Ծննդյան թվականն անհայտ է: 977 թ., թաղված է Հոռոմոսի վանքում
Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը (953–977 թթ.) հաջորդել է հորը՝ Աբաս Բագրատունուն: Նրա գահակալումը նշանավորվել է Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային վերելքով:
Աշոտ Գ-ն կատարելագործել է երկրի վարչական կառավարման համակարգը, ձևավորել հայկական ավատատիրական թագավորությունների դաշնակցային միություն՝ իր գերագահությամբ: 953 թ-ին որդուն՝ Սմբատին (Սմբատ Բ), կարգել է գահակից: Բագրատունյաց արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, կառուցապատել և 961 թ-ին հռչակել է մայրաքաղաք: 963–964 թթ-ին կառուցել է քաղաքի աշտարակազարդ պարիսպների առաջին գիծը: Հաջողությամբ հետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրի հարձակումները: 973 թ-ին 80-հզ-անոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ չեզոքացնելով Հայաստանին սպառնացող վտանգը: Հովհաննես I Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև: Աշոտ Գ-ի կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966 թ-ին կառուցել է Սանահինի, իսկ 976 թ-ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով դարձել են գիտաուսումնական կենտրոններ: Ըստ պատմիչ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ)՝ Աշոտ Գ-ն բարեգործ էր, որի համար էլ նրան անվանել են Ողորմած: Նա երկրի գլխավոր քաղաքներում բացել է դպրոցներ, հիվանդանոցներ ու անկելանոցներ, որոնց պահպանման համար հատկացրել է միջոցներ, ինչը բացառիկ երևույթ էր այդ ժամանակների համար:
|