Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Մոգադիշո
Տարածքը՝ 
637,7 հզ. կմ2
Բնակչությունը՝
 8,5 մլն
Պետական լեզուները՝ 
սոմալի, արաբերեն
Դրամական միավորը՝ 
սոմալիական շիլինգ
Գյուղական բնակավայր Սոմալիում
Սոմալիի Ժողովրդական Հանրապետություն
Սոմալին պետություն է Աֆրիկայի արևելքում` համանուն թերակղզու վրա: Ափերը ողողվում են Ադենի ծոցի և Հնդկական օվկիանոսի ջրերով: Երկրի կենտրոնական մասը 500–1500 մ բարձրության սարավանդ է, որն աստիճանաբար իջնում է դեպի Ադենի ծոց: Առավելագույն բարձրությունը 2416 մ է (Շիմբիրիս լեռ), առափնյա գոտին դաշտավայրային է: Ընդերքում  կան ուրան-վանադիումի հանքավայրեր, բերիլիումի, տանտալի, նիոբիումի, անագի երևակումներ:
Կլիման հասարակածային մուսսոնային, չորային է, հյուսիսում՝ արևադարձային: Բնորոշ է ջերմաստիճանի տարեկան հավասար ընթացքը: Հիմնական հոսք ունեցող գետերն են Ջուբան և Վեբի Շեբելին, որոնց հովիտները ծածկված են խիտ անտառներով: Գերակշռում են ակացիաներով սավաննաները: Օազիսներում աճում են արմավենիներ: Ափամերձ գոտում տարածված է խոտաթփուտային բուսականությունը, շատ են եթերայուղատու տեսակները: Կենդանիներից կան այծքաղ, ընձուղտ, առյուծ, ընձառյուծ, բորենի, շնագայլ, փիղ, գետերում՝ կոկորդիլոս և գետաձի: Հարուստ է թռչնաշխարհը:
Սոմալիի տարածքում դեռևս մեր թվականության սկզբին եղել են խոշոր բնակավայրեր, որոնց բնակչությունն առևտուր է արել արաբների, հույների, հնդիկների հետ: VII–VIII դարերում թերակղզում հաստատվել են արաբները, որոնք էականորեն ազդել են Սոմալիի բնակչության կրոնի, լեզվի, մշակույթի ձևավորման վրա, կազմավորվել են մահմեդական սուլթանություններ:
 XIX դարից սկսվել է եվրոպական տերությունների պայքարը Սոմալի թերակղզու համար, և XX դարի սկզբին այն բաժանվել է 3 գաղութի՝ Բրիտանական Սոմալիլենդ, Ֆրանսիական Սոմալիի Ափ և Իտալական Սոմալի: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի ընթացքում Սոմալին ռազմական գործողությունների ասպարեզ էր, պայքար է ծավալվել երկրի անկախության և վերամիավորման համար: 1960 թ-ի հունիսի 26-ին անկախացել է Բրիտանական Սոմալիլենդը, հուլիսի 1-ին վերջինս և Իտալական Սոմալին միավորվել են անկախ Սոմալիի Հանրապետության մեջ: Ֆրանսիական Սոմալին 1977 թ-ին դարձել է անկախ պետություն՝ Ջիբութի:
Սոմալիի բնակչության 95 %-ը սոմալներ են, բնակվում են նաև բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ, արաբներ, ամհարներ, հնդիկներ, իտալացիներ: 
Մեծ քաղաքներն են Մոգադիշոն, Հարգեյսան, Բերբերան, Հոբիոն:
Սոմալին ագրարային, առավելապես անասնապահական երկիր է: Բուծում են ուղտեր, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ: Երկրագործությամբ զբաղվում են Ջուբայի և Վեբի Շեբելիի միջագետքում, մշակում  սորգո, շաքարեղեգ, կորեկ, քնջութ, բամբակ, ադամաթուզ, անուշահոտ խեժեր (համաշխարհային արտադրանքի զգալի մասը): Զարգացած է ձկնորսությունը: Ունի հանքարդյունահանող և մշակող արդյունաբերություն: Կան շաքարի, մսի, մրգի պահածոների, օճառի, բամբակազտիչ, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ: 
Նստակյաց սոմալները բնակվում են ճյուղահյուս ու կավածեփ, կոնաձև ծածկով խրճիթներում, քոչվորները՝ ճյուղահյուս, ուղտի կաշվով կամ խսիրով ծածկված հավաքովի  ձվաձև խրճիթներում:
Ժողովրդական արհեստներից տարածված են խեցեգործությունը, երկրաչափական զարդանախշերով փայտե կահկարասու, հյուսածո իրերի պատրաստումը, ոսկրի փորագրումը և այլն: