Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Այվազյան Աղասի
1925 թ., ք. Աբասթուման, Վրաստան
2007 թ., Երևան
Կադր «Ձայն բարբառոյ...» կինոնկարից (1991 թ., ռեժիսոր` Վիգեն 
Չալդրանյան, սցենարը` 
Ա. Այվազյանի) 
Գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր Աղասի Այվազյանը հայ նորագույն արձակի նշանավոր դեմքերից է: Նրա ստեղծագործություններում միահյուսված են սովորականն ու անսովորը, հեքիաթայինն ու խորհրդավորը: Այվազյանի բոլոր հերոսները ճշմարտություն որոնողներ են:

Աղասի Այվազյանը 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում, 1945–48 թթ-ին՝ Երևանի գեղարվեստական, 1948–53 թթ-ին՝ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում: 1965 թ-ից ապրել է Երևանում: 1973–80 թթ-ին եղել է «Էկրան» ամսագրի, 1992–97 թթ-ին՝ «Հայություն» թերթի գլխավոր խմբագիրը:
Այվազյանը գրականություն մուտք է գործել երգիծական պատմվածքներով («Ճանապարհորդություն իր շուրջը», 1963 թ.), այնուհետև գրել է պիեսներ, պատմվածքներ, վիպակներ, էսսեներ, հոդվածներ, սցենարներ: 
Այվազյանի պիեսներում («Կրեսոսի թագավորությունը», «Լացի այգին», «Մանչերը» և այլն) կարևոր տեղ է գրավում գոյության փիլիսոփայությունը՝ մարդու անհատական կեցությունն ու ճակատագիրը: Նրա արձակի հիմնական թեման հայ մարդն է, Աստծու և Տիեզերքի հետ նրա փոխհարաբերությունները: «Եռանկյունին», «Գետի մեր մասը», «Զարմացած, սիրահարված, մոլորված զբոսաշրջիկը», «Արտաշատ» և այլ պատմվածքներում անդրադարձել է անհատի լինելության առեղծվածին: Նրա «Արմինուս» (1985 թ.) վիպակի գլխավոր համանուն հերոսը՝ Արմինուսը, ողբերգական կերպար է, որի միջոցով գրողը բացահայտել է մարդուց դեպի մարդը տանող ճանապարհը, միջնադարին հատուկ հոգու և մարմնի հակադրությունը: «Սինյոր Մարտիրոսի արկածները» (1977 թ.) վիպակի թեման հոգևորականի թափառումների պատմությունն է, ում ճամփորդության է մղել Աստծու ստեղծած գեղեցիկ աշխարհը տեսնելու ցանկությունը: «Աղի կոմսը» (1985 թ.) վիպակում պատկերել է իր հարազատ երկրից հալածական հայի կյանքը: 
Այվազյանի «Ընտանիքի հայրը» (1968 թ.) վիպակի հիմքում ցեղի, ազգի գոյության պարտադիր պայմաններից մեկը ընտանիքն է: Գրողը հաճախ է անդրադարձել հին Թիֆլիսին, նրա բնակիչներին: «Օբյեկտիվ-18» (1986 թ.) պատմվածաշարի գլխավոր հերոսները հին Թիֆլիսի արվեստագետներն են` աճպարարներ, անհայտ-անանուն նկարիչներ, պոետներ, կինտոներ: Կյանքի վերջին տարիներին Այվազյանը գրել է մեղքին ու պատժին վերաբերող պատմությունների շարք: Ստալինի ու Բերիայի մասին պատմվածքները լույս են տեսել «Պարականոն պատմություններ» խորագրով:
Այվազյանի սցենարներով նկարահանվել են գեղարվեստական` «Եռանկյունի», «Հայրիկ», «Խաթաբալա», «Լիրիկական երթ» (նաև համառեժիսորն է), «Գաղտնի խորհրդական», «Վառած լապտեր» (վերջին երկուսի նաև ռեժիսորն է), «Ձայն բարբառոյ...» (ըստ «Սինյոր Մարտիրոսի արկածները» վիպակի), մուլտիպլիկացիոն` «Երաժշտություն», վավերագրական` «Վերածնունդ» (նաև ռեժիսորն է) և այլ կինոնկարներ, իսկ «Դիպլիպիտո» պատմվածքը բեմադրվել է Երևանի տիկնիկային և Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոններում: 
Այվազյանն ստեղծել է նաև գեղանկարչական գործեր, որոնց բնորոշ են հոգևոր ներաշխարհը բացահայտող նուրբ ընդհանրացումները: Լավագույններից են «Ինքնադիմանկար», «Գրողն ու իր ժամանակը», «Ընտանիքի հայրը», «Տարրալուծում», «Թիֆլիս», «Խորհրդավոր ընթրիք», «Սովետական խաչելություն» և այլ գործեր: