Տուֆը (փխրաքար) առաջանում է ցամաքում հրաբուխների ժայթքման շիկացած նյութերի բեկորների թրծման-եռակցման (հրաբխային տուֆ) և դրանց` ջրային ավազաններում նստվածքներով ցեմենտացման (տուֆիտ) հետևանքով: Հրաբխային ծագման այդ ապարը մեր երկրում կիրառվող հիմնական շինաքարն է: Հայաստանում կան տուֆի տասնյակ հանքավայրեր: Ըստ հատկանիշների՝ հայկական տուֆերը բաժանում են 5 տեսակի՝ Անիի (դեղին, նարնջագույն), Արթիկի (վարդագույն, մանուշակագույն), Երևանի (սև, կարմիր), Բյուրականի (վարդագույն՝ սև բծերով, մուգ մոխրագույն՝ սև բծերով) և ֆելզիտային (նախշավոր): Տուֆը հիանալի շինանյութ է. համեմատաբար հեշտ կտրվում ու սղոցվում է, բայց և բավականաչափ ամուր է ու լավ է դիմանում եղանակի փոփոխություններին: Ծակոտկենության շնորհիվ տուֆը ձմռանը շենքի ներսը պահպանում է ցրտից, իսկ ամռանը՝ շոգից: Տուֆե պատերը «շնչում են», այսինքն՝ դրանց միջով բնական օդափոխություն է կատարվում: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, որովհետև մեր մայրաքաղաքը կառուցապատված է վարդագույն գեղեցիկ տուֆե շենքերով: Շատ երկրներում, որտեղ բնական շինաքարեր չկան, մարդիկ ստիպված են դրանք պատրաստել արհեստական եղանակով. օրինակ` աղյուսը կաղապարում են կավից և թրծում վառարաններում: Մինչդեռ տուֆը բնությունն ինքն է թրծել հրաբխի կրակով, իսկ գեղեցկությամբ այն նույնիսկ չես համեմատի աղյուսի հետ: Դեռ հնում հայերը գնահատել են տուֆի արժանիքները և դարեր շարունակ օգտագործել որպես շինանյութ, ստեղծել են ճարտարապետական կոթողներ՝ եկեղեցիներ, ամրոցներ, խաչքարեր, որոնցից շատերը մեզ են հասել կանգուն, մեծ մասամբ` կիսավեր վիճակում: Ներկայումս նույնպես տուֆը լայնորեն օգտագործվում է շինարարության, քանդակագործության, կիրառական արվեստի և այլ բնագավառներում: Ստեղծվել են տուֆ արդյունահանող և մշակող խոշոր ձեռնարկություններ: Արտադրվում են ոչ միայն որմնաքարեր, այլև երեսպատման գեղազարդիչ սալեր, իսկ տուֆի խիճն ու ավազը թեթև բետոնների լավ լցանյութ են: Հայաստան այցելող զբոսաշրջիկները հիանում են տուֆաշեն բազմագույն կառույցներով: Հայկական տուֆերն առաքվում են մի շարք երկրներ:
|