Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մայրամուտն օվկիանոսում
Ստորջրյա կյանքն օվկիանոսում
Խաղաղ օվկիանոսը միշտ չէ, որ խաղաղ է:
Ստորջրյա հետազոտություններ
Ծովային խորությունները հետազոտում են հատուկ սարքերով:
Նայենք գլոբուսին: Երկրի մակերևույթի ավելի քան 2/3-ը կամ 71%-ն զբաղեցնում են ծովերն ու օվկիանոսները, որոնք միացած են իրար և համատեղ կազմում են Համաշխարհային օվկիանոսը (հունարեն «օվկիանոս» նշանակում է երկրագնդի շուրջը հոսող մեծ գետ):
Համաշխարհային օվկիանոսը բաժանվում է չորս օվկիանոսների: Այդ բաժանումը պայմանական է և կախված է ջրի հատակի ռելիեֆից, ջրի զանգվածի ինքնուրույն շրջանառությունից, ջրի հատկություններից և այլն: Ամենամեծը Խաղաղ կամ Մեծ օվկիանոսն է: Այն այդպես է անվանել Մագելանը` Խաղաղ օվկիանոսը կտրած-անցած առաջին եվրոպացին: Սակայն իր նավարկության ժամանակ Մագելանի բախտը պարզապես բերել է, որովհետև այստեղ շատ հաճախ են սարսափելի փոթորիկները: Խաղաղ օվկիանոսը վիթխարի չափեր ունի, զբաղեցնում է Համաշխարհային օվկիանոսի ամբողջ մակերևույթի գրեթե կեսը: Խաղաղ օվկիանոսն ամենախորն է: Նրա հատակին ջրի ճնշումը գրեթե նույնքան է, որքան կրակող հրանոթի փողում: Այդ պատճառով էլ նախկինում ենթադրում էին, որ նման խորություններում ոչ մի կյանք չկա: Բայց գիտնականներն այնտեղ կենդանի էակներ գտան:
Ատլանտյան օվկիանոսը մեծությամբ երկրորդն է և ավելի պակաս խորը: Մարդկության կյանքում այս օվկիանոսը մեծ դեր ունի: Դեռ հնագույն ժամանակներից Ատլանտյան օվկիանոսի (նրա մասը կազմող Միջերկրական ծովի) ափերին են ձևավորվել Հին Հունաստանը, Հին Հռոմը, Կարթագենը, Հին Եգիպտոսը, Փյունիկիան: Այժմ էլ համաշխարհային նավագնացության մեծ մասը բաժին է ընկնում Ատլանտյան օվկիանոսին:
Հնդկական օվկիանոսը մեծությամբ երրորդն է: Նրա հյուսիսային ափերը հնագույն քաղաքակրթության շրջաններից են: Այստեղ են ձևավորվել Հին Հնդկաստանը, Բաբելոնը, Պարսկաստանը: 
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն ամենափոքրն ու ամենածանծաղն է: Տարածվում է Արկտիկայի կենտրոնական մասում: 
Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները հարավից իրար են միանում անտարկտիկական ջրային օղակով, որը երբեմն անվանում են Անտարկտիկական կամ Հարավային օվկիանոս:
Օվկիանոսների մերձափնյա կամ ծայրամասային շրջանները սովորաբար անվանում են ծովեր: Դրանցից մի քանիսը, օրինակ՝ Միջերկրական, Բալթիկ, Սև, Ազովի ծովերը, «մխրճված» են ցամաքի մեջ: Կան նաև եզրային ծովեր, որոնք մի մասով հարում են ցամաքին, իսկ մնացած ընդարձակ մասով բաց են դեպի օվկիանոս (Բարենցի, Բերինգի, Նորվեգական, Կարիբյան և այլն): Երկրագնդի վրա կա մի զարմանահրաշ ծով, որն ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է, որը գտնվում է Ատլանտյան օվկանոսում՝ Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ: Նրա մակերևույթը ծածկված է սարգասներ կոչվող ջրիմուռներով, որոնցից էլ ծովն ստացել է իր անունը: Սարգասները լողում են ծովի մակերևույթին և Ատլանտյան օվկիանոսով մեկ չեն տարածվում, որովհետև նրանց պահում են ջրի հոսանքները: Յուրաքանչյուր ջրիմուռի վրա, ասես, հատապտուղներ են երևում, որոնք իրականում լողապղպջակներ են: Դրանց օգնությամբ ջրիմուռները լողում են և դեռ «կենվորներ» (ծովախեցգետին կամ փափկամարմին) էլ են պահում:
Օվկիանոսների և ծովերի այն մասերը, որոնք որոշ չափով խորանում են ցամաքի մեջ, բայց լայն կապ ունեն հիմնական ավազանի հետ, կոչվում են ծոցեր: Դրանցից են Ֆիննական, Բոտնիկական, Ռիգայի, Մեքսիկական, Պարսից , Հուդզոնի ծոցերը և այլն: 
Ջրային այն նեղ շերտը, որով իրար են կապվում երկու հարևան օվկիանոսներ կամ ծովեր, կոչվում է նեղուց: Օրինակ՝ Բերինգի նեղուցը միացնում է Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսները, Ջիբրալթարի նեղուցը՝ Միջերկրական ծովը Ատլանտյան օվկիանոսին, Բոսֆորի նեղուցը՝ Սև ծովը Մարմարա ծովին, և այլն:
Սովորաբար Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներին հարող առափնյա մասերում ծանծաղ է: Օվկիանոսի կամ ծովի 0–200 մ խորությամբ առափնյա հատվածը մայրցամաքային ծանծաղուտն է, որը, ըստ էության, մայրցամաքի շարունակությունն է ջրի տակ: Այստեղ հատակի թեքությունը փոքր է, ավազը՝ խոշորահատիկ, շատ են գլաքարերը, կոպիճը, կենսազանգվածը: 200–2500մ խորությունը մայրցամաքային լանջն է, որը կտրուկ ցածրանում է, թեքությունը մեծ է, ավազը՝ համեմատաբար մանրահատիկ, կենսազանգվածը՝ քիչ: 2500–6000 մ խորության շրջանն օվկիանոսի հատակն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ օվկիանոսի հատակի ռելիեֆը ցամաքի ռելիեֆի համեմատությամբ ավելի հարթ է, թեև այնտեղ նույնպես կան ստորջրյա լեռնաշղթաներ, որոնց գագաթները երբեմն կղզիների ձևով դուրս են ելնում օվկիանոսի մակերևույթ: Օվկիանոսի հատակի նստվածքները հիմնականում մանրահատիկ են: Այնտեղ հատակին կան նաև խոր իջվածքներ կամ անդունդներ՝ Մարիանյան (11 022 մ), Տոնգայի (10 882 մ), Ֆիլիպինյան (10 265 մ), Կուրիլա-Կամչատկայի (9 783 մ), Ճապոնական (8 412 մ), և ստորջրյա լեռնաշղթաներ՝ Հյուսիսատլանտյան (Ատլանտյան օվկիանոսում), Լոմոնոսովի, Մենդելեևի (Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում), Հավայան (Խաղաղ օվկիանոսում) և այլն:

Կյանքն օվկիանոսում
Ջրում ապրող օրգանիզմները բաժանվում են երեք խմբի՝ պլանկտոն, նեկտոն, բենթոս: 
Պլանկտոնը կազմված է ջրիմուռներից, խխունջներից, պարզունակ որդերից, որոնցից շատերը կարողանում են սուզվել կամ վեր բարձրանալ, իսկ ընկնելով օվկիանոսային հոսանքների մեջ՝ տեղանքից հեռանալ հազարավոր կիլոմետրեր:
Նեկտոնն ակտիվ շարժվող կենդանիներն են` ձկները, փոկերն ու ծովային կրիաները, կաթնասունները և այլն, որոնք կարող են կտրել-անցնել հազարավոր կիլոմետրեր, իջնել ու բարձրանալ տարբեր խորություններ: 
Բենթոսը հատակաբնակ օրգանիզմներն են` խխունջները, սպունգները, փշամորթները և այլն:
Օվկիանոսի խորքում խավար է: Հսկայական ճնշման տակ սառը ջրում լողում են արտասովոր տեսքով ձկներ, որոնց մեծ մասը կույր է և զոհին հրապուրելու համար լույս է արձակում:
Օվկիանոսների հատակին դարերի, հազարամյակների ընթացքում գոյանում են նստվածքներ: Գետերի ջրերով տարված կամ օդից փոշու ձևով իջած տիղմը և մահացած օրգանիզմների մնացորդները գոյացնում են նստվածքային շերտեր, որոնք, հետագայում խտանալով, դառնում են նստվածքային ապարներ՝ կրաքարեր, թերթաքարեր, ավազաքարեր:

Ջրի շարժումն օվկիանոսում
Ծովերի և օվկիանոսների ջուրն անընդհատ շարժման մեջ է: Նույնիսկ թույլ քամին ջրի մակերևույթին ալիքներ է առաջացնում, իսկ ուժեղ քամիների ժամանակ ծովի վրա նրանց բարձրությունը հասնում է 18–20 մ-ի: Հսկայական է ալիքների ավերիչ ուժը. ալիքները մերթ հարձակվում են ափի վրա, մերթ նահանջում, երբեմն պոկում և ափ են նետում հսկայական ժայռաբեկորներ կամ ծովի խորքն են տանում վիթխարի քանակությամբ նյութեր:
Օվկիանոսում ալիքների առաջացման պատճառ են դառնում երկրակեղևի շարժումները: Այն ալիքները, որոնք առաջանում են երկրաշարժերից և ստորջրյա հրաբուխներից ու ժայթքումներից, կոչվում են ցունամի: Դրանց տարածման միջին արագությունը 700–800 կմ/ժ է:
Լուսնի և Արեգակի ձգողության պատճառով օվկիանոսի ջուրը օրական երկու անգամ որոշակի պարբերականությամբ  բարձրանում է (մակընթացություն) և երկու անգամ իջնում (տեղատվություն): 
Օվկիանոսում ջրերի շարժման ձևերից են նաև օվկիանոսային հոսանքները, որոնք, ըստ ջերմաստիճանի, լինում են տաք ու սառը և մեծ ազդեցություն ունեն երկրագնդի կլիմայի ձևավորման վրա: Դրանցից մեկը Ատլանտյան օվկիանոսի Գոլֆստրիմ հզոր հոսանքն է (երկարությունը 3 հզ. կմ է, արագությունը՝ 10 կմ/ժ): Այն դեպի հյուսիս է տանում տաք, արևադարձային ջրերը և ասես նման է օվկիանոսում հոսող վիթխարի գետի, որը 20 անգամ ավելի շատ ջուր է տանում իր հետ, քան Երկրի բոլոր գետերը միասին: Գոլֆստրիմը, Հյուսիսատլանտյան հոսանքը և Ատլանտյան օվկիանոսով անցնող այլ հոսանքներ Հյուսիսային կիսագնդում կատարում են «կենտրոնական ջեռուցման» դեր: Ռուսաստանի հյուսիսում գտնվող Մուրմանսկ նավահանգիստը, օրինակ, ցուրտ, բևեռային ձմեռներին չի սառչում շնորհիվ այն տաք ջրերի, որ հարավից բերում է Հյուսիսատլանտյան հոսանքը: 
Օվկիանոսային բոլոր հոսանքներից ամենախոշորը Արևմտյան քամիների հոսանքն է (երկարությունը՝ 30 հզ. կմ, լայնությունը՝ մի քանի հազար կմ, արագությունը՝ 3,5 կմ/ժ):
Օվկիանոսի ուսումնասիրությունը
Եթե ցամաքի վրա արդեն վաղուց չկան անհայտ տարածքներ, ապա օվկիանոսի խորքում այժմ էլ քիչ չեն անհայտ և նույնիսկ առեղծվածային տարածքները: Ժամանակակից օվկիանոսագիտության սկիզբը դրվել է XIX դարի վերջին, երբ օվկիանոսներում կատարվեցին մի շարք հետազոտություններ: Անգնահատելի են բրիտանական «Չելենջեր» արշավախմբի կատարած ուսումնասիրությունները: Այդ պատմական ճանապարհորդությունը տևել է երեք տարի` 1872թ-ից  մինչև 1875 թ.: Նավն անցել է 111 հզ. կմ, կատարել բազմաթիվ ուսումնասիրություններ: Օվկիանոսի խորությունը չափելիս «Չելենջերն» Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել է ստորջրյա լեռներ, իսկ Խաղաղ օվկիանոսում՝ 11.022 մ խորությամբ Մարիանյան իջվածքը: 
Ներկայումս աշխարհի բազմաթիվ երկրներում գործում են օվկիանոսագիտական գիտահետազոտական ինստիտուտներ, կայաններ, արշավախմբեր, որոնք ուսումնասիրում են օվկիանոսի հատակի նստվածքները, ջրի աղիությունը, ջերմային պայմանները, կենսապաշարները, հոսանքները և այլն: Ներկայումս օվկիանոսագետներն օգտագործում են ժամանակակից բարդ սարքեր, համակարգիչներ, ուղեծրային արբանյակներ:

Օվկիանոսի բնական 
հարստությունները
Երկրի վրա ապրող բոլոր մարդկանց կյանքը սերտորեն կապված է ծովերի ու օվկիանոսների հետ, որոնց մակերևույթից գոլորշիացող ջուրը ոռոգում է Երկիրը: Օվկիանոսներում ու ծովերում աճող ջրիմուռները մեզ տալիս են մեծ քանակությամբ թթվածին, որը մենք շնչում ենք: Համաշխարհային օվկիանոսում է ծնունդ առել կյանքը:
Ներկայումս Համաշխարհային օվկիանոսը դիտվում է որպես բազմազան բնական հարստությունների մի վիթխարի շտեմարան, մի այնպիսի միջավայր, որտեղ մարդը կարող է բազմաբնույթ արտադրական գործունեություն ծավալել:
