Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դալի Սալվադոր
1904 թ., ք. Ֆիգերաս, Իսպանիա
1989, ք. Ֆիգերաս
Ս. Դալիի տուն-թանգարանը (բացվել է 1974 թ-ին) Ֆիգերասում
Իսպանացի նկարիչ, քանդակագործ Սալվադոր Դալին 
սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է: 

Սալվադոր Դալին սովորել է Ֆիգերասի նկարչական դպրոցում, 1921– 1926 թթ-ին՝ Մադրիդի Սան Ֆեռնանդո գեղարվեստի ակադեմիայում (1926 թ-ին հեռացվել է ըմբոստ պահվածքի պատճառով): 1916 թ-ին Դալին առաջին անգամ ծանոթացել է մոդեռն արվեստին, իսկ 1919 թ-ին բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը: 1926 թ-ին Դալին մեկնել է Փարիզ, ծանոթացել նկարիչ Պաբլո Պիկասսոյի հետ, կրել է նրա ազդեցությունը և նրան համարել իր երկրորդ հայրը: Մտերիմ էր նաև իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելի հետ. Դալին նրա «Անդալուզյան շունը» (1928 թ.), «Ոսկե դարը» (1930 թ.) ֆիլմերի համահեղինակն է: 1929 թ-ին Դալին միացել է գրող Անդրե Բրետոնի ստեղծած սյուրռեալիստների խմբին: Նա հակադրվել է ձախակողմյան սյուրռեալիստներին, 1936 թ-ին հեռացվել է խմբից, որին պատասխան՝ Դալին ասել է. «Սյուրռեալիզմը ես եմ»: 
1940–48 թթ-ին նկարիչն ապրել է ԱՄՆ-ում: 1942 թ-ին լույս է տեսել նրա «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» ինքնակենսագրական գիրքը: Հետագայում վերադարձել է Իսպանիա և մինչև կյանքի վերջն ապրել Կատալոնիայում: Դալիի կտակի համաձայն՝ նրան հուղարկավորել են Ֆիգերասի իր թանգարանի ներսում, այնպես, որ մարդիկ կարողանան քայլել նրա գերեզմանի վրայով:
Դալիի նկարների մեծ մասում պատկերված են մղձավանջային ուրվատեսիլներ, որտեղ հակաբնական իրավիճակներն ու իրերի անհեթեթ համադրումներն ունեն երևութական իրականություն և վավերականություն («Անտեսանելին», 1929 թ., «Հիշողության հարատևություն», 1931 թ., «Բոցավառվող ընձուղտը», 1935 թ., «Նարգիզի փոխակերպումը», 1936–37 թթ. և այլն): Նրա «Աշնանային մարդակերություն» նկարը համեմատել են Պ. Պիկասսոյի «Գեռնիկա» ստեղծագործության հետ: Դալին պատկերել է նաև կրոնական թեմաներ՝ դասական կոմպոզիցիայի կառուցվածք ներմուծելով ցնորական արտասովորություն: Հայտնի է նրա «Խորհրդավոր ընթրիք» (1955 թ.) կտավը, որտեղ նկարիչը մոդեռն ոճի սկզբունքներով համադրել է բուն ընթրիքը, Քրիստոսի քայլելը ջրի վրայով, խաչելությունը և աղոթքը Հուդայի դավաճանությունից առաջ: Դալին իր պատկերներում փորձել է Աստծուն գտնել շրջապատող աշխարհում և իր մեջ:
Ս. Դալի. «Աշխարհաքաղաքացի մանուկը, որ հետևում է նոր մարդու ծննդին» (1943 թ.)
Ս. Դալի. «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» (1946 թ.)
«Խորհրդավոր ընթրիք» (1955 թ.)






   «Ես միշտ տեսել եմ այն, ինչ ուրիշները չեն տեսել, իսկ ինչ ուրիշներն են տեսել, ես չեմ տեսել»:
Ս. Դալի
   Սալվադոր Դալին 1961 թ-ին ձևավորել է «Չուպս» կարամելի ձեռնարկության կոնֆետի թուղթը՝ «Չուպա-չուպս» երիցուկով, որն այժմ էլ ամբողջ աշխարհում ճանաչված է որպես այդ կարամելի լոգոտիպ: