Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Բուենոս Այրես
Տարածքը՝ 
2.777 հզ. կմ2
Բնակչությունը՝
39,1 մլն
Պետական լեզուն՝ 
իսպաներեն
Դրամական միավորը՝ 
պեսո
Արգենտինայի ազգային գրադարանը Բուենոս Այրեսում
Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցին
Արգենտինայի Հանրապետություն
Արգենտինան Հարավային Ամերիկայի մեծությամբ երկրորդ երկիրն է Բրազիլիայից հետո. գրավում է մայրցամաքի հարավարևելյան ու Հրո Երկրի արևելյան մասը և մոտակա կղզիները:
XVI դարում, երբ իսպանացիները սկսեցին նվաճել Հարավային Ամերիկան, հարավում նրանց հիմնած գաղութներից մեկն Արգենտինան էր: Երկիրն Արգենտինա (Արծաթի երկիր, լատիներեն «արգենտում» նշանակում է արծաթ) անվանել է Սեբաստիան Կաբոտը 1526 թ-ին, երբ Լա Պլատայի գետաբերանի մոտ ապրանքներ է փոխանակել արծաթի հետ: Սակայն իսպանացիներն այդ երկրում ո՜չ արծաթ գտան, ո՜չ էլ ոսկի, և երեք հարյուրամյակ Արգենտինան լքված գաղութ էր: Երկրի ճակատագրում նկատելի փոփոխություն տեղի չունեցավ նաև անկախություն նվաճելուց (1816 թ.) հետո: Բայց արդեն XIX դարի 2-րդ կեսից Արգենտինան Արևմտյան Եվրոպայի համար դարձավ պարենամթերքի խոշոր մատակարար: Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ երկիրը գտնվում է Հարավային կիսագնդում. երբ Եվրոպայում ձմեռ է, Արգենտինայում ամառ է, և հասունանում է բերքը: Ցորենի և եգիպտացորենի ցանքատարածություններով հարուստ է Պամպան (հնդկացիների լեզվով «պամպա» նշանակում է անտառազուրկ հող):
XIX դարի վերջին Պամպայի այս արգավանդ հողերը յուրացնելու համար Եվրոպայի տարբեր երկրներից այստեղ խուժեցին բազմաթիվ գաղթականներ, հիմնականում իսպանացիներ ու իտալացիներ, գերմանացիներ, շոտլանդացիներ:
Մեծ ձգվածության պատճառով  (հյուսիսից հարավ՝ 4000 կմ) Արգենտինայի բնությունը խիստ բազմազան է. մերձարևադարձային շրջաններում կլիման տաք ու խոնավ է, իսկ Պատագոնիայում՝ երկրի հարավում, արդեն զգացվում է Անտարկտիկայի սառույցների ցուրտ շունչը: Հյուսիսում՝ արևադարձային գոտում, ընդհակառակը, շոգ ու խոնավ է: Արգենտինան Խաղաղ օվկիանոսից բաժանում են Անդերի բարձր լեռները, որոնք ծածկված են հավերժական ձյունով ու սառցադաշտերով: Երկրի հյուսիսը ծածկված է մշտադալար անտառներով: Այստեղ աճող կեբրաչո ծառից ստանում են աղաղանյութեր, որոնցով մշակում են կաշին: Անդերի նախալեռներում, որն անվանում են «հանրապետության այգի», պտղատու և խաղողի այգիներ են: Այստեղ է աճում նաև «մատե» թեյը՝ արգենտինացիների ազգային ըմպելիքը: Այն փոքր-ինչ դառնահամ է, բայց շատ լավ հագեցնում է ծարավն ու թարմացնում:
Արգենտինայի¬ գլխավոր գետը Պարանան է (գուպանի հնդկացիների լեզվով՝ Մեծ գետ), որի վտակները կրում են հարևան երկրների անունները՝ Ուրուգվայ և Պարագվայ: Պարանայի ստորին ավազանը կոչվում է Լա Պլատա, որի լայնությունը օվկիանոսամերձ գետաբերանում հասնում է 300 կմ-ի: Այստեղ են գտնվում մայրաքաղաքն ու այլ խոշոր քաղաքներ: 
Ժամանակակից Արգենտինան տարածաշրջանի առավել խոշոր և տնտեսապես զարգացած երկրներից է: Այստեղ արդյունահանում են անագ, ցինկ, նավթ, գազ, ուրան և այլ հանքաքարեր, ձուլվում է մետաղ, արտադրվում են ավտոմեքենաներ, տրակտորներ, ծովային նավեր, զանազան սարքավորումներ, այդ թվում՝ էլեկտրոնային տեխնիկա: 1974 թ-ին Արգենտինայում կառուցվել է Հարավային Ամերիկայում առաջին՝ Ադուջայի ատոմային էլեկտրակայանը:
 Պամպան աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական շրջաններից մեկն է: Այստեղ աճում են ցորեն, վուշ, արևածաղիկ, ծխախոտ, բրինձ, կերային մշակաբույսեր: Այդ երկրամասը ոչ միայն կերակրում է երկիրը, այլև արտահանում բերքի մի մասը: Պամպան ծովափնյա շրջանների հետ կապված է տասնյակ երկաթուղիներով ու խճուղիներով, որոնցով երկրի նավահանգիստներ են բերվում հացահատիկը, միսը, բուրդը, գյուղատնտեսական մյուս մթերքները և արտահանվում այլ երկրներ:
Պատագոնիան բնական հարստությունների իսկական շտեմարան է: Այս կիսաանապատային տարածքում քիչ մարդ է ապրում, և մեծ քաղաքներ չկան: 1987 թ-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսի որոշմամբ հանրապետության մայրաքաղաքը պետք է փոխադրվեր Պատագոնիա՝ Ռիո Նեգրո գետի գետաբերանում գտնվող Վիեդմա քաղաքը: Նպատակը երկրի հարավի զարգացումն էր ու Բուենոս Այրեսի ուրբանիզացման «հոգսերի» թեթևացումը, սակայն առայժմ երկրի մայրաքաղաքը շարունակում է մնալ Բուենոս Այրեսը, մինչև ավարտվի նոր մայրաքաղաքի կառուցումը: Երկրի բնակչության մեկ երրորդն ապրում է մայրաքաղաքում ու նրա մոտակայքում, որտեղ կենտրոնացված է նաև արդյունաբերական արտադրության կեսը:
Արգենտինացիները, յուրացնելով բնիկ և եկվոր շատ ժողովուրդների ավանդույթները, ստեղծել են սեփական ինքնատիպ մշակույթ: Երկրի յուրօրինակ խորհրդանիշ են դարձել գաուչոները (հնդկացիների լեզվով նշանակում է թափառաշրջիկ, օտարական): Գաուչոները խիզախ ձիավորներ են և հմուտ հովիվներ: Նրանք հագնում են բրդե գունագեղ թիկնոցներ՝ պոնչոներ: Դրանց վրա քնում են, դրանցով ծածկվում: Գաուչոներն անբաժան են կիթառից, իսկ նրանց երգերը երգում է ողջ երկիրը: Արգենտինացիներն ընդհանրապես երաժշտասեր մարդիկ են: Նրանց երաժշտությունը հայտնի է ամբողջ աշխարհում, որն ակունքներով և ոճական բնորոշ գծերով կապված է իսպանական ժողովրդական երաժշտության հետ: Հատկապես տարածված է տանգո պարը՝ իր արգենտինական տարբերակով: Արգենտինայում նույնիսկ ազգային հատուկ տոն կա՝ Տանգոյի օր:

Հայերն Արգենտինայում
Արգենտինահայ համայնքը սկսել է ձևավորվել դեռևս XIX դարի 80-ական թվականներին և ավելի ստվարացել հատկապես Առաջին (1914–18) և Երկրորդ (1939–45) համաշխարհային պատերազմներից հետո, երբ վտանգվեց մեր հայրենակիցների կյանքը Թուրքիայում, ապա նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում: Արգենտինայում ապաստան գտած հայերը հիմնականում այնթապցիներ, հաճնցիներ ու մարաշցիներ են. մեծ մասամբ բնակվում են Բուենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մար դել Պլատայում: Ներկայումս Արգենտինայում բնակվում է մոտ 70 հզ. հայ: Մեծ մասը (60 հզ.) կենտրոնացած է Բուենոս Այրեսում և նրա արվարձաններում: Նրանք զբաղվում են արհեստներով, առևտրով, քիչ չեն մտավորականները, ուսանողները, ձեռնարկատերերը:
Արգենտինայի շատ քաղաքներում կան հայկական տեղանուններով, նշանավոր հայերի անուններով փողոցներ, հրապարակներ: Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան, մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող, Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում տեղադրված է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթողը: Կորդովայի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստանի Հանրապետության, կան նաև Արմենիա, Զորավար Անդրանիկ փողոցներ:
Արգենտինահայ գաղութն ապրում է աշխույժ հասարակական կյանքով: Այստեղ գործում են բազմաթիվ հայրենակցական, մշակութային, երիտասարդական և այլ միություններ ու ընկերություններ, երգչախմբեր («Կոմիտաս», «Արաքս»), պարախմբեր («Գայանե», «Նաիրի»), «Թաթուլ Ալթունյան» նվագախումբը: Ճանաչված են հայ մշակույթի գործիչներ Լևոն Վարդապետյանը, Ժան Ալմուխյանը, Մարթա Վարդանյանը, Ալիսա Թերզյանը, երգչուհիներ Վիկտորյա Սևանը, Էլիզ Տիգրանյանը, դաշնակահարուհի Անթառամ Ահարոնյանը, քանդակագործ Հակոբ Յարումյանը, գեղանկարիչներ Խորխե Դեմիրճյանը, Սարգիս Աշքյանը և շատ ուրիշներ: Մեծ ճանաչում ունի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը (վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում): Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորների զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն է հայազգի միակ պատգամավոր Ալեխանդրո Բալյանը, իսկ զինվորական ակադեմիայի հիմնադիր տնօրենը՝ հայազգի Յանոշ Ցեցը:
Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Պողոս-Պետրոս, Կորդովայում՝ Սուրբ Գևորգ եկեղեցիները: Արգենտինայի հայ համայնքի ձևավորմանը զուգընթաց՝ եկեղեցիներին կից ստեղծվել են մեկօրյա, ապա նաև ամենօրյա դպրոցներ: Ներկայումս գործում են 9 ամենօրյա դպրոցներ, որոնցից 6-ը՝ միջնակարգ, 3-ը՝ նախակրթարան:
Այստեղ հրատարակվում են «Սարդարապատ», «Նոր Սևան», «Արմենիա», «Նոր Հաճըն», «Հայ» պարբերականները, գործում են հայկական ռադիոժամեր:
2001 թ-ի դեկտեմբերին արգենտինահայ հայտնի գործարար, երկրի 33 օդանավակայանների հիմնական բաժնետեր, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանի և ՀՀ Կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր, որով Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները 30 տարի ժամկետով կառավարման են հանձնվել Էռնեկյանի ընկերությանը: