավելապես լեռնային երկիր է, որի մեծ մասը գտնվում է Արևմտյան Կարպատներում: Հյուսիսում Բարձր Տատրաներն են (առավելագույն բարձրությունը՝ 2655 մ, Գերլախովյան Շտիտ), հարավում՝ Ցածր Տատրաները, և այլ լեռնաշղթաներ: Ընդերքում կան երկաթի, մանգանի, ծարիրի, մագնեզիտի, բազմամետաղների հանքավայրեր: Դաշտավայրերն զբաղեցնում են փոքր տարածություններ: Լեռները հիմնականում անտառապատ են: Կենդանիներից տարածված են արջը, գայլը, լուսանը, աղվեսը, կզաքիսը, կնգումը, եղջերուն, գետակինճը, այծյամը, սկյուռը: Վագ, Նիտրա, Գրոն, Օնդավա գետերը հարուստ են ձկներով: Սլովակիայի տարածքը բնակեցված է եղել հին քարի դարից: XI դարում Սլովակիան ընդգրկվել է Հունգարական թագավորության կազմի մեջ, XIII–XIV դարերում այն գաղութացրել են գերմանացիները: XVI դարի կեսին երկրի մեծ մասը զավթել է Օսմանյան կայսրությունը, մնացած մասն անցել է Ավստրիային, իսկ ավստրո-թուրքական պատերազմից (1683–99 թթ.) հետո Ավստրիային է միացվել նաև Հարավային Սլովակիան: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ավարտին` Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո, 1918 թ-ին Սլովակիան ընդգրկվեց Միասնական Չեխոսլովակյան պետության մեջ, իսկ 1919 թ-ի հունիսին կարճատև ժամանակով առանձնացավ: 1938թ-ին երկրի հարավային մասերը միացվեցին Հունգարիային, իսկ 1939 թ-ի մարտի 14-ին դարձավ ինքնուրույն պետություն՝ Գերմանիայի «պահպանության» ներքո: Սակայն երբ 1945 թ-ին խորհրդային զորքերը մտան Սլովակիա, այն կրկին միացավ Չեխիային, իսկ 1969 թ-ին Չեխոսլովակիան հռչակվեց չեխերի և սլովակների դաշնային պետություն՝ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն: Արևելյան Եվրոպայի երկրներում սոցիալիստական հասարակարգի փլուզումից հետո, 1992 թ-ի դեկտեմբերի 31-ին ընդունված օրենքով, Չեխոսլովակիան բաժանվեց 2 ինքնուրույն պետությունների՝ Չեխիայի և Սլովակիայի: Սլովակիայի բնակչության գրեթե 90 %-ը սլովակներ են: Խոշոր քաղաքներն են Բրատիսլավան, Կոշիցեն, Պրեշովը, Ժիլինան: Սլովակիան ունի զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Արդյունաբերական գլխավոր կենտրոններն են Բրատիսլավան և Կոշիցեն: Հանքային լեռների՝ երկաթի, մանգանի, ծարիրի, մագնեզիտի և բազմամետաղային հարուստ հանքավայրերի հիմքի վրա զարգացել են մետաղաձուլությունն ու մեքենաշինությունը: Կան նաև նավթավերամշակման, նավթաքիմիական, քիմիական, փայտամշակման, մանածագործական, շինանյութերի և այլ ձեռնարկություններ: Մշակում են հացահատիկային բույսեր, ձիթատուներ, շաքարի ճակնդեղ, ծխախոտ: Զարգացած են այգեգործությունը, պտղաբուծությունը, մսակաթնատու անասնաբուծությունը: Սլովակիայի տարածքում պահպանվել են թրակիացիների, սկյութների, կելտերի, գերմանների, հին սլավոնների և այլ ցեղերի մշակույթի նմուշներ: Սլովակիայում հայտնի են գյուտարարներ Յո. Մուրգաշը, Ս. Պանիչը, Յո. Հելլին, քաղաքական գործիչ Ալ. Դուբչեկը, տիեզերագնաց Ի. Բելլան և ուրիշներ:
Հայերը Սլովակիայում Սլովակիայում առաջին հայ ընտանիքները հաստատվել են XVII դարի կեսին, սակայն հայ համայնքը կազմավորվել է վերջին շրջանում, որը պաշտոնական գրանցում է ստացել 2002 թ-ին: Ներկայումս Սլովակիայում բնակվում է ավելի քան 500 հայ՝ հիմնականում Բրատիսլավայում: Զբաղվում են գլխավորապես առևտրով, արհեստներով: Սլովակիայի խորհրդարանը 2004 թ-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում:
|