 | Արուտչյան Միքայել 1897 թ., Շուշի 1961 թ., Մոսկվա |
 | Մ. Արուտչյան. Զինվորի զգեստի էսքիզ՝ Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսի բեմադրության համար (1930 թ.) |
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Միքայել Արուտչյանը խորհրդահայ բեմանկարչության հիմնադիրներից է:
Միքայել Արուտչյանը 1916 թ-ին ավարտել է Բաքվի արական գիմնազիան, 1919 թ-ին՝ Սարատովի բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցները: Առաջին բեմական ձևավորումը կատարել է 1919 թ-ին Սարատովի թատրոնում («Փաստաբան Պատլեն»): 1919–20 թթ-ին ծառայել է Հայկ Բժշկյանի (Գայ) հեծյալ կորպուսում: Արուտչյանը 1921–23 թթ-ին սովորել է Բեռլինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1924– 1925 թթ-ին՝ Փարիզի Կոլառոսսի ակադեմիայում: 1925 թ-ին տեղափոխվել է Երևան: Արուտչյանը ձևավորել է շուրջ 100 ներկայացում, նաև գրքեր, կինոնկարներ, կրկեսային ատրակցիոն: Ստեղծել է նաև գրաֆիկական գործեր. ուշագրավ են Գեորգի Յակուլովի, Հակոբ Կոջոյանի դիմանկարները, Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» գրքերի նկարազարդումները, «Ֆաշիզմի դեմքը» նկարաշարը: Արուտչյանը 1928–39 թթ-ին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան, 1939– 1949 թթ-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչը: Նրա լավագույն աշխատանքներից են Դմիտրի Ֆուրմանովի «Խռովություն», Վաղարշ Վաղարշյանի «Օղակում», Մկրտիչ Ջանանի «Շահնամե», Գ. Սունդուկյանի «Պեպո», Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» դրամատիկական, Արմեն Տիգրանյանի «Անուշ», Հարո Ստեփանյանի «Լուսաբացին», Ջակոմո Պուչչինիի  | Հ. Ստեփանյանի «Լուսաբացին» օպերայի բեմադրության էսքիզ (1939 թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն) |
«Տոսկա», Արտեմի Այվազյանի «Թափառնիկոս», Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերային ներկայացումների ձևավորումները: Արուտչյանը ներկայացումներ է ձևավորել նաև Բաքվի, Թբիլիսիի, Լենինականի (այժմ՝ Գյումրի) թատրոններում: Նա շարունակել է Գեորգի Յակուլովի նորարարական ավանդույթները, արմատապես վերափոխել հայ թատրոնի բեմական մշակույթը: Արուտչյանը Հայֆիլմում նկարահանված մի շարք ֆիլմերի («Խասփուշ», 1927 թ., «Զամալլու», 1928 թ., «Պեպո», 1935 թ., «Դավիթ Բեկ», 1943 թ., «Հյուսիսային ծիածան», 1960 թ., և այլն) բեմադրող-նկարիչն է:
|