Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Այստեղ ներկայացված են օճառների զանազան տեսակներ՝ հատուկ ձևավորումներով:
Օճառներն ու սինթետիկ լվացամիջոցներն օգտագործվում են աղտոտված իրեր և առարկաներ լվանալ-մաքրելու համար: 

Օճառներ
Օճառները բարձրագույն կարբոնաթթուների (ածխածնային շղթայում 12–18 ածխածնի ատոմ պարունակող)՝ ճարպաթթուների աղերն են: Տարբերում են ջրալույծ և ջրում չլուծվող օճառներ: 
Ջրալույծ օճառները ճարպաթթուների նատրիումական կամ կալիումական աղերն են և կոչվում են ալկալիական օճառներ: 
Նատրիումական աղերը` պինդ, իսկ կալիումական աղերը հեղուկ (շամպուններ) օճառներ են: 
Ջրում չլուծվող օճառները ճարպաթթուների հողալկալիական և բազմավալենտ մետաղների աղերն են և կոչվում են մետաղական օճառներ: Դրանք լվացող հատկություն չունեն և օգտագործվում են որպես պլաստիկ քսուքների թանձրացուցիչներ ու լաքաներկանյութերի չորացումն արագացնող բաղադրիչներ:
Մանկուց բոլորը գիտեն, որ ջրով չմաքրվող կեղտն ու ճարպը արագ լվացվում են օճառով: Օճառների լվացող հատկությունը պայմանավորված է նրանց մակերևութային ակտիվությամբ: Օճառները հատուկ մակերևութաակտիվ նյութեր են, ջրում լուծվելիս խիստ նվազեցնում են նրա մակերևութային լարվածությունը, իսկ որոշակի կոնցենտրացիայից բարձր առաջացնում են միցելներ (մանրագույն գոյացություններ), որոնք իրենց մեջ կարող են լուծել ջրում չլուծվող նյութեր՝ ճարպեր, յուղեր և այլն:
Օճառների արտադրության հիմնական հումքը կենդանական և բուսական ճարպերն են, սինթետիկ ճարպաթթուները և ալկալիները: Այս խառնուրդը հատուկ եղանակով եփվում է, աղաջրով շերտավորվում, չորացվում և ենթարկվում մեխանիկական մշակման (ողորկում, մամլում), հետո բաժանվում է կտորների, դրոշմվում և փաթեթավորվում:
Ըստ կիրառության` տարբերում են լվացքի, ձեռքի և հատուկ (բուժական) օճառներ, ըստ թանձրության՝ պինդ, հեղուկ (ջրասպիրտային լուծույթի ձևով), փոշենման (օճառափոշի) և հատիկավոր:
Լվացքի օճառները (պինդ, չորացրած) արտադրվում են ճարպաթթուների 70–72% պարունակությամբ: Պատրաստվում են ձիթաճարպերի, սինթետիկ ճարպաթթուների, հեղուկ բուսական ձեթերի, բևեկնախեժի ճարպախառնուրդներից: Խորհուրդ չի տրվում լվացքի օճառով լվանալ ձեռքերը, մարմինը և գլուխը, քանի որ օճառի լուծույթում պարունակվում է ոչ մեծ քանակությամբ ազատ ալկալի:
Ձեռքի օճառները (պինդ) արտադրվում են ճարպաթթուների 74– 78% պարունակությամբ, բարձրորակ ճարպերից (տավարի և խոզի ճարպեր, կոկոսի յուղ, ձիթաճարպ) և սինթետիկ ճարպաթթուներից՝ բուրավետ նյութերի, ներկանյութերի և այլ նյութերի հավելումով: Ձեռքի օճառի ջրային լուծույթն ունի հիմնային ռեակցիա: Լվացվելիս այն ճարպազերծում և գրգռում է զգայուն մաշկը, այդ պատճառով էլ օճառին ավելացնում են ճարպայնացնող տարրեր (լանոլին, ջրաքիսի ճարպ, սնուցող մաշկաքսուք և այլն), որոնք պաշտպանում են մարդու մաշկը:
Հատուկ օճառներն ունեն բուժիչ և վարակազերծիչ հատկություններ: Սուլսենի օճառը (պարունակում է սելենի սուլֆիդ՝ սուլսեն) կիրառում են ճարպահոսության (սեբոռեա) բուժման համար, կարբոլաթթու պարունակող օճառը՝ որպես վարակազերծիչ և հոտազերծիչ:
Ձեռքի հեղուկ օճառներ պատրաստելու համար օգտագործում են արևածաղկի, գինձի և կոկոսի յուղեր, կալիումի հիդրօքսիդ, ջուր, սպիրտ, գլիցերին և բուրավետ նյութեր:
Փոշենման և հատիկավոր օճառները չորացրած օճառի փոշին են՝ նատրիումի հիդրոկարբոնատի (տնտեսական նպատակների, լվացքի համար) և օսլայի (սափրվելու համար) հետ խառնած:
Օճառներն ունեն մի շարք էական թերություններ.
– Կալցիումի և մագնեզիումի աղեր պարունակող ջրում (կոչվում են կոշտ ջրեր) ջրալույծ օճառները վատ են լվանում, քանի որ այդ աղերի հետ առաջացնում են ջրում չլուծվող օճառներ և անջատվում են նստվածքի տեսքով. ապակե ամանեղենի վրա առաջացնում են սպիտակավուն թաղանթ, լոգնոցի պատերին՝ օղակաձև շերտեր (դիրտ):
– Օճառները մասնակիորեն հիդրոլիզվում են՝ առաջացնելով ճարպաթթու և ալկալի, այսինքն՝ օճառի լուծույթն ունենում է հիմնային ռեակցիա, ինչը բացասական ազդեցություն է թողնում մաշկի, բրդե և մետաքսե գործվածքների վրա:
Օճառի արտադրության համար ծախսվում են մեծ քանակությամբ արժեքավոր սննդամթերքներ: Այդ  պատճառով վերջին ժամանակներում կրճատվել է օճառների կիրառությունը, փոխարենն օգտագործվում են սինթետիկ լվացամիջոցներ:

Սինթետիկ լվացամիջոցներ
Սինթետիկ լվացամիջոցները մի շարք մակերևութային ակտիվ նյութերի խառնուրդ են: Ի տարբերություն օճառների՝ սինթետիկ լվացամիջոցները լուծվում են նաև կոշտ ջրում և անլուծելի կալցիումական ու մագնեզիումական աղեր չեն առաջացնում, չունեն հիմնային ռեակցիա և կտորեղենն ու մաշկը չեն փչացնում: Սինթետիկ լվացամիջոցները, բացի մակերևութային ակտիվ նյութերից, պարունակում են նաև օրգանական և անօրգանական հավելանյութեր (սպիտակեցնող, հոտավետ նյութեր և  կենսահավելանյութեր):
Սինթետիկ լվացամիջոցները կեղտաջրերի հետ թափանցում են բնական ջրամբարներն ու աղտոտում շրջակա միջավայրը: Ուստի վտանգավոր սինթետիկ լվացամիջոցներն աստիճանաբար փոխարինվում են էկոլոգիապես մաքուր և անվտանգ լվացամիջոցներով:
  • Առաջին սինթետիկ լվացամիջոցներն ստացվել են Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ժամանակ: XX դարի 50-ական թվականներին Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում լայն տարածում ստացան կենցաղային նպատակներով օգտագործվող սինթետիկ լվացամիջոցները:
Օճառների օգտագործման 
պատմությունից
   Օճառների պատրաստման մասին առաջինը հիշատակել է հռոմեացի բժիշկ Գալենը: Հնագույն գալլերն ու գերմանացիներն օճառը պատրաստել են այծի ճարպից ու հաճարենու մոխրից և օգտագործել մազերի ներկ պատրաստելու համար, իսկ արաբներն այն օգտագործում էին բժշկության մեջ: Որպես լվացամիջոց՝ օճառը կիրառություն է ստացել XIX դարի սկզբին, և սկսվել է օճառի արդյունաբերական արտադրությունը: XIX դարի գերմանացի քիմիկոս Յու. Լիբիխը համարում էր, որ օճառը պետության բարեկեցության և մշակույթի չափանիշն է: Եվ հիրավի, մինչև XX դարի կեսերը, երբ հայտնվեցին առաջին սինթետիկ լվացամիջոցները, օճառը համարվում էր անձնական հիգիենայի միակ միջոցը: