 | XIX դարի վերջին Երզընկայում հայտնաբերվել է Անահիտ աստվածուհու պղնձաձույլ գլուխը, որը տարվել է Անգլիա և պահվում է Բրիտանական թանգարանում, իսկ կրկնօրինակը Հայաստանի պատմության թանգարանում է:
|
 | ՀՀ Անահիտ ոսկեդրամը՝ 25 հզ. դրամ արժողությամբ |
Անահիտը մայրության, արգասավորության ու պտղաբերության աստվածուհին է հին հայկական դիցարանում, գերագույն աստված Արամազդի դուստրը: Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից և սերտորեն առնչվել է մայրության պաշտամունքին: Վաղ շրջանում եղել է նաև հայկական դիցարանի ռազմի աստվածուհին: Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն: Անահիտը համարվել է խոհեմության ու պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհի: Անահիտի գլխավոր տաճարը գտնվել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որտեղ նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվել է նաև Անահտական: Մ. թ. ա. 34 թ-ին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսն պարթևական արշավանքի ժամանակ կողոպտել է տաճարի հարստությունը: Նրա զինվորները ջարդել են Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ: Լուրեր են տարածվել, թե Անահիտի արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել, այնուհետև խելագարվել ու մահացել է: Անահիտի տաճարներ կային հին Հայաստանի տարբեր վայրերում, հատկապես Տարոնում ու Վասպուրականում, որտեղ դրվել են աստվածուհու ոսկե, արծաթե, պղնձե, քարե արձանները: Նավասարդի սկզբին (օգոստոսի 15-ին) մեծ շուքով նշվել է Անահիտի գլխավոր տոնը՝ նվիրված բերքի հասունացմանը: Քրիստոնեության ընդունումից հետո Անահիտի պաշտամունքը վերածվել է Մարիամ Աստվածածնի պաշտամունքի: Անահիտ անունը տարածված է հայերի մեջ. այդ անունով է կոչվում հայկական տոմարի 19-րդ օրը: Անահիտը համապատասխանում է հունական Արտեմիսին, հռոմեական Դիանային:
|