 | Արմենյան Արմեն 1871 թ., Կոստանդնուպոլիս (այժմ՝ Ստամբուլ) 1965 թ., Լենինական (այժմ՝ Գյումրի) |
 | Ա. Արմենյանը Յագոյի (Վ. Շեքսպիրի «Օթելլո») դերում |
 | Ա. Արմենյանը Ֆրանցի (Ֆ. Շիլլերի «Ավազակներ») դերում |
Ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արմեն Արմենյանը հայ թատրոնի առաջին պրոֆեսիոնալ ռեժիսորներից էր և մոլիերյան թատրոնի ավանդները զարգացնող դերասան:
Արմեն Արմենյանը (իսկական անուն-ազգանունը՝ Արմենակ Իփեկյան) սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության գիշերօթիկ դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում: 1890 թ-ին Արմենյանի համար վճռորոշ են եղել Պետրոս Ադամյանի ներկայացումները: 1891 թ-ին մեկնել է Թիֆլիս, մասնակցել հայկական մշտական թատերախմբի ներկայացումներին, խաղացել իր առաջին դերը (Գաստոն) Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» պիեսում: 1894 թ-ին մեկնել է Համբուրգ` սովորելու. ունկնդրել է հռչակավոր երաժիշտների, դիտել Էլեոնորա Դուզեի և այլ հայտնի դերասանների խաղը: Փարիզում մեկ թատերաշրջան խաղացել է Սառա Բեռնարի թատրոնում, 1895–97 թթ-ին եղել է նշանավոր դերասան Պոլ Մունեի դրամատիկական ստուդիայի ուսանող, ապա՝ Փարիզի «Բուֆ Դյունոր», «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնների դերասան, որտեղ ուսումնասիրել է XIX դարի վերջի ֆրանսիական բեմարվեստի սկզբունքները: 1902 թ-ին հրավիրվել է Թիֆլիս. բեմադրել է ֆրանսիական պիեսներ (Ֆրանսուա Կոպպեի «Կրեմոնի վինագործը», Ալֆրեդ դը Մյուսսեի «Վաղաժամ վճիռ»), միաժամանակ խաղացել գլխավոր դերերը: 1902–03 թթ-ին եղել է Բաքվի հայկական թատերախմբի ռեժիսոր և դերասան: 1904 թ-ին Արմենյանը Նոր Նախիջևանում կազմակերպել է թատերախումբ և շրջագայել Հյուսիսային Կովկասի ու Ռուսաստանի հայաբնակ վայրերում: Այդ շրջանի լավագույն բեմադրություններից են՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Եվգինե», Մուրացանի «Ռուզան», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Վրթաննես Փափազյանի «Ժայռ» և այլն: 1908 թ-ին Հովհաննես Աբելյանի հետ կազմակերպել և ղեկավարել է «Աբելյան-Արմենյան» թատերախումբը: Արմենյանը դասական ռեալիզմի սկզբունքներով է բեմադրել Անուշավան Վարդանյանի «Գործադուլ», Լևոն Շանթի «Հին աստվածներ» (երկուսն էլ հայ բեմում՝ առաջին անգամ) պիեսները, իսկ որպես դերասան` հետագայում հետևել է հոգեբանական ռեալիզմի սկզբունքներին: Լավագույն դերերից են՝ Յագո, Շայլոկ (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Վենետիկի վաճառականը»), Ֆրանց (Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ»), Հարպագոն, Արգան (Ժան-Բատիստ Մոլիերի «Ագահը», «Երևակայական հիվանդ»): 1914–17 թթ-ին Արմենյանը բեմական գործունեությունը շարունակել է Այսրկովկասի և Հյուսիսային Կովկասի քաղաքներում, 1917–21 թթ-ին՝ Իրանում, 1921–26 թթ-ին՝ կրկին Հյուսիսային Կովկասում, ապա՝ Բաքվում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում և այլուր: 1924 թ-ին Մոսկվայում ծանոթացել է Կոնստանտին Ստանիսլավսկու և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի ստեղծագործական աշխատանքին, հետաքրքրվել թատերական նորույթներով: Այդ շրջանում Արմենյանը բեմադրել է Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշա», Անատոլի Լունաչարսկու «Արքայի սափրիչը», Յուրի Յանովսկու «Ցասում» և այլ գործեր: Նշանակալի էր նաև Արշակ Աթայանի «Սասունցի Դավիթ» պիեսի բացօթյա բեմադրությունը 1922 թ-ին Ալեքսանդրապոլում՝ 150 դերակատարով: Արմենյանը եղել է Ալեքսանդրապոլի Քաղլուսվարի և Սուխումի հայկական թատրոնների գլխավոր ռեժիսորը, 1934 թ-ին հիմնադրել է Ալավերդու բանվորական թատրոնը: 1935 թ-ից աշխատել է Լենինականի պետական թատրոնում: Արմենյանը բեմադրել է ավելի քան 100 պիես, խաղացել շուրջ 150 դեր: Գրել է «60 տարի հայ բեմի վրա» հուշերի գիրքը, կատարել թարգմանություններ: Հանդես է եկել նաև ասմունքով:
|