 | Շթաքարերի և պտկաքարերի առաջացումը շարունակական է: |
Քարայրը (քարանձավ, անձավ, այր) երկրակեղևի վերին շերտերի դատարկ տարածություն է (խոռոչ), որը Երկրի մակերևույթ է դուրս գալիս մեկ կամ մի քանի ելքերով: Առաջանում է ջրի ներգործությամբ հեշտ լուծվող ապարների (կրաքար, դոլոմիտ, բազալտ, գիպս և այլն) լվացատարման և այլ շարժընթացների հետևանքով: Աշխարհի ամենատպավորիչ քարայրերը գտնվում են այնտեղ, որտեղ շատ է կրաքարը, օրինակ՝ Կարլսբադ-Կավերզնը Նյու Մեքսիկո նահանգում (ԱՄՆ): Կրաքարի հիմնական մաս կազմող կալցիումի կարբոնատը հեշտությամբ լվացվում-տարվում է անձրևաջրով: Ջուրը, ներծծվելով կրաքարի ճաքերի ու ճեղքերի միջով, աստիճանաբար լայնացնում է դրանք, երբեմն էլ բացում է ուղղաձիգ խորը թունելներ: Կրաքարը լվացատարվում է նաև ստորգետնյա գետերի ջրերով՝ գոյացնելով խոշոր քարայրեր: Քարայրեր են հանդիպում նաև ծովերի առափնյա ժայռերում և հրաբխային շրջաններում (բազալտային քարայրեր): Առավել խոշոր քարայրերը կարստային են: Դրանք սրահների և անցումների բարդ համակարգ են և ունենում են մի քանի տասնյակ կիլոմետր երկարություն: Նախնադարում քարանձավներն օգտագործվել են որպես կացարան: Այնտեղ հայտնաբերվել են բրածո կենդանիների ու մարդկանց ոսկրերի մնացորդներ, աշխատանքի գործիքներ, կենցաղային իրեր, ժայռերի պատերին փորագրված զանազան պատկերներ: Հայկական լեռնաշխարհում հնագույն քարանձավ-հնավայրերից է Շանիդարը: ՀՀ-ում նախնադարյան քարանձավ-կայաններ են հայտնաբերվել Հրազդան գետի միջին հոսանքի շրջանում (Երևանյան լճի, Արզնու քարանձավները): Գետահովիտներում, կիրճերում գտնվող բնական և արհեստական շատ քարայրեր միջին դարերում նույնպես եղել են բնակավայրեր (տաճարներ, վանքեր): Նման քարայրերից են Ուփլիսցիխեն, Վարձիան՝ Վրաստանում, Գեղարդը, Սպիտակի վիմափոր բնակավայրը՝ Հայաստանում, Կալամիտան, Մագնուտը՝ Ղրիմում և այլն: Քարայրեր կան նաև Բալկանյան երկրներում, Իտալիայում, Չինաստանում, Հնդկաստանում և այլուր: Միջնադարյան քարայրային բնակավայրերը «քարայրային քաղաքներ» ընդհանուր անվանումով այժմ դարձել են զբոսաշրջության գրավիչ վայրեր:
Շթաքարեր և պտկաքարեր Կրաքարային քարայրերում կան հոսքային գոյացություններ, որոնք կոչվում են շթաքարեր (ստալակտիտ) և պտկաքարեր (ստալագմիտ): Քարայրի կամարից կաթող ջուրը մասամբ գոլորշիանում է՝ թողնելով կալցիումի կարբոնատի բարակ նստվածքաշերտ, որը, հետզհետե աճելով, առաջացնում է շթաքար, իսկ հատակին կաթող նստվածքից գոյանում է պտկաքար: Շթաքարերը քարե լեզվակների տեսքով կախվում են քարայրի առաստաղից, իսկ պտկաքարերը հատակից վեր են բարձրանում քարե սյուների նման և, երբեմն միմյանց միանալով, գոյացնում են միասնական սյուն (ստալագնատ): Շթաքարերն ու պտկաքարերը շատ հաճախ այնքան գեղեցիկ գոյացություններ են առաջացնում, որ վաղուց արժանացել են զբոսաշրջիկների ուշադրությանը: - Ամենախոր քարայրը Ֆրանսիական Ալպերի Ռեզո դյու Ֆուայն է` 1455 մ:
- Քարայրերի խոշորագույն համակարգը Մամոնտի քարանձավն է (Քենտուկի նահանգ, ԱՄՆ), որտեղ քարայրերի և անցուղիների ընդհանուր երկարությունը 530 կմ է:
Ամենաերկար` մոտ 10 մ, շթաքարը գտնվում է Բրազիլիայի Գրուտա դո Ժանելան քարանձավում: Ամենաբարձր` մոտ 32 մ, պտկաքարը գտնվում է Սլովակիայի Կրասնոխորսկա քարայրում:
|