Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սառցահատը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում 

Յուրահատուկ է Շպիցբերգենի թռչնաշխարհը:
Սպիտակ (բևեռային) արջը լավ հարմարվել է Արկտիկայի կլիմայական պայմաններին:
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը, նրա կղզիները և Եվրոպայի, Ասիայի ու Ամերիկայի հյուսիսային ծայրամասերը միասին կոչվում են Արկտիկա (հունարեն արկտիկա նշանակում է հյուսիսային): Այնտեղ, ի տարբերություն Անտարկտիկայի, ցամաք չկա: Այն պատված է Սառուցյալ օվկիանոսի լողացող սառույցներով, որոնց տակով հնարավոր է սուզանավով հասնել մինչև Հյուսիսային բևեռ:
Մինչև մայրցամաքների ծայրամասերն ընկած մերձբևեռային տարածությունն անվանում են Կենտրոնական Արկտիկա: Տարվա մեջ մի քանի ամիս այնտեղ բևեռային գիշեր է լինում: Այդ շրջանում միայն աստղերը, Լուսինը և մեկ էլ բևեռափայլի երփներանգ շերտերն են լուսավորում անծայրածիր տարածությունները. Արեգակն ամենեվին չի երևում: Առաջին անգամ արևը հորիզոնից դուրս է նայում մարտին՝ ընդամենը մեկ րոպեով, և սկսվում է բևեռային շլացուցիչ ցերեկը, որը նույնպես տևում է մի քանի ամիս: Արկտիկայի եղանակային պայմանները, ըստ շրջանների, չափազանց բազմազան են. ձմռանը լինում է -60օC սառնամանիք, ամռանը՝ -10օC սառնամանիքից մինչև 25օC տաքություն: Ամենացուրտ եղանակը Գրենլանդիա կղզում է, ամենատաքը՝ Գոլֆստրիմ տաք հոսանքի ջրերով ողողվող մասերում:
Արկտիկայի ամենաբարձր կետը 3700 մ բարձրություն ունեցող Գունբյորն լեռնագագաթն է (Գրենլանդիա): Սառցադաշտերը ոչ միայն պսակում են լեռնագագաթները, այլև հաճախ իջնում են մինչև ծովի մակարդակը: Չնայած խիստ պայմաններին` Արկտիկայում ամենուրեք կյանք կա: Ամռանը ծովափնյա մասերում ծաղկում են հյուսիսային համեստ ծաղիկները:
Սառուցյալ օվկիանոսի ջրերում իրենց շատ լավ են զգում գրենլանդական փոկերը, ծովացուլերը, ծովային նապաստակները, ծովաշները:
Կենդանական աշխարհը հարուստ է նաև ձկներով:Կղզիներում և մեծ սառցաբեկորների վրա ապրում են սպիտակ արջերը, որոշ տեղերում պահպանվելէ խոյացուլը, տունդրայում՝ բևեռային աղվեսը, բևեռագայլը, հյուսիսային եղջերուն: Ամռանը կղզիների ուղղաբերձ ժայռերը, որոնք շեշտակի իջնում են դեպի ծովը, ամբողջովին ծածկվում են ծովային թռչունների բներով: 
Դրանք թռչնաշուկաներն են: Արկտիկայի ընդերքում հայտնաբերվել են շատ օգտակար հանածոներ՝ նավթ, գազ, քարածուխ, գունավոր մետաղներ, ալմաստներ: Արկտիկայի տեղաբնիկներն են իննուիտները (էսկիմոսներ), յակուտները, նենեցները, էվենկները, չուկչիները, յուկագիրները և այլն: Նրանց ավանդական զբաղմունքները որսորդությունը, ձկնորսությունը, եղջերվաբուծությունն են:
Երկրագնդի Հյուսիսային բևեռի առեղծվածային այս շրջանը վաղուց ի վեր հետաքրքրել է խիզախ ճանապարհորդներին:
Դեռևս հեռավոր անցյալում նորվեգացիների նախնիները՝ վիկինգները, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում հայտնագործել են Իսլանդիա և Գրենլանդիա կղզիները:
XVI–XVII դարերում անգլիացի և հոլանդացի ծովագնացները (Հ. Հուդզոն, Ու. Բաֆին, Վ. Բարենց) կատարել են մի շարք նավարկություններ՝ նպատակ ունենալով հայտնաբերել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից դեպի Խաղաղ օվկիանոս և Արևելքի երկրներ (Չինաստան, Հնդկաստան) տանող ծովային ուղիները: Օվկիանոսի եվրասիական ափերն ուսումնասիրել են նաև Հյուսիսային մեծ արշավախմբի (1733–44) մասնակից ռուս ծովագնացները: Շատերն են փորձել հասնել Հյուսիսային բևեռ, սակայն քչերին է հաջողվել թափանցել Սառուցյալ օվկիանոսի մերձբևեռային շրջանները: Հայտնի է հատկապես նորվեգացի ականավոր բևեռախույզ Ֆ. Նանսենի արշավախումբը՝ «Ֆրամ» նավով: Ամերիկացի Ռոբերտ Պիրին իր կյանքի ավելի քան քսան տարիները նվիրել է Հյուսիսային բևեռի նվաճմանը: XX դարի սկզբին նա երեք անգամ փորձ արեց հասնել Հյուսիսային բևեռ, սակայն հյուսիսային լայնության 87օ06I-ից հյուսիս շարժվել չհաջողվեց: 1908 թ-ին նա կազմակերպեց չորրորդ արշավախումբը: 1909 թ-ի ապրիլի 6-ին Պիրին օրագրում արձանագրել է իր` Հյուսիսային  բևեռ հասնելու փաստը:
Արկտիկայի ուսումնասիրությամբ զբաղվել են աշխարհի տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ. ամերիկացիներ Դ. Ֆրանկլինը և Ջ. դե Լոնգը, հոլանդացի Վ. Բարենցը, ռուսներ Ֆ. Վրանգելը, Գ. Սեդովը, Լապտև եղբայրները, անգլիացիներ Ջոն Ռոսը և Ջեյմս Ռոսը, նորվեգացիներ Ֆ. Նանսենը և Ռ. Ամունդսենը, իտալացի Ու. Նոբիլեն և շատ ուրիշներ: Այդ ծովագնացների անուններով հետագայում կոչվեցին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի մի քանի կղզիներ, ծովեր, ծոցեր, նեղուցներ (Բաֆինի Երկիր կղզի, Բաֆինի ծով, Վրանգելի կղզի, Բարենցի ծով, Լապտևների ծով, Բերինգի նեղուց, Ամունդսենի ծով ու ծոց և այլն):
Արկտիկայի ուսումնասիրությունը խիզախ առճակատում է ծովային սառույցի և սառցալեռների հետ: Բևեռային նավերը լողում են սառույցից զերծ ջրային «արահետներով»: Հզոր սառցահատների կառուցումը (դրանց կմախքները հատուկ ամրացված են, որպեսզի կարողանան իրենց համար ճանապարհ բացել սառույցների միջով, ինչպես նաև պաշտպանեն ճզմվելուց), գիտության և տեխնիկայի զարգացումը, սառույցների հետախուզության նորագույն եղանակները, Արկտիկայում գործող բազմաթիվ բևեռային (այդ թվում և լողացող) գիտական կայաններն ապահովում են Հյուսիսային ծովային ուղու անխափան աշխատանքը:
Արկտիկան բաժանված է 5 հատվածի: Դրանց սահմանազատման հիմքը Ամերիկայի Միացյալ Նահանգների, Դանիայի, Ռուսաստանի Դաշնության, Կանադայի և Նորվեգիայի հյուսիսային սահմաններն են: Յուրաքանչյուր հատվածում գտնվող տարածքները պատկանում են դրանց հարող պետություններին:
    
  «...Ես հասա իմ նպատակին: Ես գտա Հյուսիսային բևեռը և այնտեղ ամրացրի ամերիկյան դրոշը: Զարմանալի զգացողություն է՝ կանգնել մի կետի վրա, որտեղից որ ուղղությամբ էլ քայլ կատարես, այն կլինի դեպի հարավ»:
Ռոբերտ Պիրի
 Ամերիկացի ծովագնաց  6 ապրիլի 1909 թ. 
    
    
  • Հայտնի բևեռախույզ, Խորհրդային Միության հերոս, «Հյուսիսային բեվեռ-19» և «Հյուսիսային բևեռ-22» դրեյֆող կայանների պետ, «Սիբիր» ատոմային սառցահատի գիտարշավի ղեկավար Ա. Ն. Չիլինգարովը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բեվեռներում: Իսկ 2008 թ-ին արժանացել է ՌԴ Ազգային հերոսի կոչման: