Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում



Օուրիկա գոգհովտի մուտքը Ատլասի լեռներում
Անփոխարինելի է Նեղոսի դերը գետահովտում ապրող 
Ջեննե մզկիթը Մալիում
Վիկտորիա ջրվեժը Զամբեզի գետի վրա
Մեծ կարմրաթևիկները Աֆրիկայի  բնաշխարհիկներից են:
Աֆրիկյան փղեր Կիլիմանջարոյի ստորոտին
Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:
Բացօթյա դպրոց Կոնգոյում
Տարաքը (ներառյալ կղզիները)՝  30.257 հզ. կմ
Կղզիների տարածքը՝  630 հզ. կմ2
Ափագիծը՝  30,5 հզ. կմ
Միջին բարձրությունը՝  750 մ
Ամենաբարձր կետը` Կիլիմանջարո լեռնագագաթ՝  5895 մ
Ամենացածր կետը` Ասսալի իջվածքը  Ջիբութիում ՝  -153 մ
Հյուսիսային ծայրակետը` Էլ Աբյադ հրվանդան՝ հս. լայն. 37օ20՜ 
Հարավային ծայրակետը` Ասեղի հրվանդան՝ հվ. լայն. 34օ52՜
Արևմտյան ծայրակետը` Ալմադի հրվանդան՝ արմ. երկ. 17օ32՜
Արևելյան ծայրակետը` Ռաս Խաֆուն հրվանդան՝ արլ.երկ. 51օ23՜
Ամենաերկար գետը` Նեղոս՝ 6671 կմ
Ամենամեծ ջրհավաք ավազան ունեցող գետը` Կոնգո`  3.700 հզ. կմ2
Ամենամեծ լիճը` Վիկտորիա՝ 69 հզ. կմ2
Ամենախոր լիճը` Տանգանիկա՝  1470 մ
Ամենամեծ կղզին` Մադագասկար՝  587 հզ. կմ2
Ամենամեծ անապատը` Սահարա` 7 մլն կմ2
Պետությունների թիվը` 53
Ամենամեծ պետությունը` Սուդան` 2.505,8 հզ. կմ2
Ամենափոքր պետությունը` Գամբիա` 11,3 հզ. կմ2
Ամենափոքր կղզի-պետությունը` Սեյշելյան կղզիներ` 405 կմ2
Ամենախոշոր քաղաքը` Կահիրե ` 7 մլն
Բնակչության ընդհանուր թիվը` 780 մլն

Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ»  ցեղի անունով:Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները:
Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները XV դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը: Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թ-ին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով:
XVIII դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դեյվիդ Լիվինգսթոնի ճանապարհորդությունները: 30 տարի շարունակ (1843–73 թթ.) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն:
Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում: Մայրցամաքը հյուսիսից հարավ ձգվում է 8000 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ (հյուսիսում): Աֆրիկայի ափերը ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և դրանց մաս կազմող Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով: Միակ խոշոր կղզին Մադագասկարն է, իսկ Մադեյրա, Ազորյան, Կանարյան, Սուրբ Հեղինեի (Ատլանտյան օվկիանոսում) և Զանզիբար, Կոմորյան, Մասկարենյան (Հնդկական օվկիանոսում) կղզիները համեմատաբար փոքր են: 
Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները: Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը: Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները: 
Մայրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Ալժիրում, Սահարայի ավազների տակ, հայտնաբերվել են նավթի պաշարներ:
Կենտրոնական մասում՝ Կոնգո գետի ավազանում են գտնվում պղնձի հայտնի հանքերն ու ուրանի հանքահորերը: Հարավը հարուստ է ուրանով, ալմաստով, քրոմով, մանգանով: Աֆրիկան տալիս է աշխարհի ալմաստի հանույթի 60, ոսկու ավելի քան 50, ուրանի 30 %-ը, պլատինի գերակշիռ մասը:
Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան: Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը
անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար: Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո): Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ: Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին: Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ): Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»: Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա: Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը` փոքրանում:
Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով
կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում: Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում: Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և` հակառակը: 
Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ` գորշ, հողմահարված քարեր: Միգապատ երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ: Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 մլն կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի: Օդը Սահարայում չոր է ու փոշոտ: Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»: Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ: 
Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է: Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների: Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի համար մահացու է: 
Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են: Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է): Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները: Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի: Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են:
Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը: Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր: Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը: Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը` վանիլի: 
Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը: Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր: Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր: Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ: Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր: Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն: Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները:
Աֆրիկայի բնակչությունը կազմված է բազմաթիվ ցեղերից և ազգություններից: Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայում ապրում են գլխավորապես եվրոպեոիդ ռասային պատկանող՝ մաշկի բաց գույն ունեցող արաբները և բերբերները, որոնք խոսում են արաբերենի տարբեր բարբառներով: Իսկ մայրցամաքի մեծ մասը բնակեցված է նեգրոիդ (սև) ռասայի բազմաթիվ ազգություններով, որոնց բնորոշ են մաշկի, մազերի, աչքերի մուգ գույնը, գանգուր մազերը, հաստ շրթունքները, լայն քիթը: Նրանց խոսակցական լեզուն հիմնականում բանտուն է (աֆրիկյան լեզու)՝  400 տեղաբնիկ ժողովուրդների լեզուն: Իսկ ընդհանրապես խոսում են 2 հզ-ից ավելի լեզուներով: Ամեն ազգություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները, միայն իրեն բնորոշ հագուստաձևերը և կացարանները. շատ են նաև ընդհանրությունները:
Աֆրիկան կենտրոնական դիրք է գրավում աշխարհի քաղաքական ու տնտեսական կարևոր տարածաշրջանների միջև, թեև իր տնտեսական ու քաղաքական դերը դեռևս շատ համեստ է: Ժամանակակից աշխարհում Աֆրիկայի հարաբերական փոքր կշիռն առավելապես պայմանավորված է մայրցամաքի պատմական՝ գաղութային անցյալով:
Մայրցամաքի գաղութացումը սկսվել է միջնադարում: Պորտուգալիան, իսկ այնուհետև Եվրոպայի այլ երկրներ աստիճանաբար գաղութացրել են գրեթե ողջ Աֆրիկան, որի տարածքի 65 %-ը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գաղութներն էին: Գաղութատեր էին նաև Բելգիան, Իսպանիան, Գերմանիան: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գաղութներից (Տոգո, Կամերուն, Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է): Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախ պետություններ էին Եթովպիան, Լիբերիան, Եգիպիտոսը, Հարավաֆրիկյան Միությունը (1961 թ-ից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ ավարտից հետո՝ 1950-ական թվականներից սկսվեց Աֆրիկայի երկրների անկախացումը: 1960 թ-ին 17 երկրներ միանգամից անկախություն ստացան, և այդ թվականն անվանվեց «Աֆրիկայի տարի»: Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում իրենց շահերը միասնաբար պաշտպանելու նպատակով 1963 թ-ին ստեղծվել է Աֆրիկյան միասնական կազմակերպությունը (գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում): Ներկայումս Աֆրիկայում կան 53 անկախ պետություններ:
Աֆրիկայի մի շարք երկրներ հին քաղաքակրթության օրրաններից են: Աֆրիկայի բնիկներն անցել են զարգացման երկար ճանապարհ և նշանակալի ներդրում ունեն համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ կայծքարե հատիչներից մինչև ոսկուց ու արծաթից պատրաստած գլուխգործոցներ: Հարևան ժողովուրդների զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Նեղոսի հովտում ձևավորված ինքնատիպ մշակույթը, որը հայտնի է հին եգիպտական կամ փարավոնների երկրի մշակույթ անվամբ: