 | Գարիբալդի Ջուզեպպե 1807 թ., ք. Նիս, Ֆրանսիա 1882 թ., Կապերա կղզի, Իտալիա |
 | Ջ. Գարիբալդիի ձիարձանը Բոլոնիայում |
Իտալիայի ժողովրդական հերոս, գեներալ, իտալական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդին դեռևս իր կենդանության օրոք առասպելական հերոս էր ոչ միայն իտալացիների, այլև բոլոր ճնշված ժողովուրդների, այդ թվում՝ հայերի համար: Ժամանակի հայ մամուլը և մեծերը բացառիկ դրվատանքով են խոսել Գարիբալդիի մասին:
Ջուզեպպե Գարիբալդին Իտալիայի ազատագրման պայքարի մեջ ներգրավվել է 1833 թ-ին՝ հարելով «Ռիսորջիմենտո» («Վերածնունդ») կազմակերպության հեղափոխական թևին: 1834 թ-ին մասնակցել է Ջուզեպպե Մաձինիի Սավոյական արշավանքին: Հեռակա դատապարտվելով մահապատժի՝ Գարիբալդին հեռացել է Հարավային Ամերիկա, որտեղ ավելի քան 10 տարի մասնակցել է տեղացիների ազատագրական պայքարին՝ ընդդեմ Իսպանիայի: 1848–49 թթ-ի ազգային հեղափոխության սկզբին վերադարձել է Իտալիա, կազմակերպել կամավորական ջոկատ և մասնակցել ավստրա-իտալական պատերազմին: Իր իսկ առաջարկով 1849 թ-ի փետրվարի 9-ին հռչակված Հռոմի Հանրապետության ղեկավար գործիչներից էր: Հանրապետության անկումից հետո՝ 1849 թ-ին, նորից տարագրվել է: 1859 թ-ի ավստրա-իտալա-ֆրանսիական պատերազմի ժամանակ կազմակերպել է կամավորական (ալպիական հրաձիգների) կորպուս, հաղթական մարտեր մղել Լոմբարդիայում: 1859–60 թթ-ի իտալական հեղափոխության օրերին, գլխավորելով «Կարմիր շապկավորների հազարյակ» ջոկատը, ազատագրել է Սիցիլիան: Այնուհետև գրավել է Նեապոլը, վերացրել Բուրբոնների իշխանությունը Հարավային Իտալիայում և Հռոմն ազատագրելու զինված փորձեր արել (1862, 1867 թթ.): 1866 թ-ին կամավորների ջոկատով մասնակցել է ավստրա-իտալական պատերազմին, որի շնորհիվ Վենետիկը միացել է Իտալիային: Գարիբալդին համակրանքով էր վերաբերվում հունգարների, լեհերի, հույների ազգային-ազատագրական շարժումներին: 1870 թ-ին ֆրանսիացիների հետ մասնակցել է ֆրանս-պրուսական պատերազմին, ողջունել Փարիզի կոմունան, ընտրվել Ազգային գվարդիայի կենտկոմի կազմում, օգնել է Իտալիայում կազմակերպելու I ինտերնացիոնալի բաժանմունք: 1943–45 թթ-ին Իտալիայի ազատագրման Դիմադրության շարժման հարվածային պարտիզանական խմբերը Գարիբալդիի անունով կոչվել են Գարիբալդիական բրիգադներ:
|