Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Մոնտեվիդեո
Տարածքը՝ 
176,2 հզ. կմ2
Բնակչությունը՝  
3,5 մլն
Պետական լեզուն՝  
իսպաներեն
Դրամական միավորը՝ 
պեսո
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի համայնապատկերը
Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի հայկական եկեղեցին
Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն 
Ուրուգվայը պետություն է Հարավային Ամերիկայում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: 
Ուրուգվայի տարածքն զբաղեցնում է Բրազիլական սարահարթի հարավարևելյան ցածրադիր մասը: Մակերևույթը հարթավայրային է. Ատլանտյան օվկիանոսի ափի երկայնքով տարածվում է ճահճապատ դաշտավայրը: Հարավում մեկուսացած Պան դե Ասուկար լեռն է (501 մ, երկրի ամենաբարձր կետը): Ընդերքում կան  երկաթմանգանային, ոսկու, արծաթի, կապարի, պղնձի, գրանիտի, մարմարի պաշարներ:
Կլիման մերձարևադարձային ծովային է: Գետային ցանցը խիտ է: Գլխավոր գետերն են Ուրուգվայը և Ռիո Նեգրոն: Գերակշռում են մշտադալար անտառներն ու սավաննաները: Կենդանական աշխարհը բազմազան է: Կան զրահակիրներ, պարկամուկ, ճահճակուղբ, շատ են ջրլող թռչունները:
Ուրուգվայի, ինչպես և ամբողջ Հարավային Ամերիկայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են բնիկ հնդկացիական ցեղեր, որոնք գտնվել են նախնադարյան համայնական կարգերի տարբեր փուլերում: Հարավային Ամերիկան նվաճելիս իսպանացիները թափանցեցին ժամանակակից Ուրուգվայի տարածք և XVI դարի 2-րդ կեսին այստեղ հիմնեցին մի շարք ամրոցներ: Մինչև XIX դարի սկիզբն Ուրուգվայի տարածքին տիրելու համար պայքար էր մղվում իսպանացիների, պորտուգալացիների և անգլիացիների միջև: XVIII դարի կեսին Իսպանիան հայտարարեց, որ Ուրուգվայն իր տիրույթն է: Համոզվելով, որ երկիրը հարուստ չէ օգտակար հանածոներով, իսպանացիներն սկսեցին այնտեղ ներմուծել խոշոր եղջերավոր կենդանիներ և ձիեր, որի շնորհիվ անասնաբուծությունը դարձավ Ուրուգվայի տնտեսության հիմնական ճյուղը: 
XIX դարի 1-ին տասնամյակներին Հարավային Ամերիկայում ծավալվեց իսպանական գաղութների անկախության համար մղվող ազատագրական պայքարը: 
1810–16 թթ-ին Ուրուգվայն անկախ պետություն էր, բայց 1816 թ-ին այն նվաճեցին պորտուգալացիները: 1821 թ-ին ներառվել է Բրազիլական կայսրության, 1825 թ-ին` Արգենտինայի կազմի մեջ, իսկ 1828 թ-ին հռչակել է իր անկախությունը, որը ճանաչել են Բրազիլիան և Արգենտինան: 1830 թ-ին ընդունվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության սահմանադրությունը:
1973 թ-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման հետևանքով դադարեցվել է սահմանադրության գործունեությունը, սակայն 1985 թ-ին վերականգնվել է կառավարման սահմանադրական կարգը:
Բնակչության ճնշող մեծամասնությունն ուրուգվայցիներ են, որոնք 
XVI–XVIII դարերում Եվրոպայից եկած վերաբնակների (հիմնականում՝ իսպանացիների) հետնորդներն են: Նեգրերը, մետիսները և մուլատները կազմում են բնակչության շուրջ 8–10 %-ը:
Խոշոր քաղաքներն են Մոնտեվիդեոն, Սալտոն, Պայսանդուն, Ռիվերան, Մերսեդեսը:
Ժամանակակից Ուրուգվայն ագրոարդյունաբերական երկիր է: Գյուղատնտեսության հիմնական ճյուղը մսաբրդատու անասնապահությունն է: Մսի և բրդի արտադրությամբ Ուրուգվայը գրավում է երկրորդ տեղը Լատինական Ամերիկայում՝ զիջելով միայն Արգենտինային: Անասնաբուծության արտադրանքի զգալի մասն արտահանվում է: Երկրի կլիմայական պայմանները բարենպաստ են խաղողագործության, ցիտրուսների մշակության համար: 
Արդյունաբերական ճյուղերից առավել զարգացած են սննդի, տեքստիլ, կոշիկի, շինանյութերի արտադրությունը: Կան նաև մետաղաձուլական, քիմիական, էլեկտրատեխնիկական ձեռնարկություններ: Երկրի արդյունաբերական հիմնական կենտրոնը մայրաքաղաքն է: 
Ուրուգվայի բնիկների՝ հնդկացիների արվեստը ժամանակի ընթացքում աստիճանաբար դուրս է մղվել: Ազգային մշակույթի և հատկապես բանահյուսության պահպանողները թափառաշրջիկ երգիչներն էին (պայադորներ): Յուրատիպ են երգիծական բովանդակության երգերը (կոնտրապունտո) և պերիկոն շուրջպարը:

Հայերն Ուրուգվայում
Հայերն Ուրուգվայում հաստատվել են XX դարի սկզբին. գաղութը ձևավորվել է 1920-ական թվականներին: Նրանք եկել են սկզբում Կիլիկիայից, հետագա տասնամյակներին՝ Մերձավոր Արևելքի երկրներից: Այժմ հայերի թիվը հասնում է շուրջ 15 հզ-ի՝ կենտրոնացած Մոնտեվիդեոյում: Սակավաթիվ հայ ընտանիքներ կան նաև Պիրիապոլիս քաղաքում: Հայերի հիմնական մասն զբաղվում է առևտրով և արհեստներով: Կան խոշոր ձեռնարկատերեր, բժիշկներ, պետական ծառայողներ: 
Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմը կազմավորվել է 1983 թ-ին: Մոնտեվիդեոյում գործում է միակ հայ առաքելական Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին, կան նաև կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ: Չնայած փոքրաթիվ լինելուն, Ուրուգվայի հայ համայնքը կարողանում է պահպանել ինքնությունը, ինչին նպաստում են Ուրուգվայում գործող Նուբարյան-Ալեք Մանուկյան և Ներսեսյան ամենօրյա վարժարանները, տարբեր հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային, հայրենակցական միություններ, ակումբներ և այլն: Գաղութում հայտնի են «Կոմիտաս», «Արամ Խաչատրյան» նվագախմբերը, «Կռունկ» երգչախումբը, «Գայանե», «Շիրազ» պարախմբերը: Գործում են «Ռադիո Արմենիա» և «Կոմիտաս» ամենօրյա ռադիոժամերը, հրատարակվում են «Ապրիլ», «Հայ ընտանիք» պարբերականները (հայերեն–իսպաներեն): Առաջին դպրոցը կազմակերպվել է դեռևս 1923 թ-ին: Ներկայումս գործում են միայն 2 ամենօրյա հայկական դպրոցներ: 
Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ պաշտոնապես ճանաչեց Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»: 1971 թ-ին Մոնտեվիդեոյի հրապարակներից մեկը, որտեղ ավելի ուշ կանգնեցվեց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող, կոչվել է «Արմենիա», իսկ 1972 թ-ին ծովեզրյա պողոտաներից մեկը՝ Ռամբլա–Արմենիս: «Արմենիա» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովափնյա քաղաքում: