Այբուբեն
ԲԺՂՊՈւ
ԳԻՃՋՓ
ԴԼՄՌՔ
ԵԽՅՍՕ
-0ԶԾՆՎՖ
0ԷԿՇՏ
s3ԸՀՈՐ
ԱԹՁՉՑ
Արագ Որոնում


Ներկատու տորոն
Տորոնը (գունարմատ) տորոնազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս, կիսաթուփ կամ թուփ է: Հայտնի է մոտ 60 տեսակ՝ տարածված Ասիայի և միջերկրածովյան բարեխառն շրջաններում, որոշ տեսակներ՝ Կենտրոնական Եվրոպայում և Աֆրիկայում, ԱՊՀ երկրներում:
ՀՀ-ում կա տորոնի 2 տեսակ՝ ներկատու և կոշտատերև՝ տարածված Տավուշի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է թփուտներում, բանջարանոցներում, ճամփեզրերին, քարքարոտ լանջերին:
Ցողունը (բարձրությունը՝ 30–200սմ) քառանիստ է, հիմնականում՝ մագըլցող, երբեմն՝ կանգուն, ճյուղավորվող: Տերևները նշտարաձև կամ էլիպսաձև են, հակադիր, ամբողջական, ունեն տերևակիցներ, որոնք հաճախ մեծանում են, և ստացվում է տերևային օրգանների օղակաձև դասավորություն: Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, երկսեռ, կանոնավոր, գագաթնային կամ տերևանութային կիսահովանոցներում, որոնք հիմնականում առաջացնում են բարդ հուրանաձև, երբեմն՝ ողկուզանման ծաղկաբույլեր: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը հյութալի երկբաժան հատիկ է կամ տրոհվող տուփիկ: Որպես դեղահումք օգտագործում են կոճղարմատն ու արմատները. պարունակում են օքսիմեթիլանտրաքինոններ և դրանց ածանցյալները, կիտրոնա-, խնձորա-, գինեթթուներ, սպիտակուցներ, շաքարներ, պեկտինային նյութեր և այլն: Պատրաստուկները (թուրմ, փոշի, հաբ) օգտագործում են երիկամաքարային հիվանդությունների բուժման ժամանակ: 
Ներկատու տորոնից ստանում են տորոնաներկ, որի հիմնական գունավոր բաղադրիչն ալիզարինն է: Հայաստանում (որտեղից նաև արտահանվել է) տորոնաներկն օգտագործվում է վաղ ժամանակներից՝ բուրդը, գործաթելը, գործվածքը և մանրաթելը ներկելու համար:
Լավագույն տորոնաներկ ստացվում է 3–4 տարեկան բույսի արմատներից: Կախված ներկման պայմաններից և ներկի բաղադրությունից՝ հումքը ներկվում է վառ կարմիր, մանուշակագույն, շագանակագույն, դեղձանիկադեղին կամ այլ գույներով: Սինթետիկ ալիզարինի ստացմամբ սահմանափակվեց տորոնաներկի կիրառությունը:
  • 1736 թ-ին Հ. Ալթունյանը տորոնի սերմերը Արևմտյան Հայաստանից գաղտնի տեղափոխել է Ֆրանսիա, այնտեղ մշակել բույսը և խոշոր տնկադաշտեր հիմնել: Այդպիսի խոշոր վաստակի համար ֆրանսիացիները 1821 թ-ին հուշատախտակ են փակցրել Ավինյոնի Կելվե թանգարանում, իսկ վոկլյուզեցիները 1846 թ-ին Նոթր Դամ դը Դոմ ժայռի վրա կանգնեցրել են Ալթունյանի բրոնզե արձանը: 
          Ավելի ուշ տորոնն աճեցվել է Հոլանդիայում, Սիլեզիայում, Գերմանիայում և այլուր: