Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տունդրա
Ամառային տունդրա
Տունդրան անտառազուրկ բնական գոտի է, բնորոշ է հիմնականում Հյուսիսային կիսագնդին: Ձգվում է արկտիկական անապատներից հարավ՝ մերձարկտիկական կլիմայական գոտում: Տունդրան զբաղեցնում է Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա մայրցամաքների հյուսիսային մասերը և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կղզիները՝ Կոլգուևը, Վայգաչը, Նոր Երկրի հարավային կղզին, Նորսիբիրական կղզիները: Հյուսիսային Ամերիկայում տունդրայի գոտին ընդգրկում է Կանադական արկտիկական կղզեխմբի մեծ մասը, Գրենլանդիայի սառցազերծ հարավային ծայրամասերը և մայրցամաքի հյուսիսային մասերը՝ Հյուսիսային Ալյասկան, Հուդզոնի ծովածոցի մերձափնյա շրջանները, Լաբրադոր թերակղզու և Նյուֆաունդլենդ կղզու հյուսիսային ծայրամասերը:
Տունդրան աչքի է ընկնում դաժան, ցուրտ, երկարատև ձմեռներով: Ձմռան տևողությունը 8–9 ամիս է: Հաճախ լինում են սառնամանիքներ: Ձնածածկույթը հզոր չէ: Մշտատև ուժեղ քամիները (պուրգա) քշում-տանում են ձյան թույլ ծածկույթը՝ նպաստելով հողի բազմամյա սառած շերտի ձևավորմանը:
Ամառը տունդրայում կարճատև է (2–3 ամիս)՝ երկարատև բևեռային ցերեկով: Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը 5–10օC է: Տարեկան տեղումներն աննշան են, բայց ամենուրեք գերազանցում են գոլորշիացմանը, ինչի պատճառով առաջանում են ճահիճներ: Տունդրային բնորոշ են անտառազուրկ, նոսր մամռաքարաքոսային ծածկույթով, խիստ ճահճապատ լանդշաֆտը, բազմամյա սառածությունը և վեգետացիայի կարճ ժամանակաշրջանը: Լեռները (Պայ Խոյի, Բիռանգայի, Կորյակական լեռնաշղթաները, Բաֆինի Երկրի լեռները և այլն) միջին բարձրության մեկուսի զանգվածներ են՝ հնագույն սառցադաշտերի հետքերով: Ռելիեֆի ձևավորման գործում մեծ դեր են խաղացել սառցապատումները, բևեռային ծովերի բազմաթիվ տրանսգրեսիաները (ծովի հարձակում ցամաքի վրա), ժամանակակից սառցութային շարժընթացները: Լայն տարածում ունեն բրածո սառույցները, մակասառցաջրերը:
Տունդրայում աճող բուսական համակեցությունները սակավահարկ են` շարահարկերի թիվը` 1–3: Սովորաբար առաջին շարահարկը կազմում են թփերը, երկրորդը՝ թփիկներն ու խոտերը, իսկ երրորդը՝ մամուռներն ու քարաքոսերը:
Հյուսիսից հարավ տունդրան բաժանում են 4 ենթագոտիների. 
Արկտիկական տունդրայում լայն տարածում ունի բծավոր տունդրան, բացակայում են սֆագնային մամուռները (տորֆամամուռ): 
Մամռաքարաքոսային կամ տիպիկ տունդրայում գերիշխում են թփուտային համակեցությունները, լայն տարածում ունեն քարաքոսերը, հազվադեպ հանդիպում են սֆագնային մամուռները: 
Թփուտային տունդրայում շատ են գաճաճ թփերը՝ գաճաճ կեչին, գեղձավոր կեչին, գաճաճ ուռենին, լայն տարածում ունեն սֆագնային մամուռները, գետահովիտներում աճում են ցածրահասակ ծառեր: 
Անտառատունդրային բնորոշ են ցածրահասակ ծառերից կազմված նոսրանտառները: Ծառատեսակներից տարածված են սոճին, գալարուն կեչին, եղևնին, կվենին:
Տունդրայի բնակլիմայական պայմանները (բնատեղամասերի բաց բնույթը, հողագրունտների բազմամյա սառածությունը և բուսական կերերի աղքատությունը) անբարենպաստ են կենդանիների համար, միայն ամռան երկար ցերեկները, հատապտուղների առատությունն են ապահովում կենդանիների գոյությունը:
Տունդրայում տարածված են սպիտակ և տունդրային կաքավներ, հյուսիսային եղջերու, գայլ, լեմինգ, բևեռաղվես: Հանդիպում է ոչխարացուլը: Ամռանը բնադրում են բազմաթիվ ջրլող թռչուններ:
Տունդրայի դաժան ձմեռներն անցկացնելու համար շատ կենդանիների (օրինակ` երկարապոչ գետնասկյուռին, սևագլուխ արջամկանը) բնորոշ է ձմեռային քունը: Անողնաշարավորների նյութափոխանակության շարժընթացները նվազում են, և օրգանիզմը կարծես գտնվում է անկենդան վիճակում (անաբիոզ):
Հյուսիսային եղջերուն, սպիտակ նապաստակը, բևեռաղվեսը, գայլը, սովորական աղվեսը ձմռանը գաղթում են հարավ` դեպի անտառատունդրա: Հարավ են չվում նաև բազմաթիվ թռչուններ՝ սպիտակաճակատ սագը, ծովասագը, սապսան բազեն, սպիտակ բուն և այլն: Ցածր ջերմաստիճաններից պաշտպանվելու նպատակով տունդրայի կենդանիները ձեռք են բերել մի շարք անատոմաֆիզիոլոգիական առանձնահատկություններ. փետրածածկը թավ է, մորթին՝ փարթամ մազածածկույթով, բաց գույնի, որը ձմռանն ավելի է բացանում, և ձյան սպիտակ համապատկերի վրա կենդանին դառնում է անտեսանելի:
Տունդրան յուրացնելը դժվար է ոչ միայն դաժան կլիմայի, այլև հավերժական սառցույթի պատճառով: Ամռանը տունդրայում փափկում է հողի միայն վերին շերտը, որից ցած սառած գետինն է, ինչը և մեծ խոչընդոտ է շինարարության համար: Տունդրայի հարավում գյուղատնտեսության զարգացման շնորհիվ աճեցնում են բանջարեղեն, բուծում կաթնատու կենդանիներ:

  • Տունդրա բառն առաջացել է սաամերեն «տուռունտի» բառից, նշանակում է անտառազուրկ, ամայի տարածություն: