Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մշակաբույսերի վրա վնասատուներն ազդում են տարբեր կերպ. վնասում են բույսերի արմատը, ցողունը, տերևը, ծաղիկները կամ պտուղը:
Վնասատուները միջատներ ու կենդանիներ են, որոնք վնասում կամ ոչնչացնում են մշակաբույսեր կամ հիվանդություններ փոխանցում նրանց: Մշակաբույսերին վնասում են նեմատոդների, փափկամարմինների, միջատների, տզերի և մկնանման կրծողների բազմաթիվ տեսակներ: Մեծ վնաս են պատճառում մորեխները, որոշ ճռիկներ, բզեզները, թիթեռները, հողաբնակ միջատները: Ըստ սնման բնույթի՝ տարբերում են վնասատուների 2 տեսակ՝ ծակող-ծծող բերանի օրգաններ ունեցող միջատներ և կրծողներ: Առաջին տեսակի վնասատուները բույսը վնասում են տարբեր օրգաններից հյութը ծծելու և բույսի բնականոն սննդառությունը խախտելու միջոցով: Որոշ վնասատուներ վնասում են բույսերի բազմացման օրգանները. դրանցից են խնձորենու, բալենու, տանձենու, ընկուզենու պտղակերներն ու սղոցողները, պտուղների սերմնակերները, բզեզները և այլն: Որոշ վնասատուներ ոչնչացնում են պահեստավորված հատիկներն ու մթերքները: Գյուղատնտեսական մշակաբույսերին երբեմն վնաս են պատճառում թռչունների որոշ տեսակներ՝ ճնճղուկները, սերմնաքաղ ագռավը և այլն:
Կաթնասունների դասի կրծողներից վնասատուներ են գետնասկյուռը, ճագարամուկը, տնային և անտառային մկները, մոխրագույն ու սև առնետները, ավազամկները և այլն: Առավել վնասակար է դաշտամկների խումբը: Պտղատու այգիներին ձմռանը երբեմն վնաս են պատճառում նապաստակները՝ կրծելով բների կեղևները: Հաճախ վնասատուները հարմարված են սնվելու բույսի որևէ օրգանով և, ըստ դրա, բաժանվում են արմատային, ցողունային, տերևային, ծաղկային, պտղային վնասատուների խմբերի:
Վնասատուների տարածվածությունը և ագրոկենսահամակեցություններում տեսակների ձևավորումը կապված է շրջակա միջավայրի պայմանների և տեսակների էկոլոգիական առանձնահատկության հետ: Տարբերում են տեսակի տարածման ընդհանուր արեալը, վնասակարության գոտին և բնակության վայրը: Տեսակի արեալն այն տարածքն է, որտեղ հանդիպում է տվյալ տեսակի վնասատուն: Բնական կամ առաջնային արեալներն ստեղծվում են տեսակի ինքնուրույն բնակեցմամբ: Արհեստական կամ երկրորդային արեալում միջատները հիմնականում հայտնվում են սերմերի, տնկանյութի  հետ: 
Վնասակարության գոտին ընդհանուր արեալի մի մասն է, որտեղ այս կամ այն տեսակը հանդիպում է ավելի հաճախ, մշտապես, մեծ քանակով, և որտեղ այն ավելի վնասակար է: 
Բնակության վայրերը տվյալ տեսակի համար որոշակիորեն նպաստավոր էկոլոգիական պայմաններով շրջաններն են: Որոշ տեսակներ (օրինակ՝ մորեխները, լվիճները) ունեն բնակության վայրերի տարեկան և սեզոնային հերթափոխումներ:
Միջատների և տզերի զարգացման համար կարևոր է ջերմային ռեժիմը, հողում զարգացող միջատների համար` հողի քիմիական կազմը, թթվությունը, ֆիզիկական կառուցվածքը, օդավորումը և խոնավությունը: 

Վնասատուների դեմ պայքարի 
եղանակները
Վնասատուների դեմ պայքարը գյուղատնտեսության կարևոր խնդիրներից է և ներառում է բոլոր այն միջոցառումները, որոնցով հնարավոր է սահմանափակել վնասատուների կենսագործունեության պայմանները: Գործնականում կիրառվում են հետևյալ եղանակները.
Ագրոտեխնիկական` վնասատուների նկատմամբ բույսերի կայուն սորտերի ստեղծում, ճիշտ ցանքաշրջանառության կիրառում, խնամքի ժամկետների ճիշտ ընտրություն:
Կենսաբանական` վնասատուների դեմ իրենց իսկ մակաբույծների և գիշատիչների օգտագործում, մանրէաբանական պատրաստուկների կիրառում:
Ֆիզիկամեխանիկական` թակարդների, որսացանցերի կիրառում, հորերի, առուների փորում, ձվերի ոչնչացում, բների հավաքում:
Քիմիական` թունավոր քիմիական նյութերի՝ միջատասպանների (ինսեկտիցիդներ), տզասպանների (ակարիցիդներ), որդասպանների (նեմատոցիդներ) օգտագործում: 
Կենսաֆիզիկական և կենսաքիմիական` գամմա-ճառագայթների և կենսաքիմիական պատրաստուկների կիրառում, միջատների ու տզերի սեռական ամլացում` քիմիական գրավչանյութերի (ատրակտանտներ) և ֆիզիոլոգիական ֆունկցիաները խախտող միջոցների (հակամետաբոլիտներ) զուգակցմամբ: