Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գյուրջյան Հակոբ
 1881 թ., Շուշի 
1948 թ., Փարիզ
«Հաղթանակ» (1923 թ.)
Հակոբ Գյուրջյանը հայ իրականության մեջ առաջինն է ստեղծել բազմաժանր արձանագործություն, օժտել այն թեմատիկ բազմազանությամբ, գեղարվեստական ընդհանրացումներով և դուրս բերել համաշխարհային ասպարեզ: Նրա արվեստում ինքնատիպորեն միահյուսվել են 
Արևելքի հնագույն և եվրոպական նոր արվեստների ավանդույթները:

Հակոբ Գյուրջյանը սովորել է Շուշիի և Մոսկվայի ռեալական ուսումնարաններում: 1899 թ-ին Մոսկվայում ընդունվել է Ֆիդլերի քանդակագործական մասնավոր արվեստանոցը, 1907–10 թթ-ին սովորել է Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում, ապա հաճախել Օգյուստ Ռոդենի արվեստանոցը: 1908 թ-ից մասնակցել է Փարիզում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պրահայում և այլուր կազմակերպված ցուցահանդեսների: 
Գյուրջյանն ստեղծել է 300-ից ավելի աշխատանքներ՝ դիմաքանդակներ, այլաբանական, պատմական, կրոնական, դիցաբանական կերպարներ, անիմալիստական (կենդանիներ պատկերող) գործեր: Ստեղծագործական վաղ շրջանում կրել է Ռոդենի ազդեցությունը. գործերից են «Վար», «Հայ գեղջկուհիներ» բարձրաքանդակները, Արշակ Չոպանյանի, Մաքսիմ Գորկու դիմաքանդակները, «Գաղթ» կոմպոզիցիան, «Քնած դևը», «Մահացող Քրիստոսը» կիսանդրիները: 
1915–21 թթ-ին Գյուրջյանն ապրել է Մոսկվայում. ստեղծել է Ֆեոդոր Շալյապինի, Սերգեյ Ռախմանինովի, Լյուդվիգ վան Բեթհովենի կիսանդրիները: Կարճ ժամանակով եղել է Թիֆլիսում. կերտել է Անդրանիկի, Ալեքսանդր Շիրվանզադեի դիմաքանդակները: 1919–20 թթ-ին ստեղծել է Վահան Տերյանի և Անատոլի Լունաչարսկու կիսանդրիները: 1921 թ-ից ստեղծագործել է Փարիզում, մասնակցել բազմաթիվ խոշոր ցուցահանդեսների: Գործերը ցուցադրվել են Տոկիոյում, Օսլոյում, Բրյուսելում և այլուր, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում, Փարիզում: 
1920-ական թվականներին Գյուրջյանի ստեղծագործության մեջ գերակշռել են դիմաքանդակները. հեղինակը կարևորել է նյութի բազմազանությունը, ընդլայնել պլաստիկ արտահայտչականության սահմանները, հասել կերպարի բազմակողմանի բացահայտման. նշանակալի են «Օրիորդ Էդգար Բ.», «Գեորգի Յակուլով», «Մարտիրոս Սարյան», «Գարեգին Հովսեփյան», «Լևոն Կորգանով» և այլ գործեր: 1960-ական թվականներին Երևանում քանդակագործի կերտած Մ. Գորկու դիմաքանդակը դրվել է գրողի անվան դպրոցի  (այժմ` Լևոն Շանթի անվան) բակում: 
Գյուրջյանի կերտած դիցաբանական, պատմական, այլաբանական-խորհրդանշական կերպարների պլաստիկական հնարանքներն արտահայտվել են բարձրաքանդակի, հարթաքանդակի, ինչպես և դեկորատիվ արվեստի տարբեր ձևերով. լավագույն գործերից են՝ «Լեդա», «Դիանա», «Հաղթանակ», «Կլեոպատրա», «Սալոմե», «Կարիատիդ» և այլն: Կյանքի վերջին տարիներին նա ստեղծել է անիմալիստական քանդակների մեծ շարք. «Սիամի կատուն», «Աղվեսը», «Մուրացիկ կապիկը», «Ռակ շունը», «Դոգը»:
Հ. Գյուրջյան. «Գարեգին Հովսեփյանի դիմաքանդակը» (1935 թ.)
«Սալոմե» (1925–26 թթ.)

   1958 թ-ին Գյուրջյանի այրին Հայաստանին է նվիրել քանդակագործի 400 ստեղծագործություն, 1963 թ-ին փարիզաբնակ Հակոբ Առաքելյանը՝ 42, 1995 թ-ին շվեյցարահայ Չամքերթենների ընտանիքը՝ 10 քանդակ: 1959 թ-ից Գյուրջյանի գործերը մշտական ցուցադըրմամբ ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահի առանձին դահլիճում: