Լազերը կամ օպտիկական քվանտային գեներատորն արձակում է վառ լույսի նեղ փունջ: Լույսը սովորաբար տարբեր գույների ճառագայթների խառնուրդ է, սակայն լազերի լույսը միագույն կամ, ինչպես ասում են, մեներանգ է: «Լազեր» բառը հապավում է՝ կազմված անգլերեն (L)ight (A)mplification by (S)timulated (E)mission of (R)adiation (լույսի ուժեղացում հարկադրական ճառագայթման միջոցով) արտահայտության սկզբնատառերից: Լազերները լայնորեն կիրառվում են ամենօրյա կյանքում: Դրանք վերարտադրում են պնակիտների (CD) վրա ձայնագրված երաժշտությունը, մեծ հեռավորությունների վրա հաղորդում են հեռախոսային ազդանշաններ, ստեղծում եռաչափ պատկերներ՝ հոլոգրամներ: Լազերի լույսի ճառագայթի փունջն անհամեմատ ավելի նեղ է սովորական էլեկտրական լամպի լույսից և կազմված է ընդամենը 1 երկարության ալիքից, այսինքն մեներանգ է: Բացի այդ, լազերային ճառագայթում լուսային ալիքները շարժվում են միմյանց համաժամանակ (սինքրոն): Մինչդեռ սովորական լույսի ալիքները շարժվում են անկանոն իմպուլսներով:
Ինչպես են գործում լազերները Լազերների մի տեսակում օգտագործվում են բյուրեղներ, մյուսներում՝ գազով կամ հեղուկով լցված խողովակներ: Էլեկտրական պարպման կամ վառ լույսի բռնկման միջոցով լազերների նյութի ատոմներին հաղորդվում է լրացուցիչ էներգիա, որի հետեվանքով ատոմների մի մասը ճառագայթում է լույս և ստացած էներգիան վերադարձնում: Ճառագայթված լույսը, իր հերթին, խթանում է ատոմերի մեկ այլ խմբի՝ լուսային ալիքներ ճառագայթելու և իրենց էներգիան վերադարձնելու համար, և այդպես շարունակ: Լազերի 2 ծայրերում տեղադրված հայելիները լույսի ճառագայթն անդրադարձնում և ստացված 2 ճառագայթն ուղղում են միմյանց ընդառաջ, որի արդյունքում ավելի ու ավելի մեծ թվով ատոմներ սկսում են լուսարձակել: 2 հայելիներից մեկը լույսն ամբողջապես չի անդրադարձնում. լույսի մի մասն այդ հայելու միջով դուրս է բերվում և, ըստ լազերի տեսակի, օգտագործվում է կա՜մ մշտական ճառագայթի, կա՜մ կարճ իմպուլսների ձևով: Երբեք չի կարելի անզեն աչքով նայել ուղիղ լազերի ճառագայթին, որովհետև դրանից աչքերը վնասվում են, և մարդ կարող է նույնիսկ կուրանալ:
Լազերների կիրառությունը Հանրախանութներում լազերները հաճախ օգտագործում են գնված ապրանքների վրա փակցրած ծածկագրերով գները դրամարկղում հաշվելու համար: Լազերի ճառագայթը ծածկագրի շերտերից անդրադառնում է էլեկտրական ազդանշանի փոխարկված իմպուլսներով, որոնք հաշվարկում է դրամարկղի սարքը: Լազերի օգնությամբ բժիշկները կատարում են աչքի բարդ վիրահատություններ: Եթե աչքի լուսազգայուն բջիջներ պարունակող մասը՝ ցանցաթաղանթը, շերտազատվում է, ապա լազերը կիրառվում է այն նորից տեղն «ամրացնելու» համար: Լազերի օգնությամբ բժիշկները նաև այրում, ոչնչացնում են որոշ տեսակի քաղցկեղային բջիջներ ու խալեր: Ռազմական կայանքներում լազերներն ուղղորդում են հրթիռները դեպի նախապես տրված թիրախը, իսկ գործարաններում ու ֆաբրիկաներում հզոր լազերն օգտագործում են մետաղ, ապակի և հագուստի գործվածք կտրելու համար:
Հոլոգրամներ Լազերի մեներանգ լույսով կարելի է ստեղծել առարկաների ծավալային պատկերներ՝ հոլոգրամներ: Ի տարբերություն առարկայի սովորական՝ հարթ պատկերի՝ հոլոգրամն ունի նաև խորություն, և առարկայի այդպիսի պատկերը կարելի է դիտել բոլոր կողմերից այնպես, ինչպես և մեր առջև գտնվող այդ նույն իրական առարկան: Որոշ հոլոգրամների ստեղծած պատկերը տեսանելի դարձնելու համար հարկավոր է այն լուսավորել լազերի ճառագայթով: Սակայն սովորաբար հոլոգրամները, օրինակ՝ վարկային քարտերի վրա եղածները, երևում են նաև անդրադարձված սովորական լույսում (արեգակի, էլեկտրական լամպի): Եթե այդպիսի հոլոգրամը պահենք սեղանի լամպի լույսի տակ, եռաչափ պատկերն իսկույն կերևա: Հոլոգրամներն օգտագործում են արտադրության մեջ՝ բացահայտելու համար այն չնչին տարբերությունները, որոնք կան մեխանիզմների ու դրանց տարրերի միջև, և որոնց պատկերներն իրականում պետք է համընկնեն: Մասնավորապես, հոլոգրամներն օգտագործվել են «Շաթլ» տիեզերանավը նորոգելու համար, որտեղ անհրաժեշտ էր հայտնաբերել, թե թռիչքի ժամանակ պաշտպանական որ վահանակներն են տեղախախտվել: Հոլոգրամները կիրառություն են գտել նաև տեղորոշման (ծովի հատակի ուսումնասիրում), բժշկության (ներքին օրգանների եռաչափ պատկերում), երկրաբանության (օգտակար հանածոների հայտնաբերում, երկրակեղևի անտեսանելի շերտերի ուսումնասիրում) մեջ և այլուր:
|