Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Օգնի'ր մերձավորիդ:
Ուորեն Բաֆետ 
(ծնվ. 1931թ.)
Բարեգործական լուրջ ծրագրեր ունի ամերիկացի ձեռնարկատեր, «Մայկրոսոֆտ» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը (ծնվ. 1955 թ.):
Ալեքսանդր Մանթաշյան
(1842–1911 թթ.)
Գալուստ Գյուլբենկյան
(1869–1955 թթ.)
Ալեք Մանուկյան
(1901–1996 թթ.)
Քըրք Քըրքորյան
(ծնվ. 1917 թ.)
Գաֆեսճյան Ջերալդ
(ծնվ. 1925 թ.)
ՀՕՄ-ի հերթական միջոցառումը Երևանի «Զատիկ» գիշերօթիկ դպրոցում
Բարեգործությունը պետության, բարեգործական և այլ կազմակերպությունների (եկեղեցի, հիմնադրամներ, միություններ), ինչպես նաև անհատների անհատույց կամ զեղչով ցուցաբերվող օգնությունն է կարիքավոր մարդկանց ու հաստատություններին: 

Հնագույն շրջանում ծնունդ առած այս երևույթը տարբեր ժամանակներում դրսևորվել է տարբեր եղանակներով և կոչվել մեկենասություն, գթասրտություն, հովանավորություն, աջակցություն և, ի վերջո, բարեգործություն:
Մեկենասությունն սկզբում պոեզիայի ու արվեստների հովանավորությունն էր և կոչվել է հռոմեական Օգոստոս Օկտավիանոս կայսեր մերձավոր, առաջին հայտնի բարեգործ Գայ Մեկենասի (մ. թ. ա. 74 կամ 64–8 թթ.) անունով:
Գթասրտությունը կամ ողորմածությունը հիմնականում անօգնական կարիքավորներին (հիվանդ, վիրավոր, ծեր, հաշմանդամ) ցուցաբերվող կարեկցանքն է. այն առավել բնորոշ է  եկեղեցուն:
Բարեգործության ձևերից են կարիքավորներին նյութական կամ դրամական միջոցներ հատկացնելը, նրանց համար անհատույց աշխատանք կատարելը, մասնագիտական հատուկ պատրաստվածություն պահանջող ծառայություններ մատուցելը, անհատների նվիրատվությունները, տարբեր նախագծերի և ծրագրերի ֆինանսավորումը, խոշոր միջոցառումների կազմակերպումը, կրթական, առողջապահական զանազան դրամաշնորհների սահմանումը և այլն:
Բարեգործության տեսակ է մարդասիրական և սոցիալական օգնությունը, երբ կարիքավորներին բաշխվում են մթերք, հագուստ, դեղորայք ու անհրաժեշտ այլ պարագաներ, իրականացվում երեխաներին, ծերերին, հաշմանդամներին և ռիսկային այլ խմբերի սատարող զանազան ծրագրեր:
Բարեգործական հիմնադրամի գործունեության ուղղությունն ու շրջանակները սահմանվում են կանոնադրությամբ, իսկ միջոցները հայթայթվում են հիմնականում 2 եղանակով. գտնվում է հովանավոր կամ մեկենաս (հովանավոր կարող են լինել պետությունը, զանազան ընկերություններ ու կազմակերպություններ, անհատ մարդիկ և այլն), կամ հիմնադրամն ինքն է հայթայթում այդ միջոցները: Յուրաքանչյուր երկիր ունի բարեգործական գործունեությունը կարգավորող իր օրենքները:
Բարեգործությունն, այնուամենայնիվ, շատ ավելին է, քան նվիրաբերված միջոցների արժեքը, մանավանդ, երբ, ինչպես Ավետարանն է սովորեցնում, կատարվում է աննկատ,  առանց կեղծ հանդիսավորության:
Բարեգործությունը հայ իրականության մեջ նույնպես վաղ ավանդույթներ ունի: Դեռևս սկզբնավորման ակունքներից՝ IV–V դարերում, բարեգործական ծրագրեր է նախաձեռնել Հայ առաքելական եկեղեցին՝ նպաստելով երկրում քրիստոնեության ամրապնդմանը: Հոգևոր-կրթական և բարեգործական ընդգրկուն գործունեությամբ հայտնի էր Ներսես Մեծ կաթողիկոսը (329–373 թթ.): Նա եկեղեցիներին կից բացել է դպրոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ և բարեխնամ այլ հաստատություններ: Հետագա դարերում նույնպես Հայ եկեղեցին շարունակել է բարեսիրական գործունեությունը: Իրենց բարեգործություններով աչքի են ընկել նաև հայոց շատ թագավորներ, թագուհիներ, իշխաններ: Հայոց Աշոտ Գ  արքան (953–977 թթ.) հիմնել է վանքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, դրանց հատկացրել որոշ եկամուտներ, հատուկ հոգատարություն է ցուցաբերել աղքատներին, կույրերին, անդամալույծներին, որի համար էլ ստացել է Ողորմած պատվանունը:

Բարերարներ
Տարբեր ժամանակներում բարեգործությամբ աչքի են ընկել առանձին հայ մեծահարուստներ, որոնց նյութական օժանդակությամբ բացվել են դպրոցներ, մատենադարաններ, աղքատանոցներ: Նրանք մշտապես զբաղվել են իրենց բնակության երկրի հայ համայնքի տնտեսական, կրթամշակութային հարցերով, սատարել Արևմտյան Հայաստանից, Թուրքիայի տարբեր վայրերից գաղթած հայ տարագիրներին, միջոցներ տրամադրել հայերեն պարբերականների և գրքերի հրատարակման համար, հովանավորել հայ մատենագիրների թարգմանությունն ու հրատարակությունը տարբեր լեզուներով, երիտասարդների համար սահմանել կրթաթոշակ և այլն:
Հայ ժողովրդի նվիրյալ բարեգործներից էին եգիպտահայ պետական գործիչ Նուբար փաշան (1825–1899 թթ.), նրա որդի Պողոս Նուբար փաշան (1851–1930 թթ.): Վերջինս, ի թիվս այլ ձեռնարկումների, 1906 թ-ին նախաձեռնել և հիմնադրել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), ֆինանսավորել հայրենադարձվող հայերի համար Երևանի մերձակա ավանի կառուցումը, որը, ի պատիվ նրա, կոչվել է Նուբարաշեն:
ՀԲԸՄ-ի  գործունեությանը մեծ նպաստ է բերել նաև Գալուստ Գյուլբենկյանը (1869–1955 թթ.). 1930– 1935 թթ-ին եղել է նրա նախագահը:
Եգիպտահայ մեծահարուստ Կարապետ Մելքոնյանը (1849–1934 թթ.) եղբոր` Գրիգորի հետ 1925 թ-ին ՀԲԸՄ-ի միջոցով 6 մլն անգլիական ոսկի է կտակել հայ ժողովրդին: Այդ նվիրատվությամբ Նիկոզիայում բացվել է Մելքոնյան կրթական հաստատությունը, Երևանում հիմնվել է «Մելքոնյան ֆոնդ» հրատարակչությունը և այլն:
XVIII–XIX դարերում ժառանգական ազնվական մեծահարուստներ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով Մոսկվայում (Սբ Խաչ, Սբ Հարություն), Սանկտ Պետերբուրգում (Սբ Կատարինե) և այլ քաղաքներում կառուցվել են հայկական եկեղեցիներ, 1815 թ-ին Մոսկվայում բացվել է հայագիտական և արևելագիտական խոշոր կենտրոն Լազարյան ճեմարանը, Թիֆլիսում, Նոր Նախիջևանում և այլուր հիմնվել են  դպրոցներ, հրատարակվել են հայերեն  արժեքավոր աշխատություններ:
 XVIII դարի վերջերին և XIX դարի սկզբներին իր բարեգործական ծրագրերով հայտնի էր ռուսահպատակ Նիկողայոս Աղաբաբյանը (1754–1811 թթ.): Ի թիվս այլ բարեգործությունների՝ նա ռուսական իշխանություններից թույլտվություն է ստացել Աստրախանում բացելու հայկական դպրոց և 50 հզ. ռուբլի է հատկացրել կրթօջախի շինարարության (1810 թ., Աղաբաբյան դպրոց) համար:
Բարեգործական նպատակներով հսկայական գումարներ է ծախսել XIX դարի վերջի և XX դարի սկզբի խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանը (1842–1911 թթ.): Նրա միջոցներով Թիֆլիսում հիմնվել է «Մանթաշյան առևտրական դպրոցը», կառուցվել են եկեղեցիներ, Ներսիսյան դպրոցի նոր շենքը և բազմաթիվ այլ արժեքավոր շինություններ՝ Թիֆլիսում ու Բաքվում, վերանորոգվել է Սբ Էջմիածնի Մայր տաճարը և այլն: 1884 թ-ին Մանթաշյանը մեծ նվիրատվություն է կատարել Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը, իսկ 1896 թ-ին ընտրվել է ընկերության ցկյանս պատվո նախագահ:
Հայ բարեգործ մեծահարուստների գործունեությունը շարունակվում է նաև այսօր՝ անհատական ներդրումների, հիմնադրամների, կազմակերպությունների միջոցով:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Հայաստանի Ազգային հերոս (2004 թ.) Շառլ Ազնավուրը (ծնվ. 1924 թ.) Փարիզում կազմակերպել է երկրաշարժից տուժածների օգնության` «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, 1993 թ-ին բացվել է կազմակերպության երևանյան ներկայացուցչությունը: 1988 թ-ից  բարեգործական առաքելությամբ բազմիցս եղել է Հայաստանում, կազմակերպել նվիրատվություններ, բարեգործական համերգներ և այլն:
Հայ մեծահարուստ և ազգային բարերար, Հայաստանի Ազգային հերոս (1994 թ.) Ալեք Մանուկյանը (1901– 1996 թթ.) 1968 թ-ին 1 մլն ԱՄՆ դոլարով հիմնել է «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամը: 1953–89 թթ-ին նա եղել է ՀԲԸՄ կենտրոնական վարչության ժողովի նախագահը. սատարել է Սփյուռքում հայապահպանությանը: Հայաստանի անկախացումից հետո նրա գործունեությունն ուղղված էր Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ: Հիմնադրամին նվիրաբերել է 500 հզ. դոլար:
Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին Հայաստանին և Արցախին ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել ամերիկահայ մեծահարուստ, Հայաստանի Ազգային հերոս (2004 թ.) Քըրք Քըրքորյանը (ծնվ. 1917 թ.): Նրա ստեղծած «Լինսի» հիմնադրամը 2001 թ-ից 210 մլն դոլար է տրամադրել ՀՀ-ին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինության և ևս 20 մլն դոլար՝ փոքր ու միջին ձեռներեցության զարգացման համար:
Ամերիկաբնակ մեծահարուստ Ջերալդ Գաֆեսճյանը (ծնվ. 1925 թ.) բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով 1996 թ-ին ստեղծել է «Գաֆեսճյան ընտանիք» (ներդրվել է 50 մլն դոլար), 2002 թ-ին Երևանում՝ «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամները: Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ է: 

Բարեգործական կազմակերպություններ
Բարեգործական առավել կենտրոնացված գործունեություն են ծավալել հայկական բարեգործական կազմակերպությունները, որոնք նպատակ են ունեցել լուծելու հայության առջև ծառացած կարևորագույն խնդիրները` համախմբել աշխարհասփյուռ հայության ուժերը, ճիշտ օգտագործել հայ բարեգործ մեծահարուստների ֆինանսական ու նյութական ներդրումները, դրանք կենտրոնացնել և նպատակաուղղել հօգուտ հայապահպանության, հայաշատ գաղութներում հիմնել դպրոցներ, գրադարաններ, կառուցել եկեղեցիներ, հրատարակել պարբերականներ ու գրքեր, բացել հիվանդանոցներ, աղքատախնամ տներ և այլն:
1860–74 թթ-ին Կոստանդնուպոլսում բարեսիրական ծրագրեր է իրականացրել Բարեգործական ընկերություն հայոցը, որի նպատակն էր չքավոր հայ երեխաներին երկրագործական և արհեստագործական ձրի կրթություն տալը  և նրանց հայրենի երկրին կապելը:
XIX դարի վերջին և XX դարի սկզբին իր գործունեությամբ աչքի է ընկել Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը, որը հիմնադրվել է 1881 թ-ին Թիֆլիսում: Ընկերության նպատակն էր 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո տեղահանված և Այսրկովկաս գաղթած հայերին օգնելը: Հետագայում այն ընդլայնել է իր ծրագրերը, ծավալել նաև դպրոցաշինական և մշակութային գործունեություն: Ընկերությունը հովանավորել է հայկական շուրջ 140 դպրոցի, նյութապես օգնել հայ գրողների, արվեստագետների, ուսուցիչների, թոշակավորել կարիքավոր սովորողների, հրատարակել հայերեն գրքեր, դասագրքեր (բաշխվել են անվճար): Ընկերությունը Մեծ եղեռնից փրկված գաղթականներին ապաստան է տվել, ապահովել սննդով, բացել դպրոցներ, հիվանդանոցներ, որբանոց-մանկատներ, դեղատներ և այլն:
Իրենց գործունեության ծավալներով և իրականացրած ծրագրերի համազգային բնույթով առավել հայտնի են հայկական բարեգործական հետևյալ կազմակերպությունները և հիմնադրամները:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԲԸՄ)
Հիմնադրվել է 1906 թ-ին Կահիրեում՝ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի մի խումբ ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ: 
1940 թ-ից ՀԲԸՄ վարչական կենտրոնը Նյու Յորքում է: Ներկայումս ՀԲԸՄ մասնաճյուղեր են գործում 22 երկրի մոտ 80 քաղաքներում: 2002 թ-ից ՀԲԸՄ նախագահն է Պերճ Սեդրակյանը:
Մեծ եղեռնի ու հետագա տարիներին ՀԲԸՄ-ն հիմնականում զբաղվել է հայ որբերին ու գաղթականներին տեղավորելու և առաջնահերթ օգնության հարցերով, ֆինանսավորել է նրանց՝ Լիբանանում ու Սիրիայում բնակելի տներ, գյուղեր կառուցելու համար: Մասնակցել է սփյուռքահայերի 1920–30-ական թվականների ներգաղթի կազմակերպմանը:
ՀԲԸՄ-ի ազգապահպան գործունեությունն առավել արդյունավետ է դարձել Ալեք Մանուկյանի նախագահության օրոք: Ներկայումս Միության հովանավորությամբ Սփյուռքում գործում են 33 ամենօրյա, բազմաթիվ շաբաթօրյա դպրոցներ, մշակութային կենտրոններ, երիտասարդական, մարզական, երաժշտական, թատերական և այլ խմբեր:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն կազմակերպել է սննդի, հագուստի, դեղորայքի և այլ պարագաների տեղափոխումը աղետյալ շրջաններ: 1990 թ-ին Երևանում բացվել է նրա ներկայացուցչական գրասենյակը: Միությունը Գյումրիում կառուցել է սառցամթերանոց, նորոգել Արվեստի ակադեմիայի շենքը, Երևանում հիմնել է պլաստիկ վերականգնողական վիրաբուժության, գերձայնային հետազոտությունների բժշկական կենտրոնները, 1991 թ-ին  բացել է Հայաստանի ամերիկյան համալսարանը, Սբ Էջմիածնի հետ համատեղ ծավալել է եկեղեցաշինական գործունեություն, հատկացումներ է անում Մատենադարանին, ՀՀ ԳԱԱ-ին, մի շարք բուհերի, ֆինանսավորում մշակութային, կրթական, գիտական, հրատարակչական բազմաթիվ ծրագրեր ու ստեղծագործական խմբերի: 1999 թ-ից ՀԲԸՄ-ն հովանավորում է Երևանում պարբերաբար անցկացվող Համահայկական խաղերը և Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովները:

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀՕՄ)
Կանանց բարեգործական կազմակերպություն է: Հիմնադրվել է 1910 թ-ին՝ ՀՀԴ գործիչ Է. Ակնունու ջանքերով՝ ԱՄՆ-ի հայ կանանց տարբեր կազմակերպությունների միավորմամբ, և կոչվել է ՀՀԴ Կարմիր խաչ: ՀՕՄ է անվանվել 1946 թ-ից:
ՀՕՄ-ը 28 երկրում ունի 200 մասնաճյուղ՝ ավելի քան 18 հզ. անդամուհիներով: Կենտրոնատեղին Ուոթըրթաունում է (ԱՄՆ), ունի իր պաշտոնաթերթը:
 Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) և հետագա տարիներին ՀՕՄ-ը Կովկասում և այլ վայրերում ապաստանած գաղթականների համար կազմակերպել է հատուկ հանգանակություն ու հանդերձահավաք, ռազմաճակատ է ուղարկել գթության քույրերի, օժանդակել 1924 թ-ի ներգաղթին, 1926 թ-ի Լենինականի երկրաշարժից տուժածներին և այլն, տարբեր երկրներում բացել է հայկական դպրոցներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) տարիներին նույնպես դրամական միջոցներով, դեղորայքով, հագուստով, սննդամթերքով օգնել է Հայաստանի կարիքավորներին:
1946 թ-ից կազմակերպությունը գործունեություն է ծավալել հիմնականում Մերձավոր Արևելքի երկրներում: 2008 թ-ին ՀՕՄ-ի ավելի քան 80 մեկօրյա դպրոցներ են գործել Ֆրանսիայում, Իրանում, Կանադայում, ԱՄՆ-ում:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո ՀՕՄ-ը հիմնել է Հայաստանի երկրաշարժի աղետյալների օգնության ֆոնդը, 1991 թ-ին ՀՀ-ում ստեղծել է իր շրջանային կազմակերպությունը՝ Հայ օգնության խաչը (ՀՕԽ), որի մասնաճյուղերը գործում են ՀՀ ավելի քան 40 բնակավայրերում, Արցախում: Հայաստանում իրականացվող ծրագրերի համար ՀՕՄ-ը ծախսել է ավելի քան 25 մլն դոլար:

ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
Հիմնել են Միհրան և Զաբել Կարագյոզյանները 1921 թ-ին Նյու Յորքում՝ ի հիշատակ իրենց վաղամեռիկ որդու՝ Հովարդի: Հաստատության բարեսիրական գործունեությունն իրականացվել է նախ` Կոստանդնուպոլսում, ապա՝ Ֆրանսիայում և այլուր: Հաստատությունը 1992 թ-ից հիմնադրվել և պաշտոնապես գրանցվել է նաև Հայաստանում: 1993 թ-ից Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում, Գորիսում, Վանաձորում բացվել են ատամնաբուժարաններ և ակնաբուժարաններ: Հաստատությունը մեծ օգնություն է ցուցաբերել Նոր Խարբերդի, Գյումրու, Երևանի «Նորք» մանկատներին, Գորիսի գիշերօթիկ դպրոցին և այլն:

ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ (ԳԳՀ)
Հիմնադրվել է 1956 թ-ին Լիսաբոնում՝ հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Գալուստ Գյուլբենկյանի (1869–1955 թթ.) կտակի համաձայն: Հիմնարկության նպատակը գիտության, կրթության, առողջապահության և արվեստի զարգացմանն աջակցելն է: 
Կտակում նշված է միայն Սբ Էջմիածնի Մայր տաճարի նորոգման համար 450 հզ. դոլարի հատկացման մասին: Սակայն կտակարար մարմնի անդամ Գևորգ Եսայանի՝ Գալուստ Գյուլբենկյանի դստեր ամուսնու ջանքերով հետագայում հիմնարկությունում բացվել է նոր՝ Հայկական համայնքների բաժանմունքը (1984 թ-ից տնօրենը դոկտոր Զավեն Եկավյանն է): Բաժանմունքի տարեկան բյուջեն շուրջ 4 մլն դոլար է, որը կանոնավորապես բաշխվում է Սփյուռքի և Հայաստանի (1964 թ-ից) գիտական, առողջապահական, կրթական և մշակութային կազմակերպություններին: 1988 թ-ին բյուջեից 1 մլն դոլարի լրացուցիչ օգնություն է հատկացվել երկրաշարժից տուժած շրջաններին:
ԳԳՀ-ի միջոցների գերակշիռ մասը տրամադրվում է Պորտուգալիայում և  այլ երկրներում մարդասիրական բազմաբնույթ ծրագրերի իրականացման համար:

ՋԻՆԻՇՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ (ՋՀՀ)
Ստեղծել է Վարդան Ջինիշյանը 1966 թ-ին ԱՄՆ-ում՝ ի հիշատակ իր ծնողների: Հիմնադրամի նպատակն է Մերձավոր Արևելքի հակամարտության և անկայուն շրջանների կարիքավոր հայերին օգնելը: 1993 թ-ից ՋՀՀ-ն գործունեություն է ծավալել նաև Հայաստանում՝ հիմնականում  համայնքների և գործարարության զարգացման, առողջապահության, մարդասիրական օգնության ու բնակարանաշինության ոլորտներում: 1993 թ-ից ՋՀՀ-ն Հայաստանում իրականացրել է ավելի քան 430 բարեգործական ծրագրեր:

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ (ՀՕՖ)
Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի բարեգործական կազմակերպությունն է: Ստեղծվել է 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո՝ Նյու Յորքում: ՀՕՖ-ի գործունեությունը համակարգում է տնօրենների խորհուրդը: Առաջին խոշոր ձեռնարկումը Ստեփանավանի «Սուրբ Վարդան» բնակելի թաղամասի կառուցապատումն էր: Կազմակերպությունը նպաստել է հանրապետության նախադպրոցական համակարգի՝ մսուր-մանկապարտեզների պահպանմանը, գիշերօթիկ դպրոցների, մանկատների և ծերանոցների բնականոն կենսագործունեությանը: 1996 թ-ին՝ Գյումրիում, 1997 թ-ին Ստեփանակերտում բացվել են ՀՕՖ-ի ներկայացուցչությունները: Իրականացվել են դպրոցաշինական ծրագրեր, հիմնովին նորոգվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, վերանորոգվել և գործարկվել է թափառաշրջիկ ու մուրացիկ երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնի մասնաշենքը Երևանի Զեյթուն թաղամասում և այլն: 
ՀՕՖ-ը նպաստում է նաև ՀՀ-ում գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության և մշակույթի զարգացմանը: Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն ավելի քան 200 մլն դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանին: 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (ՀՀՀ)
Ստեղծվել է 1992 թ-ին՝ աշխարհասփյուռ հայ բարերարների ներդրումներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահն է: ՀՀՀ-ն տեղական մարմիններ ունի 10-ից ավելի երկրներում, որոնք համագործակցում են գործադիր վարչության հետ և հաշվետու են հոգաբարձուների խորհրդին: Հիմնադրամի միջոցներով կառուցվել կամ վերանորոգվել է 464 կմ երկարությամբ ճանապարհային ցանց Հայաստանում և Արցախում, 212 կմ ջրագիծ կամ ջրամատակարարման համակարգ, 44 կմ գազատար, 106 դպրոց և մանկապարտեզ, 34 առողջապահական հաստատություն, 21 մարզական ու մշակութային կենտրոն, իրականացվել են ավելի քան 85 կրթամշակութային և գիտական ծրագրեր: 2007 թ-ի դեկտեմբերի տվյալներով` ծախսվել է 185 մլն ԱՄՆ դոլար: Ընթացքի մեջ է 169 կմ երկարությամբ Արցախի «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը: Հիմնադրամի Գյուղական զարգացման ծրագիրը մեծապես աջակցում է գյուղական բնակավայրերում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը:
Հիմնադրամի միջոցները հավաքվում են ամենամյա հեռուստա- և հեռախոսամարաթոնների միջոցով:

1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանում իրենց գրասենյակներն են բացել նաև մի շարք միջազգային բարեգործական կազմակերպություններ՝ «Վորլդ Վիժն Հայաստան» (1988 թ.), «ՍՕՍ-Քինդերդորֆ Ինտերնացիոնալ» (1989 թ., ՍՕՍ-Մանկական գյուղեր), «Սեյվ դը Չիլդրեն Ֆեդերեյշն ինկ.» (1993 թ., Փրկենք երեխաներին), ստեղծվել են բարեգործական-հասարակական նոր կազմակերպություններ, հիմնադրամներ՝ «Օրրան» (2000 թ., Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյաններ), «Զանգակատուն» (2006 թ., Թուֆենկյան հիմնադրամ) և այլն՝ ծանր կացության մեջ հայտնված մուրացիկ, թափառաշրջիկ երեխաներին պաշտպանելու, նրանց կրթությունն ու զարգացումը ապահովելու, միայնակ և կարիքավոր ծերերին, ծայրահեղ անապահով ընտանիքներին օգնելու նպատակով:
Բարեգործական տարբեր ծրագրեր են իրականացվում ՀՀ-ում գործող բազմաթիվ հաստատություններ, որոնց մեջ վերջին տարիներին առավել աչքի է ընկնում «ՎիվաՍել»-ՄՏՍ ընկերությունը:
 Տես նաև Ազնավուր Շառլ:
   Բարեգործության պատմության մեջ ամենախոշոր ակցիան կատարել է ամերիկացի մեծահարուստ Ուորեն Բաֆետը 2006 թ-ին: Նա, որ 2008 թ-ին իր 62 մլրդ դոլար կարողությամբ աշխարհում առաջինն էր, այդ գումարի 37 մլրդ դոլարը հատկացրել է բարեգործական հիմնադրամների:
   Իր կարևորությամբ և գործունեության ընդգրկունությամբ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունն ամենախոշոր հաստատությունն է Եվրոպայում և աշխարհի նույնանման կենտրոնների տասնյակում է: Միջազգային կապեր ունի 75 երկրի հետ: