Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Առևտուրն ապրանքների և ծառայությունների առքն ու վաճառքն է. ներառում է նաև փոխանակությունը (բարտեր)` մի տեսակի ապրանքների և ծառայությունների փոխանակումը մեկ այլ տեսակի հետ: 

Տարբերում են մանրածախ ու մեծածախ, ներքին ու արտաքին և միջազգային առևտրի տեսակներ:
Երբ դուք խանութում գնում եք շոկոլադի սալիկ, ձեր գործարքը դառնում է վերջինը՝ ապրանքափոխանակության երկար շղթայում: Այդ շոկոլադի սալիկը խանութի տերը (մանրածախ առևտրական) գնել է մատակարարից (մեծածախ առևտրական), որն իր հերթին գնել է արտադրողից: Վերջինս դրանից առաջ գնել է այլ վայրերից  բերված շոկոլադի բաղադրիչները (կակաոյի սերմեր և յուղ, հավելանյութեր) և աշխատանքի համար վճարել հրուշակեղենի ֆաբրիկայի աշխատակիցներին:

Միջազգային առևտուր
Առևտուրը երկրի ներսում կոչվում է ներքին, այլ երկրների հետ կատարվողը՝ արտաքին:
Ապրանքների և ծառայությունների վաճառքը արտասահմանյան գնորդին կոչվում է արտահանում, իսկ այլ երկրներում գնվածները, որոնք ներկրվում են տվյալ երկիր՝ ներմուծում: Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը` միջազգային առևտուրը, չափազանց կարևոր է բոլոր երկրների համար: Միջազգային առևտրի միջոցով սպառողը հնարավորություն է ստանում բավարարելու պահանջարկի մեծ մասը և օգտագործելու աշխարհի այս կամ այն տարածաշրջանից արտահանվող ապրանքներ. օրինակ՝ Հայաստանի բնակիչները համտեսում են արևադարձային մրգեր (ադամաթուզ, արքայախնձոր, նարինջ, արմավ) և ճաշակում բրնձով փլավ: Իսկ այն երկրները, որ աղքատ են վառելանյութից, ինչպես, օրինակ, Ճապոնիան, անհրաժեշտաբար արտահանում են տեղում արտադրվող ապրանքները, վաճառքից ստացված գումարով նավթ ու քարածուխ են գնում: 
Արտահանման և ներմուծման որոշ տեսակներ՝ հումքանյութերը (օրինակ՝ երկաթի հանքաքարը), գյուղատնտեսական ապրանքները (օրինակ՝ ցորենը), բոլոր արդյունաբերական ապրանքները (մատիտից մինչև ռեակտիվ ինքնաթիռ) կոչվում են «տեսանելի»: Արտահանման և ներմուծման այլ տեսակներ՝ բանկային գործառույթները, ապահովագրությունը, տրանսպորտային ծառայությունները, արժույթը (վալյուտա), կոչվում են «անտեսանելի»:
Առավել զարգացած առևտուր բնորոշ է արդյունաբերության բարձր մակարդակ ունեցող երկրներին, սակայն միջազգային առևտրին մեծ կամ փոքր չափով մասնակցում են աշխարհի բոլոր երկրները:

Ազատ առևտուր և հովանավորչություն
Ապրանքների և ծառայությունների բարձրարդյունավետ արտադրությունում մասնագիտացած երկրների արտադրանքը տարածվում է ողջ աշխարհում: Եվ որքան մեծ է ապրանքների ու ծառայությունների տեսականին, այնքան մեծ է դրանցից օգտվողների՝ սպառողների քանակը և բարձր` կենսամակարդակը: Այդ է պատճառը, որ ոչ մի երկիր չի խոչընդոտում մյուս երկրներից ազատ առևտրի միջոցով ապրանքների ներմուծումը: Սակայն քանի որ էժան ապրանքների ներմուծումը կարող է երկրի ներսում ճնշել նույնատիպ ապրանքի արտադրությունն ու այնտեղ զբաղված բանվորներին զրկել աշխատանքից, ձեռնարկվում են նաև դրանք կանխող հակաքայլեր: Նախկինում երկիր ներմուծվող ապրանքների քանակը սահմանափակում էին: Այդ նպատակով սահմանվում էին մաքսային սակագներ՝ տարիֆներ (ներմուծվող ապրանքներից գանձվող հատուկ հարկեր), որոնք այդ ապրանքներն այնքան էին թանկացնում, որ ներսում արտադրված ապրանքը մրցունակ լիներ: Երբեմն կիրառվում էր քվոտավորումը՝ ներմուծվող ապրանքների որոշակի անվանատեսակի քանակի սահմանափակումը:
Սակագների և քվոտավորման սահմանումը հայտնի է որպես հովանավորչական քաղաքականություն, որը ներքին շուկան պաշտպանում է արտասահմանյան մրցակցությունից:

Առևտրի կետեր
Առևտրի կետերը հաստատություններ են, որտեղ կազմակերպվում է ապրանքների առևտուրը. մարդիկ ապրանքներ կամ ծառայություններ են գնում: Ոչ մեծ կրպակներում և խանութներում վաճառում են ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանքներ (օրինակ՝ ծխախոտ, թերթեր, ամսագրեր, գրենական պիտույքներ և այլն) ու նպարեղեն:
Առևտրի կենտրոնում գործում են փոքր խանութներ, որոնք սովորաբար մասնագիտանում են ապրանքի որոշակի տեսակի (օրինակ՝ կոշիկի, հագուստի, ոսկերչական իրերի, էլեկտրական սարքերի, խաղալիքների և այլն) առևտրում:
Հանրախանութներն առևտրի խոշոր կետեր են. դրանց բաժիններում ու բաժանմունքներում վաճառվում են բազմապիսի ապրանքներ:
Ինքնասպասարկման մեծ մթերային խանութները կոչվում են սուպերմարկետներ, իսկ ավելի խոշորները` սովորաբար քաղաքից դուրս գտնվող և մթերքից բացի այլ ապրանքներով առևտուր կատարողները՝ հիպերմարկետներ:
Տոնավաճառները սահմանված տեղերում պարբերաբար կազմակերպվող ապրանքների շուկաներ են: Տոնավաճառները լինում են համաշխարհային, միջազգային, տարածաշրջանային, ազգային և տեղական:
Ավանդույթ են դարձել նաև գրքի միջազգային ցուցահանդես-վաճառքները, որոնք ամեն տարի կազմակերպվում են աշխարհի տարբեր քաղաքներում` Ֆրանկֆուրտում, Մոսկվայում, Ստամբուլում և այլուր: