Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գովազդն ապրանքների և ծառայությունների սպառողական հատկությունների մասին տեղեկություն է՝ նրանց նկատմամբ պահանջարկ առաջացնելու, գրականության, արվեստի և այլ ոլորտների ստեղծագործությունները տարածելու նպատակով:

Մեր օրերում առանց գովազդի դժվար է պատկերացնել ռադիո- և հեռուստաեթերները: Գովազդը և գովազդային պաստառներն ամենուր են՝ մամուլում, քաղաքների հրապարակներում ու փողոցներում: Գովազդը հեղեղել է ողջ շուկան, ընդգրկել մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառները:
Գովազդը լինում է ուղղակի (անձամբ կամ փոստով հանձնվող գովազդային նյութեր, նամակներ, թերթիկներ), մամուլում (թերթեր, ամսագրեր, տեղեկատուներ), ռադիոյով, տպագիր միջոցներով (կատալոգներ, բուկլետներ, օրացույցներ), էկրանային (կինո, հեռուստատեսություն), համացանցում (ինտերնետ), արտաքին (ցուցափեղկեր, պլակատներ), տրանսպորտային (փոխադրամիջոցների վրա կամ ներսում, կայարաններում, օդանավակայաններում), հուշանվերների տեսքով (ինքնահոսներ, թղթապանակներ, բացիկներ) և այլն:
Հայտնի է նաև այսպես կոչված վիրուսային գովազդը, որը տեղեկության փոխանցումն է խոսակցության, բանավոր լուրի տեսքով:
Գովազդը կարող է նաև տեղեկություններ հաղորդել երկրների տեսարժան վայրերի, ավիաուղիների մասին,  ծանոթացնել քաղաքական, մշակույթի գործիչների, նշանավոր մարզիկների գործունեությանը և այլն:
Գովազդն արդյունաբերական խոշոր բնագավառ է՝ կապուղիներով և այլ եղանակներով տեղեկատվության  իրականացման գործընթաց, որտեղ  կան և՜ ֆինանսական, և՜ քաղաքական շահեր: Տարբերում են գովազդի հետևյալ հիմնական տեսակները.
- առևտրային գովազդ,
- սոցիալական գովազդ, որն ուղղված է բարեգործական և հանրօգուտ ծրագրերի, ինչպես նաև պետական հետաքրքրությունների իրականացմանն աջակցելուն,
- քաղաքական գովազդ, որի նպատակը քաղաքական կուսակցությունների հետաքրքրությունների և ծրագրերի գովազդումն է: Նախընտրական նպատակներով կատարվող գովազդը կոչվում է քաղաքական քարոզչություն: 
Գովազդի ոլորտում զբաղված են բազմահազար մարդիկ՝ գրողներ, նկարիչներ, լուսանկարիչներ, դերասաններ, ռեժիսորներ, վաճառողներ: Նրանք աշխատում են գովազդային գործակալություններում և ջանում են գովազդվող ապրանքը գնորդի համար դարձնել առավել գրավիչ: 
Գովազդը, որպես կանոն, կարգավորվում է օրենքով. սահմանվում են գովազդի ծավալը, տարածման եղանակներն ու միջոցները, իրականացման ժամանակը, և արգելվում է կեղծ, անորակ, անբարո և  այլ անհարկի գովազդը: Գովազդային գործունեություն կարող են իրականացնել միայն արտոնագիր ունեցող գործակալությունները: 
Օրենքով սահմանվում են նաև կեղծ և անորակ գովազդից սպառողի պաշտպանության իրավունքները:
Արգելվում է նաև այսպես կոչված թաքնված գովազդը: Դա գովազդի տեսակ է, որն իբրև գովազդ չի մատուցվում, բայց տեղադրվում է տեղեկատվական, խմբագրական կամ հեղինակային նյութի տեքստում՝ քողարկված տեսքով: Հեռուստատեսությունում կամ կինոնկարներում տարածված է 25-րդ կադրի տեսքով կատարվող քողարկված գովազդ, որն օրենքով արգելվում է, չնայած այն դժվար է բացահայտել, և պատժամիջոց չի սահմանված:
Կարևոր է նաև, թե ո՞ւմ է հասցեագրված գովազդը՝ ընտանիքին, տղամարդուն, կնոջը, երեխաներին, թե՞ ձեռնարկություններին, արտադրանքի ի՞նչ տեսականի է գովազդվում՝ սննդամթերք, պերճանքի առարկաներ, էլեկտրատեխնիկա, տեղեկություններ բանկերի մասին և այլն: 
Յուրաքանչյուր անձ պիտի սովորի ու կարողանա ճիշտ օգտվել գովազդի աշխարհից: