Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լայնակտուց բադ
Փուփուլավոր սուզաբադ. էգը և արուն 
Մոխրագույն սագը Հայաստանում տարածված է հնագույն ժամանակներից:
Ճչան կարապն արձակում է շեփորի բարձր ու հանդիսավոր ձայն:
Բադերը, սագերը և կարապները կազմում են սագանմանների կարգի թռչուններիմեծ խումբ, որոնց կենսակերպը սերտորեն կապված է ջրի հետ, ուստի նրանց հաճախ անվանում են ջրլողներ: Նրանց կարճ թաթերի վրա կան լողաթաղանթներ, իսկ փետուրները պատված են ճարպաշերտով:
Բադերը չվող թռչուններ են: Հայտնի է նրանց մի քանի ցեղատեսակ (օրինակ՝ մրտիմներ, սուզաբադեր, կարապներ, մշկաբադեր և այլն), որոնցում ընդգրկված է մոտ 147 տեսակ: Բադերը տարածված են ամենուր, բացառությամբ Անտարկտիդայի: Մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ձագ հանելու ժամանակ դուրս են գալիս ցամաք: Բադերը փոքրամարմին են (կենդանի քաշը՝ 0,3–5 կգ), ունեն կարճ պարանոց: Արուն և էգը տարբերվում են փետուրների գուներանգով, արձակած ձայնով: Տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույն, խայտաբղետ, սպիտակ, կապույտ, սև և այլն: Ոտքերը կարճ են՝ ծածկված թեփուկներով: Բադերը բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ (օրինակ՝ մշկաբադը և գունագեղ մանդարինը)՝ ծառերի փչակներում, թփերի վրա, դնում են 5–12 ձու, թուխս նստում գարնան վերջին և ամռան սկզբին: Բադերն ամենակեր են. սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով: Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը:
Ընտանի բադերը սերում են վայրի՝ կռնչան բադից, որը մտնում է իսկական կամ ազնիվ բադերի խմբի մեջ: Այս խմբի մեջ մտնում են նաև փասիանաբադը, մոխրագույն բադը, հողմաբադը, լայնակտուց բադը, սուլող մրտիմը և այլն: ՀՀ-ում տարածված է բադերի 27 տեսակ:
Ընտանի բադերն ունեն համեղ միս, փափուկ աղվամազ և ամուր փետուրներ: Նրանց կերակրում են ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով: Նրանք արագ են աճում և 70 օրվա ընթացքում հասնում մինչև 3–4 կգ-ի:
Սագերն ունեն երկար, հավաք մարմին, երկար պարանոց և կարմիր կամ նարնջագույն կարճ ոտքեր: Քայլում են փքված տեսքով, շորորալով: Ոտքերի առջևի 3 մատները միացած են լողաթաղանթով: Սագերը գերազանց լողորդներ են, բայց շատ հազվադեպ են սուզվում և ջրի տակ էլ երկար չեն մնում: Ունեն զանգվածեղ, հաստ կտուց: Սնվում են խոտաբույսերով, տերևներով, պտուղներով ու սերմերով:
Վայրի սագերը խոշոր են (2–6 կգ), ոտքերը համեմատաբար երկար են և ավելի լավ հարմարված քայլելուն: Կտուցը մեծ է, որոշ տեսակներինը՝ հիմքում լայնացած: Ապրում են միայն Հյուսիսային կիսագնդում: Նրանք սնվում են հիմնականում խոտաբույսերով: Տարվա մեծ մասն անցկացնում են խոշոր երամներով, շատերը չվում են հեռավոր երկրներ:
Վայրի սագերն ապրում են զույգերով: Բավական է, որ նրանք հողի մեջ մի փոքրիկ փոս գտնեն, ներսից պատեն մամուռով, խոտով կամ էգ սագի կրծքից պոկոտված փետուրներով, և բույնն արդեն պատրաստ է: Որոշ լճերի շրջակայքում սագերը բնադրում են ճմաթմբերին: Ունենում են 5–8 ձագ, այդ ընթացքում արուն մնում է էգի կողքին և իր սերունդը պաշտպանում թշնամիներից:
Այժմ Արարատյան դաշտի շամբուտներում և եղեգնուտներում բնակվում են մոխրագույն և սպիտակաճակատ սագեր: Մոխրագույն սագերը հենց այստեղ էլ բնադրում ու ձմեռում են, իսկ սպիտակաճակատ սագերը չվում են տաք երկրներ:
Ընտանի սագերը հիմնականում ծագել են վայրի մոխրագույն սագից և ավելի հաճախ լինում են սպիտակ՝ տարբեր երանգներով, կտուցը և ոտնաթաթերը՝ նարնջագույն: Կան նաև սպիտակ փորով մոխրագույն սագեր, որոնց քթարմատին ելունդ կա: Փետրածածկը թանձր է և լավ պաշտպանում է ցրտերից:
Ընտանի սագերի առավել արժեքավոր ցեղերից են չինական, խոլմոգորյան, արզամասյան (ՌԴ), թուլուզյան (Ֆրանսիա), պոմերանյան (Գերմանիա) սագերը և այլն: ՀՀ-ում տեղական սագերը, ըստ փետրածածկի գույնի, լինում են մոխրագույն, խայտաբղետ և սպիտակ տարատեսակների:
Թշշան կարապը ջրի վրա և թռչելիս նրբագեղ է, ձայնը երբեմն նման է թշշոցի կամ մեղմ խռխռոցի: Հարսանեկան պարերի ընթացքում կամ հարձակվելիս լողում է՝ թևերը մեջքի վրա կամարաձև պահած: Կեցվածքով ու վարքով առանձին գեղագիտական արժեք է ներկայացնում առողջարանների, քաղաքների, առանձնատների ջրավազաններում պահելու համար: Փետուրները կանացի զգեստների զարդ են:
Կարապները շատ գեղեցիկ, խոշոր և ուժեղ թռչուններ են: Մարմնի երկարությունը մինչև 180 սմ է: Ունի փարթամ և խիտ փետրավորություն, երկար պարանոց: Հայտնի է 6 տեսակ:
Դեռևս վաղ անցյալում համարվել է գեղեցկության, սիրո, անաղարտության ու քնքշության խորհրդանիշ: Շատ զրույցներում ու ավանդություններում է կարապը գովերգվել: 
Կարապների երգը կարելի է լավ լսել հատկապես գարնանը, երբ հարավային ձմեռումից վերադարձած այդ թռչունները զույգ առ զույգ սավառնում են երկնքում: Կարապներն առավել գեղեցիկ են խուլ անտառի մենավոր լճում: Նրանք թեթև ու անաղմուկ սահում են ջրի վրա, և ջուրը ստանում է սադափի երանգ... Անկրկնելիորեն նրբագեղ է կարապի յուրաքանչյուր շարժումը՝ և՜ լողալու ժամանակ, երբ նրա հետևից ցոլցլացող ալիք է մնում, և՜ լողանալիս, երբ աղմուկով ճղփացնում է ջուրը, և՜ թռիչքի պահին...Կարապները թեև բացառիկ զգայուն և զգուշավոր թռչուններ են և բնադրում են մեկուսի լճակների գրեթե անմատչելի եղեգնուտներում, նաև հեշտությամբ ընտելանում են անազատ պայմաններին, դառնում ձեռնասուն, բազմանում առանց դժվարությունների: Ճուտիկների դաստիարակությամբ զբաղվում են և՜ արուն, և՜ էգը: Սպիտակ կարապն արագ է ընտելանում նոր պայմաններին. կենդանաբանական այգիներում սպիտակ կարապները համերաշխ ապրում են Ավստրալիայից բերված «հյուրերի»՝ սև կարապների հետ:
Կարապն այժմ համարվում է հազվագյուտ թռչուն:
ՀՀ-ում չուի ժամանակ հանդիպում են ճչան և թշշան կարապները:
    
  • Սագերն ընտելացվել են անհիշելի ժամանակներից: Հնում սագերի վարքագծով կանխորոշում էին եղանակը. եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու, եթե կանգնում է մեկ ոտքի վրա կամ գլուխը թաքցընում է թևի տակ, ուրեմն սաստիկ ցրտելու է:
  • Վերջին ժամանակներս մի շարք երկրներում կարապները հայտնի են որպես թռչնագրիպի H5N1 այլաձև հարուցչի կրող: Գրանցվել են այդ հիվանդությունից մարդկանց մահացության դեպքեր:
  • Երկնքի Հյուսիսային կիսագնդի համաստեղություններից մեկը տեսքով հիշեցնում է կարապի և կոչվում է Կարապի համաստեղություն:
  • Սագերը և կարապները զույգեր են կազմում ամբողջ կյանքի համար: Բադերը բազմացման շրջանում փոխում են զույգին, դրա համար գարնանն արու բադի փետրավորումը ձեռք է բերում վառ գունավորում, որով գրավում է էգի ուշադրությունը: Էգ բադերի, սագերի և կարապների փետրագունավորումն ավելի համեստ է և պահպանվում է ամբողջ տարին: 
  • Անցյալում սագի փետուրով գրվել են ձեռագիր շատ մատյաններ, բազմաթիվ հայտնի հեղինակների գործեր: