 | Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Լյուբլյանա Տարածքը՝ 20,253 հզ. կմ2 Բնակչությունը՝ 2,01 մլն Պետական լեզուն՝ սլովեներեն Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2007 թ.՝ սլովենյան տոլար) |
 | Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան |
Սլովենիայի Հանրապետություն Սլովենիան պետություն է Արևելյան Եվրոպայում: Այն առանձնացել է 1992թ-ին, երբ Հարավսլավիան տրոհվեց ինքնիշխան պետությունների: Երկրի մակերևույթը լեռնային է, հյուսիս-արևմուտքում և հյուսիսում ձգվում են Արևելյան Ալպերի (առավելագույն բարձրությունը՝ 2863 մ, Տրիգլավ լեռ), հարավում՝ Դինարյան լեռների ճյուղավորությունները: Ընդերքում կան գորշ ածխի, ծարիրի, սնդիկի, բոքսիտների պաշարներ: Կլիման բարեխառն է, ծովափին՝ մերձարևադարձային միջերկրածովային: Խոշոր գետերն են Սավան և Դրավան, կան կարստային լճեր: Տարածքի 40 %-ն զբաղեցնում են սաղարթավոր ու ասեղնատերև անտառները: Երկրի ներքին շրջանները, մինչև 700–800 մ բարձրությունները, ծածկված են տափաստանային բուսականությամբ, 800–2000 մ բարձրությունները՝ լայնատերև ու ասեղնատերև անտառներով, ավելի բարձր՝ մարգագետիններով: Կենդանիներից կան եղջերու, քարայծ, վարազ, վայրի կատու, կզաքիս: Կլիմայավարժեցվել է արջը: Շատ են թռչուններն ու սողունները: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով (ծածան, գայլաձուկ, պերկես): Սլովենիայի տարածքը սլավոններով բնակեցվել է VI դարից: 623– 658թթ-ին եղել է Սամո պետության մասը, ապա մտել Կարանտանիայի կազմի մեջ: XI–XIII դարերում առաջացել են մի շարք իշխանություններ, որոնք XVI դարից ընկել են Ավստրիայի տիրապետության տակ: 1918թ-ից Սլովենիայի մեծ մասը մտել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության մեջ, որը 1929թ-ին կոչվել է Հարավսլավիա: 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին Հարավսլավիան գրավվել է Գերմանիայի և դաշնակիցների կողմից, 1945թ-ին ազատագրվել ԽՍՀՄ զորքերի օգնությամբ և մինչև 1992թ-ը եղել Հարավսլավիայի Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում: Սլովենիայի բնակչության 83 %-ը սլովեններ են. կան սերբեր (2 %), խորվաթներ (1,8 %), հունգարներ, ալբանացիներ և այլք: Խոշոր քաղաքներն են Լյուբլյանան, Մարիբորը, Ցելյեն: Զարգացած են արդյունաբերության արդյունահանող, մեքենաշինության, մետաղաձուլության, տեքստիլ, փայտամշակման, սննդի ճյուղերը: Գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է երկրի տարածքի մոտ 50 %-ը: Մշակում են ցորեն, եգիպտացորեն, վարսակ, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ: Սլովենիայում պահպանվել են Հաբսբուրգների ժամանակները հիշեցնող միջնադարյան բազմաթիվ տաճարներ և ճարտարապետական այլ կառույցներ:
|