Վիթխարի են Համաշխարհային օվկիանոսի ջրային պաշարները՝ 1338 մլն կմ3 կամ ամբողջ ջրոլորտի ծավալի 96,5%-ը: Ծովի ջուրը յուրատեսակ «կենդանի հանքանյութ» է, որը պարունակում է շուրջ 70 քիմիական տարրեր (հանքային աղեր, մագնեզիում, ծծումբ, բրոմ և այլն): Երկար ժամանակ կարծում էին, որ ծովի ջուրն աղիության պատճառով հնարավոր չէ օգտագործել արդյունաբերության, առավել ևս գյուղատնտեսության մեջ: Ընտրասերումնաբաններն ստացել են մշակաբույսերի նոր սորտեր, որոնք կարող են սնվել ծովի ջրով: Ալժիրում, Մարոկկոյում, Թունիսում, Իսպանիայում, Իտալիայում ծովի ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով:
Համաշխարհային օվկիանոսի հանքային պաշարներից կարևոր են ջրում լուծված աղերը (1 կմ3 ջրում՝ 20 մլն տ): Եթե հնարավոր լիներ օվկիանոսից կորզել աղի ամբողջ քանակությունը և փռել Երկրի մակերեսին, ապա կառաջանար 150 մ հաստությամբ շերտ: Չինացիները, դեռևս 4 հզ. տարի առաջ գոլորշիացնելով  ծովի ջուրը, աղ էին ստանում: Ներկայումս Ճապոնիայում և Չինաստանում աղի 1/3-ն ստանում են այդ եղանակով (1տ աղ ստանալու համար հարկավոր է գոլորշիացնել 120տ ծովի ջուր):
Համաշխարհային օվկիանոսի ծանծաղուտային ընդերքը հարուստ է նավթի, գազի, քարածխի պաշարներով: Ներկայումս հայտնաբերված են ավելի քան 1000 ստորջրյա հանքավայրեր՝ Պարսից, Գվինեական, Մեքսիկական ծոցերում, Հյուսիսային, Բարենցի ծովերում: Աշխարհում արդյունահանվող նավթի 1/3-ն ստանում են ստորջրյա հանքավայրերից:
Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Համաշխարհային օվկիանոսի ջրերի էներգետիկ պաշարները: Օվկիանոսի էներգիան (մակընթացությունների, տեղատվությունների, օվկիանոսային հոսանքների, ալիքների  և այլն) վիթխարի է, սակայն դրա գերակշիռ մասն անկառավարելի է և դեռ երկար ժամանակ լայն օգտագործում չի ունենա:
Մարդիկ դեռ չեն սովորել օգտագործել ծովային ալիքների վիթխարի ուժը: Սակայն առաջին քայլերն արդեն արված են. մակընթացային էլեկտրակայաններում ծովային մակընթացությունների էներգիան փոխակերպվում է էլեկտրականի:
Վիթխարի են Համաշխարհային օվկիանոսի կենսաբանական պաշարները: Ձկների և ծովային այլ կենդանիների տեսակների քանակը անցնում է 180 հզ-ից, սակայն որսացվում են 800-ը (գլխավորապես՝ հարինգ, սարդինա, ձողաձուկ, ստավրիդա և այլն):
Հարուստ ու բազմազան է ծովերի և օվկիանոսների բուսական աշխարհը: Հաշվվում են 20 հզ. ծովային բուսատեսակներ: Դրանցից առավել օգտագործելի են ջրիմուռները, որոնցից ստանում են յոդ, բրոմ:
Համաշխարհային օվկիանոսից տարեկան որսացվում, հավաքվում է ավելի քան 100 մլն տ կենսամթերք, որը կազմում է աշխարհի բնակչության օգտագործած սննդի գրեթե 20%-ը:
Համաշխարհային օվկիանոսն աշխարհի ժողովուրդների միջև կապ ստեղծող բնական ճանապարհ է: Համաշխարհային օվկիանոսում այսօր նավարկում են աշխարհի 170 երկրների ավելի քան 70 հզ. նավ և լցանավ:
Համաշխարհային օվկիանոսն իր ավազոտ լողափերով, արևափայլքի տևողությամբ ստեղծում է վիթխարի հնարավորություններ օգտագործելու հանգստի, ծովային զբոսաշրջության և առողջարարական նպատակներով:
Համաշխարհային օվկիանոսի բնական հարստություններն օգտագործելուն զուգընթաց՝ մարդկային հասարակությունն ուժեղացնում է նաև իր բացասական  ներգործությունը: Դրա հետևանքով օվկիանոսի շատ հատվածներում մեծ չափեր է ընդունել ջրի աղտոտումը:  Բոլոր երկրների խնդիրը ներկայումս Համաշխարհային օվկիանոսը հետագա աղտոտումից պահպանելն է և նրա հարստություններն ավելի հաշվենկատ օգտագործելը: