Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1. Ամբարային, 2. զրահավոր, 3. իքսոդային տզեր
Տզերը հոդվածոտանիների տիպի սարդակերպների դասի մանր (երկարությունը՝ 0,1–30 մմ) կենդանիներ են: Հայտնի է տզերի ավելի քան 10 հզ., ՀՀ-ում՝ 500 տեսակ:
Թրթուրն ունի 6, իսկ սեռահասուններն ու հարսնյակները՝ 8 ոտք: Մակաբույծ տզերն ունեն գլխակուրծք (պրոսոմա): Վերջավորությունների կառուցվածքը կախված է սնման եղանակից և կենսակերպից. լինում են ճանկերի կամ ասեղների նման, ծառայում են կերը որսալու կամ մաշկը ծակելու համար: Վերջավորությունների 1-ին և 2-րդ զույգերը (խելիցերներ և պեդիպալպներ) միացած են բերանային ապարատի մեջ և գոյացնում են առաջ ցցված շարժուն «գլխիկ»: Տզերի որոշ տեսակների արուների խելիցերը հարմարված է զուգավորմանը: Մեծ թվով տզեր աչքեր չունեն, շնչառությունը մաշկային է կամ տրաքեային: 
Տզերը տարասեռ են, բազմանում են սեռական ճանապարհով: Հայտնի են նաև կուսածնությամբ բազմացման դեպքեր: Նրանց մեծ մասը ձվադրում է, իսկ որոշ տեսակներ կենդանածին են: 
Տզերը դասակարգվում են 3 ենթակարգով՝ ակարիֆորմ (զրահավոր, ամբարային, մազավոր, փետրավոր, քոսի), տրոմբիդիֆորմ (սարդոստայնային, ջրային, կարծրամարմին) և մակաբույծ (գամազային, արգասային, իքսոդային և այլն):
Տզերը տարածված են ամենուրեք. մեծամասնությունն ապրում է ցամաքում, որոշ տեսակներ՝ ծովերում և քաղցրահամ ջրերում: Հիմնականում տարածված են մեղմ կլիմայով և արևադարձային գոտիներում: Գիշատիչ և բուսակեր տզերն ապրում են հողում, խոտի և քայքայվող օրգանական նյութերի վրա: Շատերը բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են: Որոշ տզեր օգտակար են. մասնակցում են հողագոյացմանը: Ֆիտոսեիդ տզերը ոչնչացնում են բույսերի որոշ վնասատուների: 
Իքսոդային, գամազային և արգասային տզերը, որպես արտաքին մակաբույծներ, մեծ վնաս են պատճառում մարդուն, կենդանիներին և մի շարք հիվանդությունների (ուղեղաբորբ, բծավոր տիֆ, տուլարեմիա, Քյու-տենդ և այլն), նաև վիրուսների, բակտերիաների և այլ վնասակար միկրոօրգանիզմների փոխանցողներ են:
Մի շարք զրահավոր տզեր համարվում են կենդանիների երիզորդային հիվանդությունների միջանկյալ տերեր: Ամբարային տզերն ախտահարում են պարենամթերքի պաշարները: Տզերի արտաթորանքով վարակված սնունդը կորցնում է իր սննդային հատկությունները և առաջացնում ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ, ալերգիական երևույթներ: Քոսի տիզը մարդու և կենդանիների մաշկի մակաբույծ է` առաջացնում է քոս հիվանդությունը: Տզերի որոշ տեսակներ հարուցում են մեղուների առանձին հիվանդություններ: Տզերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է տզաբանություն (ակարոլոգիա):