Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արաքսը հայ-պարսկական  սահմանին` Աղավնո վտակի հետ միախառնման վայրում. առաջին պլանում Քարավազի կամուրջն է:
Արաքսը Ախուրյան վտակի հետ միախառնվելու վայրում
Արաքսը (Երասխ) հայոց «մայր գետն է» («Մայր Արաքս»): Հին կտակարանում կոչվել է Գեհոն (դրախտի 4 սրբազան գետերից մեկը), հայկական աղբյուրներում՝ նաև Արազ, հունական ու հռոմեական աղբյուրներում՝ Արախես, վրացականում՝ Ռախսի, Արեզի, Արես: Արաքսը հոսում է ամբողջ Հայկական լեռնաշխարհով:
Վերին հոսանքում այն անցնում է Թուրքիայով, միջին հոսանքում սահմանային գետ է ՀՀ-ի և Թուրքիայի (150 կմ երկարությամբ), Նախիջևանի և Իրանի, ՀՀ-ի և Իրանի (40 կմ), իսկ այնուհետև Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև: Ստորին հոսանքում հոսում է Ադրբեջանի Հանրապետության տարածքով: Գետի ընդհանուր երկարությունը 1072 կմ է (568 կմ-ը՝ սահմանային), ջրհավաք ավազանը՝ 102 հզ. կմ2: Արաքսի ավազանին է պատկանում ՀՀ տարածքի մոտ 76%-ը:
Սկիզբ առնելով Բյուրակն (այսինքն՝ բազում ակունքներ ունեցող) բարձրավանդակի Սրմանց լեռնագագաթի (բարձրությունը՝ 2700 մ) աղբյուրներից գոյացած 4 առվակներից և միանալով Սրմանց գետին՝ Արաքսը մտնում է Տվարածատափի դաշտը, ընդունում Կարասու գետը և Այծպըտկունք լեռնագագաթի մոտով դուրս է գալիս Բասենի դաշտ: Ձախից ընդունելով Մուրց վտակը՝ Արաքսն անցնում է Կարսի սարահարթի և Հայկական Պարի միջև գտնվող խոր կիրճով, որտեղից դուրս գալով՝ ընդունում է իր ամենախոշոր վտակը՝ Ախուրյանը, և մտնում Արարատյան դաշտ: Այստեղ աջից ընդունում է Դեղին, Կարմիր գետերը, ձախից՝ Մեծամորը, Հրազդանը, Ազատը, Վեդին, Արփան, այնուհետև` Նախիջևանը, Մեղրին, Ողջին, Որոտանը, Հագարին: Նախիջևանի դաշտն անցնելուց հետո գետը մտնում է աստիճանաբար խորացող ձորը, որի ամենախոր և ամենանեղ  հատվածում (Մեղրի) հոսում է սրընթաց, քարքարոտ հունով: Արաքսը Կուրին է միանում Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքի մոտ:
Գետը վարարում է մարտ-հունիսին, առավելագույնը՝ մայիսին: Ամենացածր մակարդակները լինում են հուլիս-օգոստոսին և ձմռանը: Հորդացումների ժամանակ առաջացնում է մեծ ավերածություններ: Ամենաուժեղ հորդացումը տեղի է ունեցել 1896 թ-ին, երբ Արաքսը Մուղանի դաշտում  փոխել է հունը, ջրի մեծ մասը հոսել է նոր հունով՝ «նոր Արաքսով», և ողողել 180 հզ. հա հողատարածք:
Արաքսի ջրերը վաղուց ի վեր օգտագործվում են ոռոգման նպատակով, իսկ վերջին շրջանում կառուցվել են բազմաթիվ նոր ջրանցքներ ու ջրամբարներ:
Արաքսն ունի հարուստ կենդանական աշխարհ: Նրա ջրերում բազմանում են կարմրախայտը, լոքոն, ստորին հոսանքում՝ նաև թառափն ու այլ ձկնատեսակներ:
Արաքսը նավարկելի չէ: Նավարկության առաջին փորձն արվել է 1848 թ-ին. այդ նպատակով ռուսական իշխանության ջանքերով բերվել է «Վոլգա» ջերմանավը, սակայն ապարդյուն:
Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել: Դրանցից նշանավորները հինգն էին՝ Տափերական, որից սկսվել է Արտաշատ-Տիգրանակերտ արքունի պողոտան, Բասենի, Երվանդակերտի, Նախիջևանի, Ջուղայի: Վերջինս, որն ըստ ավանդության` կառուցել է Ալեքսանդր Մակեդոնացին, ավերվել է  1605 թ-ին՝ պարսից շահ Աբբասի հրամանով, որպեսզի իր կողմից բռնագաղթեցված հայերը մոռանան տունդարձի ճամփան, իսկ թուրքերը չկարողանան ներխուժել Պարսկաստան:
Արաքսը գովերգել են ինչպես հայրենի, այնպես էլ օտարազգի պատմիչներ ու գրողներ: Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսը (մ. թ. ա. I դար) Արաքսը պատկերել է որպես Հայաստանի և հայ ժողովրդի ուժի, ազատատենչության ու ըմբոստության խորհրդանիշ և «կամուրջներ չհանդուրժող» գետ:
Հանրահայտ է Ռ. Պատկանյանի «Արաքսի արտասուքը» հայտնի բանաստեղծությունը, որի համար նաև երաժշտություն է գրվել, և այն դարձել է հայկական ամենասիրված երգերից մեկը:
   
  • Մովսես Խորենացին վկայում է, որ Երասխ (Արաքս) անունն առաջացել է հայերի անվանադիր նախնու ժառանգներից մեկի՝ Արամայիսի թոռան՝ Երաստի անունից: