Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վիճակագրությունը գիտության բնագավառ է, որն ուսումնասիրում է զանգվածային վիճակագրական (քանակական) տվյալների հավաքման, չափման և վերլուծության ընդհանուր հարցերը: Վիճակագրությունը մշակում է նյութերի ուսումնասիրության՝ զանգվածային վիճակագրական դիտարկումների, խմբավորումների, միջին մեծությունների, ցուցիչների, գրաֆիկական պատկերման և այլ մեթոդներ:
Դրանցից է վիճակագրական տարածված գնահատականներից մեկը՝ միջին մեծությունը կամ միջինը` այն թիվը, որն ստացվում է որոշակի թվով հավաքածուի տվյալների միջինացումով և գործածվում այդ հավաքածուն ներկայացնելու համար: Օրինակ՝ երեխաների որևէ խմբի միջին տարիքը որոշվում է նրանց բոլորի տարիքներն իրար գումարելով և ստացված գումարը երեխաների թվի վրա բաժանելով:
Վիճակագիրները վիճակագրական տվյալները կարգավորում և ներկայացնում են աղյուսակների, սխեմաների և գրաֆիկների միջոցով, այնուհետև եզրահանգումներ և կանխատեսումներ են կատարում:
Յուրաքանչյուր վիճակագրական հետազոտություն բաղկացած է հետևյալ փուլերից.
1. վիճակագրական դիտարկում, 2. դիտարկման նյութերի ամփոփում և խմբավորում, 3. վերլուծություն:
Բնական գիտություններում վիճակագրություն հասկացությունը նշանակում է զանգվածային երևույթների վերլուծություն և հիմնված է հավանականությունների տեսության վրա: Վիճակագրությունը դարձել է նաև առանձին ճշգրիտ գիտությունների բնագավառ:
Վիճակագրական մաթեմատիկայի կամ մաթեմատիկական վիճակագրության նպատակը վիճակագրական դիտարկման մեթոդների մշակումը և վիճակագրական տվյալների համակարգումն ու վերլուծությունն են: Մաթեմատիկայի այս բաժնի հիմնական խնդիրներից է պատահական մեծությունների թվային բնութագրիչների (հավանականություն, մաթեմատիկական սպասում և այլն) գնահատման մեթոդների մշակումը:
Վիճակագրական ֆիզիկան նկարագրում է մեծ թվով մասնիկներից (մոլեկուլներ, ատոմներ, տարրական մասնիկներ) բաղկացած համակարգերի (գազեր, հեղուկներ, պինդ մարմիններ, պլազմա) վարքը՝ հիմնվելով մեխանիկական շարժման օրինաչափությունների վրա: Ֆիզիկայի այս բաժնում նույնպես կիրառվում են հավանականությունների տեսության վրա հիմնված վիճակագրական մեթոդներ: 
Վիճակագրական լեզվաբանությունն ուսումնասիրում է տեքստերում ի հայտ եկող բնական լեզվի քանակական օրինաչափությունները:
Կան նաև վիճակագրության բազմաթիվ այլ ուղղություններ. դրանցից են վիճակագրական թերմոդինամիկան, վիճակագրական ռադիոֆիզիկան, վիճակագրական ռազմագիտությունը և այլն:

Վիճակագրության պատմությունից
Վիճակագրության սկիզբը, գործնականում, համարվում է մոտավորապես այն ժամանակաշրջանը, երբ առաջացել է պետությունը. տվյալներ են պահպանվել պետության բնակչության և հողերի մի քանի հազարամյակներ առաջ անցկացված տարրական հաշվարկների վերաբերյալ: Այնուհետև, կենտրոնացված պետությունների առաջացմանը զուգընթաց, վիճակագրության կիրառությունը նշանակալիորեն աճել է. պարբերաբար կազմակերպվել են մարդահամարներ, առաջացել վիճակագրական հաշվարկի տարրական ձևեր նաև հասարակական կյանքի այլ բնագավառներում:
Վիճակագրությունը, որպես գիտություն, սկզբնավորվել է XVII դարի անգլիացի գիտնականներ Ռ. Պետիի ստեղծած քաղաքական թվաբանությունից և Ջ. Գրաունթի՝ բնակչության շարժի օրինաչափություններին վերաբերող ուսումնասիրություններից: Ժամանակակից վիճակագրությանը նախորդող պատմական մյուս գիտությունը գերմանացի գիտնական Գ. Կոնրինգի պետության մասին գիտությունն էր, որը վիճակագրությունը դիտում էր որպես աշխարհագրության, ազգագրության, իրավաբանական տեղեկությունների հետ մի ամբողջություն: XIX դարի կեսին բելգիացի Լ. Կետլին և նրա հետևորդները վիճակագրական ուսումնասիրություններում օգտվում էին մաթեմատիկական մեթոդներից:
XIX դարի 2-րդ կեսին և XX դարի սկզբին վիճակագրությունը զարգացավ մեծ թափով. կատարելագործվեցին վիճակագրության պետական մարմինները, ձևավորվեց մաթեմատիկական վիճակագրությունը: Ներկայումս դժվար է պատկերացնել մի բնագավառ, որտեղ չօգտագործվեն վիճակագրության մոտեցումներն ու եղանակները:
Բոլոր զարգացած երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունում, գործում են ազգային վիճակագրական ծառայություններ, որոնք կազմում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնորոշող վիճակագրական ցուցանիշները (համախառն ներքին արդյունք, գներ և սակագներ, աշխատանքի շուկա, պետական բյուջե, ապրանքների արտահանում և ներմուծում և այլն): Մեր երկրում այդ ցուցանիշները կազմում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը: