Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տափաստանային հողմավար բազե. էգը, արուն և երիտասարդը 
Կարմրաոտ բազե. էգը, արուն և երիտասարդը
Սապսան. երիտասարդը և հասունը
Բալոբան
Բազեները կազմում են գիշատիչների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է շուրջ 60, ՀՀ-ում՝ 8 տեսակ. կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովյան բազե, սապսան, բալոբան, արտույտաբազե, սովորական հողմավար բազե, տափաստանային հողմավար բազե:
Բազեները տարածված են գրեթե ամենուրեք:
Փոքր և միջին մեծության թռչուններ են, արուն փոքր է էգից: Վերին կտուցն ատամնանման ելուստով է, իսկ քթանցքերի կենտրոնում կա մաշկային թմբիկ: Թևերը երկար են ու նեղ, պոչը՝ կարճ: Փետուրները խիտ են, կոշտ: Էգը և արուն միանման են գունավորված: Ուժեղ են, ճարպիկ, թռչում են արագ: Բույն չեն հյուսում, ձվերը (2–6, խայտաբղետ) դնում են գետնին, ժայռերի վրա կամ ուրիշ թռչունների բներում: Թխսում է հիմնականում էգը: Սնվում են փոքրիկ կաթնասուններով, թռչուններով, սողուններով, միջատներով, հազվադեպ՝ լեշերով:
Սապսանը բնադրող-չվող է: Բնակվում է ժայռերում, հաճախ զբաղեցնում է ագռավների բները: Զոհին որսում է հիմնականում թռիչքի ընթացքում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Բալոբանը շիկամոխրագույն է, նստակյաց, հանդիպում է լեռնատափաստաններում, մերձարևադարձային շրջաններում, ձմռանը՝ նաև Արարատյան դաշտում: Ունի սուր ձայն: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Արտույտաբազեի գունավորումը խայտաբղետ է: Տարածված է անտառային շրջաններում:
Աղավնաբազեն կարճ թևերով է, հանդիպում է բաց տարածություններում, կարելի է վարժեցնել տնային պայմաններում՝ որպես որսորդական թռչուն:
Սովորական հողմավար բազեն նստակյաց է, ապրում է ամենուր, ձմռանը՝ բնակավայրերից ոչ հեռու: Ոչնչացնում է կրծողներին:
Տափաստանային հողմավար բազեն հանդիպում է կիսաանապատային գոտում: Պահպանվում է օրենքով:
Կարմրաոտ բազեն չվող է, հազվագյուտ: Բնակվում է բաց տարածքներում: Զոհին փնտրում է՝ լարերին նստած, կամ օդում կանգի պահին նետվում է նրա վրա: Համարվում է որսորդական թռչուն: Ոչնչացնում է մանր կրծողներին: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Միջերկրածովյան բազեն բնադրող-չվող է, հազվագյուտ: ՀՀ-ում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին: Երգում է՝ երկար ժամանակ նույն տեղում նստած: Բնակվում է գիհու կամ փշոտ թփուտների առկայությամբ ցածրադիր չոր լեռնալանջերին: Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության. արհեստական թռչնաբներ ներգրավելու միջոցով հնարավոր է բարձրացնել համակեցության խտությունը: