Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արմատաբերան
Կապույտ մեդուզա
Ոսկեգույն մեդուզա
Ծովային ակտինիան՝ բուստի ճյուղի վրա
Կարմիր բուստ
Մեդուզաները, ծովային ակտինիաները և բուստերը (կորալներ) պատկանում են աղեխորշավորների դասին: Հայտնի է մեդուզաների 200, ծովային ակտինիաների և բուստերի 6500 տեսակ: Այս էակներին բնորոշ է մարմնի պարզ կառուցվածքը (ունեն խողովակի կամ գավաթի տեսք):
Մեդուզաներն աղեխորշավորների սեռական սերնդի` սովորաբար ազատ կյանք վարող անհատներ են: Մարմինը կիսաթափանցիկ է՝ ի հաշիվ  մարմնի ներքին և արտաքին շերտերի միջև խիստ զարգացած ոչ կառուցվածքային շերտի՝ մեզոգլեայի առկայության: Մարմինն ունի զանգի կամ հովանոցի ձև՝ մի քանի միլիմետրից մինչև 2 մ (հյուսիսային կապույտ մեդուզայինը) տրամագծով: Մարմնի (զանգի) եզրերին տեղադրված են բազմաթիվ շոշափուկներ և զգացողության օրգաններ՝ ռոպարիաներ, որոնք ակնափոսեր (տեսողության օրգաններ) պարունակող տեսակափոխված շոշափուկներ և հավասարակշռության օրգաններ (ստատոցիստներ) են: Դրանց օգնությամբ մեդուզաները կողմնորոշվում են լույսով և տարածության մեջ պահպանում մարմնի դիրքը: Հիդրոմեդուզաների դասին պատկանողների զանգի եզրի ներսակողմում ձգվում է մաշկային ծալք (առագաստ), իսկ ներսակողմի մեջտեղում բերանի բացվածքն է, որը կապված է ստամոքսի հետ: Վերջինից սկիզբ են առնում աղիքային խոռոչի խողովակիկները, որոնք միմյանց միացած են օղակաձև խողովակով: Սցիֆոմեդուզաների ճառագայթային խողովակիկները ճյուղավորվում են: 
Նյարդային համակարգը նյարդային բջիջներից կազմված հյուսակ է և նյարդային օղի ձևով տեղադրված է մարմնի եզրերին: Մեդուզաների սեռական բջիջներն առաջանում են մարմնի ներսային մակերևույթի արտաքին շերտում (հիդրոմեդուզաներինը) կամ ներքին շերտում (հաճախ՝ սցիֆոմեդուզաներինը): 
Մեդուզաները որսը (մանր ձկներ, ծովախեցգետիններ և ծովային այլ կենդանիներ) բռնում են շոշափուկներով, որոնք ունեն թունավոր հեղուկով լի խայթող բջիջներ: Որոշ մեդուզաների (օրինակ՝ ֆիզալիայի) շոշափուկներին դիպչելիս մարդու մաշկի վրա առաջանում է զոլավոր կարմրություն, որն ուղեկցվում է ուժեղ այրոցով, քորով և ցավով, իսկ Ճապոնական ծովի առափնյա բուսուտներում ապրող խաչակիր մեդուզայի թույնը կարող է առաջացնել մահացու այրվածքներ: 
Ծովային ակտինիաների մարմինը փափուկ է, գավաթաձև: Բերանի բացվածքը շրջապատված է շոշափուկներով, որոնք, ինչպես մեդուզաներինը, ծածկված են զոհին անշարժացնող և սպանող խայթող բջիջներով: Այս էակներն արտաքինով նման են վայրի բույսերի: Նրանք բնակվում են ինչպես ծանծաղուտներում, այնպես էլ մեծ խորություններում՝ կպչելով քարերին, փափկամարմինների խեցիներին կամ բուստերին: Ջրից դուրս հանելիս նրանք հիշեցնում են դոնդողանման զանգված, իսկ հեղուկի մեջ տեղավորելիս ստանում են տարբեր գույներ: Կենդանիների համակեցության լավ օրինակ է ճգնավոր խեցգետնի և ակտինիայի համակեցությունը. ակտինիան խեցգետնին պաշտպանում է իր խայթող բջիջներով և սնվում նրա սննդի մնացորդներով:
Բուստերը գաղութային, հազվադեպ միայնակ պոլիպներ են՝ ծովային մանր կենդանական օրգանիզմներ: Ի տարբերություն մյուս աղեխորշավորների մեծամասնության՝ բուստային պոլիպների կենսական փուլում բացակայում է սերունդների հաջորդափոխությունը (բացակայում է մեդուզային փուլը):
Միայնակ պոլիպն ունի գլանաձև մարմին, որի մի ծայրին բերանի բացվածքն է, մյուսին՝ ներբանը: Բերանի բացվածքը շրջապատված է 6 կամ 8 շոշափուկների պսակով և ավարտվում է կույրաղիքային խոռոչում:
Գաղութային ձևերի ներբանը բացակայում է, իսկ աղիքային խոռոչներն իրար միացած են խողովակիկների համակարգով: Մարմնի պատը, ինչպես մյուս աղեխորշավորներինը, կազմված է արտաքին ու ներքին շերտերից և դրանց արանքում գտնվող ոչ կառուցվածքային շերտից: Բուստային պոլիպների բնորոշ առանձնահատկությունը կրային կամ եղջերային կմախքի առկայությունն է, որն արտադրվում է մեզոգլեայի կամ արտաքին շերտի կողմից՝ ջրում պարունակվող հանքային նյութերը կորզելու հետևանքով: Պոլիպների մահանալուց հետո մնում են նրանց կրային կմախքները, և երբ նոր պոլիպ է ծնվում, այն ամուր կպչում է նախորդին ու սկսում կառուցել նոր թաղանթ, և այդպես շարունակ. կրային ձողն անընդհատ աճում է, ճյուղավորվում, ամրանում: Մեծ կուտակումներն անվանում են բուստային խութեր, որոնք, ջրի մակերևույթից վեր բարձրանալով, առաջացնում են կղզիներ կամ ատոլներ: Երբեմն խութերը ձգվում են հարյուրավոր կիլոմետրեր: Ավստրալիայի հյուսիսարևելյան ափին զուգահեռ ձգվող Մեծ արգելախութն ունի 2300 կմ երկարություն: Բուստային ծագում ունեն Մարշալյան, Կարոլինյան, Տուվալու, Կուկի, Նաուրու, Սեյշելյան և այլ կղզիներ ու կղզեխմբեր: Բուստային կղզիները կարող են օվկիանոսում նավի խորտակման պատճառ դառնալ:
Բուստային պոլիպները բազմանում են սեռական և անսեռ (բողբոջումով) ճանապարհներով: Որպես կանոն՝ բաժանասեռ են: Բեղմնավորումն արտաքին է կամ ներքին: Բեղմնավորված ձվից զարգանում է լողացող թրթուրը, որն այնուհետև նստում է ջրի հատակին և կերպարանափոխվում պոլիպի: 
  • Բուստերը շատ գեղեցիկ են (սպիտակ, վարդագույն, սև, կարմիր). դրանցից պատրաստում են զարդարանքներ: Առանձնապես թանկարժեք են կարմիր բուստերից պատրաստված ուլունքները, ականջօղերն ու ապարանջանները:
  • Բուստային խութը յուրահատուկ աշխարհ է՝ հրաշք գեղեցկությամբ և այնտեղ բնակվող կենդանի էակների բազմազանությամբ: Նրանց խիտ բուսուտները հարուստ են բազմատեսակ փափկամարմիններով, խեցգետնակերպներով, փշամորթներով, ձկներով և այնտեղ ապաստան գտած բազմաթիվ այլ կենդանիներով: