Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ժամանակակից 
սեքստանտ
Փարոս ափամերձ ժայռի վրա
Տեղորոշումը ցամաքում, ծովում, օդում շարժվող կամ անշարժ առարկայի գտնվելու, ինչպես նաև որոշակի ժամանակ անց նրա հասնելու վայրը ճշգրիտ որոշելու գործողությունն է: Դրա համար անհրաժեշտ է ճշգրիտ հաշվարկներով որոշել առարկայի գտնվելու վայրը և իմանալ նրա շարժման արագությունն ու ուղղությունը: Տեղորոշման պարզագույն սարքը մագնիսական կողմնացույցն է: 
Թեև մեր օրերում տեղորոշման համար ավելի ու ավելի մեծ դեր են խաղում արբանյակային համակարգերը, սակայն մագնիսական կողմնացույցը դեռևս չի կորցրել իր դերը: Այն ունի ազատորեն պտտվող փոքր մագնիսական սլաք, որի ծայրը Երկրի մագնիսական դաշտի ազդեցությամբ մշտապես ուղղված է դեպի հյուսիս: Իմանալով այդ՝ մենք կարող ենք հեշտորեն կողմնորոշվել տարածության մեջ: 
Հարյուրավոր տարիների ընթացքում ծովագնացներն իրենց գտնվելու վայրը որոշում էին Արեգակով և աստղերով: XIII դարում փորձված ծովայիններն Արեգակի և աստղերի դիրքը որոշում էին ծովային պարզագույն սարքերով՝ քվադրանտով և աստրոլաբով (անկյունաչափ), այնուհետև, ըստ այդ դիրքերի, որոշում էին նաև իրենց գտնվելու վայրի աշխարհագրական լայնությունը՝ հասարակածից ունեցած հեռավորությունը: XVIII դարում անգլիացիները հայտնագործեցին սեքստանտը, որը հնարավորություն էր տալիս այդ անել ավելի մեծ ճշտությամբ: Մեր օրերում կիրառվում են տեղորոշման ավելի ճշգրիտ սարքեր: Քանի որ Երկրի հյուսիսային մագնիսական բևեռը ճշտորեն չի համընկնում նրա հյուսիսային աշխարհագրական բևեռի հետ, ուստի նավերում և ինքնաթիռներում տեղորոշման համար օգտագործում են ավելի հուսալի սարք՝ գիրոկողմնացույցը: Դրա մեջ կա գիրոսկոպ կոչվող մի հարմարանք, որն իր առանցքի շուրջը պտտվող հոլ է: Գիրոսկոպի առանձնահատկությունն այն է, որ պտույտի ընթացքում այն երբեք չի փոխում իր առանցքի ուղղությունն ու, անկախ ազդող ուժերից, մշտապես ցույց է տալիս նույն կետը: Գիրոսկոպի այդ հատկության շնորհիվ գիրոկողմնացույցով կարելի է չափել նրա հետ կապված մարմնի (նավի, ինքնաթիռի) կողմնորոշման անկյան փոփոխությունը և, ըստ անհրաժեշտության, կարգավորել նավի կամ ինքնաթիռի ընթացքը:

Փարոսներ
Տեղորոշման ամենահին կառույցները փարոսներն են, որոնք հայտնի էին դեռևս մեր թվականությունից առաջ: 
Ժամանակակից փարոսի հզոր, պայծառ լույսի ճառագայթն օգնում է մոտակայքով անցնող նավերին՝ ճշտորեն որոշելու իրենց գտնվելու վայրը: Յուրաքանչյուր փարոս ունի լույսի բռնկումների հաջորդականությունների իր կոդը: Մառախլապատ եղանակին նավերին կողմնորոշելու նպատակով որոշ փարոսներ ծովի խորքերն են ուղարկում լույսի երկար ազդանշաններ: Անվտանգության նկատառումներով` փարոսները սովորաբար կառուցում են նավարկության համար վտանգավոր վայրերում՝ կղզիների, ժայռերի, խութերի (ստորջրյա ժայռեր) վրա: 
Ժամանակակից փարոսները ղեկավարվում են մայրցամաքում գտնվող համակարգիչներով, մինչդեռ հնում դրանք աշխատեցնում էին ամենաքիչը 3 ծառայողից կազմված անձնակազմերը:
Տեղորոշում արբանյակներով
Մեր օրերում բազմաթիվ ճանապարհորդներ, լեռնագնացներ, նավաստիներ, օդաչուներ և տրանսպորտային ամենաբազմապիսի միջոցների վարորդներ օգտվում են «Կողմնորոշման համընդհանուր համակարգ» կոչվող արբանյակային տեղորոշման համակարգերից: Այս համակարգն իր մեջ ներառում է Երկրի շուրջը երկրահաստատուն (գեոստացիոնար) ուղեծրով՝ այսինքն՝ Երկրի պտտման արագությանը համընկնող արագությամբ, պտտվող արբանյակների օղակ: Արագությունների նույնության շնորհիվ այդ արբանյակները Երկրի վրա մշտապես սևեռված են նույն դիրքում և անընդհատ հաղորդում են համաժամանակյա ռադիոազդանշաններ, որոնք կարող են որսալ Երկրի ցանկացած կետում գտնվող ռադիոընդունիչները: Այդ ռադիոազդանշանների օգնությամբ կարելի է անսխալ որոշել սեփական գտնվելու վայրը:

Տեղորոշման պատմությունից
Մագնիսական երկաթի կտորից պատրաստված կողմնացույցը հայտնագործել են մ.թ.ա. V դարում Չինաստանում: XII դարում եվրոպական ծովագնացները նույնպես սկսեցին օգտվել մագնիսական կողմնացույցից: Ավելի հին է տեղորոշման նպատակով փարոսների օգտագործումը:
Պատմության մեջ առաջին խոշոր փարոսը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում մ.թ.ա. 283 թ-ին կառուցված, 143 մ բարձրությամբ Ալեքսանդրյան կամ փարոսյան մարմարաշեն լուսատուն էր, որը նաև Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է համարվել (ամբողջությամբ փլուզվել է 1346 թ-ին): Նրա պատուհաններում վառվող ջահերի լույսը երևում էր դեռ հեռվից և լուսավորում էր նավահանգիստ տանող ուղին: Լուսավորման այս եղանակը փարոսներում կիրառվել է 1400 տարի, մինչև ի հայտ եկան ձեթի լամպերը, այնուհետև՝ էլեկտրական լուսատուները: